Բանավեճային մշակույթի էական բաժինը

Ավարտվեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղը կուղղվի դեպի ընտրատեղամաս և դեպի քվեատուփ` կատարելու իր քաղաքացիական իրավունքն ու պարտավորությունը` ընտրելու իրեն ներկայացնող խորհրդարանը:
 

Ձևավորվելիք խորհրդարանի բաղադրության, բաղադրատարրերի յուրահատկության և ընդհանրապես այն կազմող ուժերի դավանած աշխարհահայացքի, գաղափարաբանության և քաղաքական դիրքորոշումների մասին այժմվանից կանխատեսումնային պատկերացումներ փոխանցելը ճիշտ չէ: Որքան էլ վիճակագրական տվյալները ընդհանուր պատկերացումներ փոխանցեն, որքան էլ քաղաքական սթափ գնահատականը որոշակի պատկերացում տա խորհրդարանի ձևավորման մասին, այսուհանդերձ կանխորոշման գործոնի բացարձակությամբ չպետք է առաջնորդվել:
 
Ժողովրդավարական երկրներին հարիր չեն բացարձակ կանխորոշումները: Ընտրության արդյունքները ժողովրդավարական հասկացողությամբ պետք է ունենան որոշակիորեն և իրենց չափով` հանկարծակիության գործոնի հնարավորությունը:

Կարելի է նշել մի քանի դիտարկումային արձանագրումներ:

Նախ, իհարկե չի կարելի ժխտել, որ բանավիճային մշակույթը թեկուզ ոչ ակնկալված տարողությամբ, այսուհանդերձ համարձակ քայլերով զգալի դարձավ Հանրապետությունում: Հատկապես հեռուստաբանավիճային հաղորդումները նպաստեցին քաղաքացու տեղեկացվածության աստիճանաչափի բարձրացմանը: Հեռուստակայաններից հետ չընկան նաև էլեկտրոնային այն կայքերը, որոնք որոշ ժամանակ առաջ հաստատել էին համացանցային հեռուստացույցի դրույթները և ակտիվորեն քայլ կատարեցին ընտրական մշակույթի նորարար ոճի առարկայացման ընթացքում:

Բնականաբար թե՛ հեռուստացույցի և թե՛ կայքերի այս արտադրանքների հասանելիությունները բազմապտակվեցին սոցցանցերի միջոցով` ոչ միայն առաջին անգամ հետևելու կարելիության ընձեռմամբ, այլ նաև վերադիտումների առիթ տալով: Այստեղ արդեն քաղաքացին կամ օգտատերը կրավորական հետևողից անցում կատարեց դեպի քննարկողի, տեսակետ հայտնողի կարգավիճակ:

Լեզվակռիվը, հռետորական փոխհրաձգությունը շատ դեպքերում տիրական երևույթի վերածվեց այս քննարկումների ընթացքում. գաղափարականությունն ու ծրագրայնությունը հաճախ զիջեցին առաջին երևույթին: Այսուհանդերձ` նկատելի պարագաների ինչպես ներքին, ներհայաստանյան հարցերի, այնպես նաև համահայկական գործընթացների մասին բոլոր ուժերը հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց նախընտրական ծրագրերում ներառված հիմնադրույթները:
Եկամտահարկից մինչև հարկելու կամ չհարկելու համար աշխատավարձերի կամ շահույթների շեմերի ճշտման պահանջները, ներդրումային դաշտի կայացման համար տարբեր պատկերացումները, կրթակարգին վերաբերող խնդիրները, առողջապահության, թոշակի և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումները կազմեցին ներհայաստանյան խնդիրների արծարծման առանցքները: Արցախյան հակամարտության, պաշտպանության խնդիրների ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վայրիվերումները արտաքին քաղաքականության այն գերակա ուղղություններն էին, որոնց շուրջ ընթացան թեժ բանավեճերը:

Ժողովրդավարական կարգերի ավանդություն կերտած երկրների դեպքում` բանավեճերին առընթեր, անմիջականորեն տեղի ունեցան մասնակցող ուժերի վարկանիշերի նոր գրանցումներ: Այնտեղ տատանումները ակներև են և յուրաքանչյուր բանավեճ նկատելի ազդեցություն է ունենում տվյալ ուժի վարկանիշի բարձրացման կամ անկման վրա:

Այստեղ է, որ քաղաքացիական տեղեկացվածությունն ու դատողությունը իբրև նախընտրական մշակույթի կարևոր բաղադրիչ, անհրաժեշտ է, որ աշխատեն նպատակային:

Պարզ է միաժամանակ, որ ամեն ինչ հանգրվանային ու փուլային է. նաև`այս դեպքում: Բանավեճերը կիմաստավորվեն, եթե դրանց հաջողվի  քանդել կարծրատիպերը. փոխվեն ամեն գնով ընդդեմի համոզվածությամբ դիրքորոշվելու մոտեցումները և հետհզհետե սկսեն զանգվածայնանալ բանավեճերին առընթեր վարկանիշերի և քարացած իրավիճակի փոփոխության միտումները: Իսկ այդ վարկանիշերի բարձրացումն ու անկումը
ժողովրդավարական հասկացողությամբ և 21-րդ դարի տեղեկացված քաղաքացիական հասարակարգին համարժեք` անմիջականորեն առնչություն ունեն կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացրած հայեցակարգերի գաղափարակայնությամբ և ծրագրայնությամբ ելևէջող նշաձողերի հետ:

 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր