Ռուս պատգամավորները մասնակցել են Բաքվում հակահայկական երթին

ԻՆՉՊԵՍ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում Խոջալու քաղաքում զոհվածների հիշատակին նվիրված մեծ երթ, որին, Ադրբեջանի ղեկավարությունից զատ, մասնակցել է նաև խորհրդարանական պատվիրակություն Ռուսաստանից։
 
Ո՞րն է խնդիրը
 
Տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչությունը փորձում է 1992 թվականի փետրվարի վերջին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը ներկայացնել որպես հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած ցեղասպանություն։ Ընդ որում, ադրբեջանցիները հայերին են վերագրում սարսափելի վայրագություններ՝ միջազգային հանրությանը չներկայացնելով ընդհանուր պատերազմական համատեքստը, հայերի կողմից Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության համար բացված հումանիտար միջանցքները և ադրբեջանական քաղաքներում հայերի զանգվածային կոտորածներն ու հալածանքները։
 
Չանդրադառնալով Խոջալուի պատմությանը և դրա վերաբերյալ բազմաթիվ փորձագիտական կարծիքներին, նշենք միայն, որ ադրբեջանական կողմը լրջագույն ռեսուրսներ է ծախսում այդ դեպքերի իր վարկածը միջազգային հանրությանը հրամցնելու համար, իսկ հայկական կողմը մեծ ջանքեր է գործադրում այդ քարոզչությանը հակազդելու համար։ 2019 թվականի փետրվարի 26-ին Բաքվում իրականացված երթը Խոջալուի դեպքերի աղավաղված մեկնաբանությունը հանրությանը ներկայացնելու ամենամեծ փորձերից մեկն էր, որին մասնակցել են նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի մի շարք պատգամավորներ։
 
Ովքե՞ր են մասնակցել
 
Ռուսաստանի Պետական դումայի պաշտոնական կայքում Խոջալուին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Բաքու մեկնած պատվիրակության մասին հաղորդագրություններ չկան։ Երթին մասնակցած ռուսական պատվիրակության մասին գրում է ադրբեջանական մամուլը և որոշ ռուսալեզու պարբերականներ։
 
Ըստ այդմ, հայտնի է, որ Բաքվում վերոնշյալ երթին մասնակցել են ՌԴ Պետական դումայի միջազգային կապերի հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինան, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սավելևը, օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Միխայիլ Եմելյանովը, պատգամավորներ Օկսանա Պուշկինան, Տատյանա Ցիբիզովան, Դենիս Պարֆյոնովը և Ալեքսեյ Ժուռավլյովը։ Բացի դա, ինչպես հայտնի է դառնում Kavkaz-uzel.eu-ի ռեպորտաժից, նույն միջոցառմանը Բաքվում ներկա է եղել նաև ՌԴ Դաշնային խորհրդի՝ սոցիալական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Լյուդմիլա Կազլովան։
 
Ուշագրավ է, որ ռուսաստանցի այս պատգամավորներից ոմանք աչքի են ընկնում հստակ ադրբեջանամետ դիրքորոշմամբ կամ Հայաստանի վերաբերյալ կեղծ ու մանիպուլյատիվ հայտարարություններով։ Այսպես, օրինակ, Դմիտրի Սավելևը, որը Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի ղեկավարն է, պարբերաբար հանդես է գալիս դիրքորոշմամբ, ըստ որի՝ Ղարաբաղը «պետք է վերադարձվի Ադրբեջանին»։ 
 
ՌԴ ՊԴ պատգամավոր Օկսանա Պուշկինան, բացի փետրվարի 26-ին Բաքվում տեղի ունեցած երթը, մասնակցել է, օրինակ, Թուրքիայում Խոջալուի զոհերին նվիրված պուրակի բացմանը՝ Դմիտրի Սավելևի հետ միասին։
 
Հայաստանի մասին բավական անհեթեթ ու հերյուրանքներ պարունակող հայտարարություններով է աչքի ընկել Լյուդմիլա Կազլովան, որը Երևանում Գարեգին Նժդեհի արձանի բացման կապակցությամբ հայտարարել էր, թե Հայաստանում հերոսացնում են ֆաշիզմը։
 
Հայաստանի մասին բավական թյուր պատկերացումներ ունի նաև Միխայիլ Եմելյանովը, որի կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել Արևմուտքի օգնությամբ, և Հայաստանի իշխանությունները փորձում են վերադաստիարակել հայ հանրությանը և փոխել նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։
 
Առավել կարևոր են, սակայն, Իրինա Ռոդնինայի անձը և նրա ունեցած դիրքորոշումները։ Իրինա Ռոդնինան Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է։ Բաքվում անցկացված երթի ժամանակ նա հայտարարել է, որ ռուսաստանցիների 99 տոկոսը ոչինչ չգիտի Խոջալուի մասին, ուստի անհրաժեշտ է այդ մասին ֆիլմեր նկարահանել ու գրքեր գրել։
 
Հարկ է նշել նաև, որ խորհրդարանականներից զատ, ռուսաստանյան պատվիրակության կազմում Բաքու են մեկնել նաև մի շարք քաղաքագետներ, լրագրողներ և այլք։
 
Ինչպես է արձագանքել Հայաստանը
 
Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչությանը հայկական կողմը պատասխանում է հիմնավորմամբ, որ պատերազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության տարհանման համար բացված է եղել հումանիտար միջանցք, իսկ հայկական ուժերը չեն խոչընդոտել խաղաղ բնակչության հեռացմանը։
 
Ինչ վերաբերում է փետրվարի 26-ին Բաքվում անցկացված երթին ռուսական պատվիրակության մասնակցությանը, ապա դրան փետրվարի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի 453-րդ նիստի ժամանակ իր ելույթում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, տարակուսանք է հայտնել Բաքվում հակահայկական միջոցառմանը ռուս գործընկերների մասնակցության կապակցությամբ։ «Պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջև բարձր մակարդակի և դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը»,- ասել է Միրզոյանը։ ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը (նկատի ունի Ռոդնինային․- խմբ․):
 
Հայկական կողմի այս արձագանքն առաջին հերթին պետք է դիտարկել ոչ թե ադրբեջանական քարոզչությանը հակազդելու տեսակետից, այլ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթի շուրջ առկա մտահոգությունների համատեքստում։ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում հաճախ է դուրս գալիս դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից, և նման «հիշեցումները», ինչպես դա արել է Արարատ Միրզոյանը, միմիայն նպաստում են ռուսական կողմի զգոնությանը և ՀՀ ու ՌԴ միջև իրապես հավասար, որակյալ և դաշնակցային հարաբերությունների հաստատմանը։
 
Վահե ՂՈւԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»