Հայ-իրանական հարաբերությունները որպես Հայաստանի ինքնիշխանության «լակմուսի թուղթ»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ
 
Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն:
 
Նկատենք, որ 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի իրանյան այցի ընթացքում նույն ծրագրի մասին նույնպես հնչեցվեց հայտարարություն. «Մենք պատրաստ ենք մասնակցել դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին: ԵԹԵ համապատասխան քննարկումների արդյունքում դա շահավետ լինի շահագրգիռ ԲՈԼՈՐ կողմերին, ապա այդ ծրագիրը կարելի է իրականացնել»: Ակնհայտ է, որ այս ԲՈԼՈՐ կողմերի մասին «վերապահումը» վերաբերում էր Ռուսաստանին, և քանի որ համապատասպան թույլատվությունը չստացվեց, ապա և ոչ մի գործնական քայլ այս ուղղությամբ, ինչպես և սպասվում էր, չձեռնարկվեց:
 
Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ «ԲՈԼՈՐ շահագրգիռ կողմերի» համաձայնության մասին «վերապահումը», բացակայում է: Այս իմաստով, եթե համեմատենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի այցի ընթացքում հնչեցված հայտարարության հետ, ապա նկատելի է ինքնիշխանության ու արժանապատվության դրսևորուման ողջունելի առաջընթաց:
 
Հայտնի է, որ տարիներ շարունակ Հայաստանի ղեկավարությունը էներգետիկ քաղաքականության մեջ հանդես էր գալիս ոչ թե որպես Հայաստան ինքնիշխան երկրի շահերի ներկայացուցիչ այլ որպես Հայաստանում «Գազպրոմ» ընկերության տեղական «ադմինիստրացիա», որը տարիների ընթացքում այն դարձրեց գազի մատակարարման և բաշխման մեջ մենաշնորհային դիրքեր ունեցող և երկրի գազային ողջ ենթակառուցվածքը տնօրինող «դև» : Իսկ էներգետիկան անվտանգության հետ միասին, Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է տարածաշրջանում։
 
2013 թ․ դեկտեմբերին Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև ստորագրվեց տխրահռչակ գազային «պայմանագիրը»: Իրականում իրեն հարգող որևէ ինքնիշխան երկիր այն երբեք չէր ստորագրի, քանի որ սա ոչ թե պայմանագիր էր, այլ հպատակին ուղղված գաղութատիրական, ժողովրդական լեզվով ասած «ղազագիր», քանի որ ըստ այդ պայմանագրի Հայաստանն իրավունք չունի առանց «Գազպրոմի» համաձայնության գազային գործարք կնքել երրորդ պետության հետ, այսպիսով ինքնակամ դառնալով նրա «պատանդը»: Եվ սա այն պարագայում, երբ հարևան Իրանը, վերջին հետազոտությունների տվյալներով գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ պետությոնն է համարվում և պատրաստ է դառնալ մեր կարևոր գործընկերը։
 
Դրանից մի քանի տարի առաջ «Վարդերի» հեղափոխությունից հետո Վրաստանը և Իրանը առաջարկում էին կառուցվելիք հայ-իրանական գազամուղը դիտարկել տարանցիկ, ինչը Քոչարյանը մերժեց:
Էներգետիկայի հանգուցյալ նախարար Արմեն Մովսիսյանը, որի խոսքերը հայտնի դարձան Վիկիլիքսի շնորհիվ, ասել էր, որ Երևանը մի կերպ է հաղթահարել Ռուսաստանի դիմադրությունը գազամուղի կառուցման հարցում: Պարզ է, որ հաղթահարման գինը եղել է հենց Իրան-Հայաստան գազատար խողովակաշարի տրամագծը 1500 մմ-ից 750 մմ-ի իջեցնելը: Ընդ որում անգամ այդ թողունակության միայն մեկ երրերդն է օգտագործվել գործարկման այս տարիների ընթացքում:
 
Այսպիսով այս տարիների ընթացքում իրանյան գազի դեպի Վրաստան տարանցման բացակայության պատճառով Հայաստանի կորցրած պոտենցիալ շահույթը , ըստ քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի գնահատականների, հասնում է տարեկան մինչև 600 միլիոն դոլարի: Ահա միայն գազի ոլորտում ինքնիշխանության բացակայության մոտավոր տնտեսական գնահատականը:
 
Իրանի Իսլամական Հանրապետության համար ներկա փուլում, երբ Իրանի արտաքին գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է, Հայաստանի համար բացվում է տնտեսաքաղաքական անկախության ռազմավարական պատուհան:
 
Հուսանք «դուխը» կհերիքի և հայ-իրանական հարաբերություններին ռազմավարական խորություն հաղորրդող այս ծրագիրը թղթի վրա չի մնա, ինչպես նախորդ տարիների հայ-իրանական մի շարք այլ էներգետիկ և տրանսպորտային նախագծեր: