Հրադադարի 25-ամյակ. շփման գծի վերականգնում և մեխանիզմների կահավորում

Այժմեական կարգով 94-ի հրադադարի ամենահնչեղ շեշտադրումը կլինի ստորագրության եռակողմ  ձևաչափի իրողական և իրավական հանգամանքների արծարծումը, ինչը խոսում է արցախյան հակամարտության հանգուցալուծման հիմքի՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անշրջանցելիության մասին։
 
Այս առումով հրադադարի վերահաստատում կամ դեպի քաղաքական մեծ համաձայնություն տանող որևէ փաստաթուղթ չի կարելի պաշտոնականացնել առանց Ստեփանակերտի։ Թեկուզ միջանկյալ պայմանավորվածության տեսքով որևէ հետագա փաստաթուղթ պետք է կրի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների իրավաքաղաքական համաձայնությունը։
 
Երկրորդ, շարունակելով իրավական մասի վրա կենտրոնացումը անպայման անհրաժեշտություն կա լուսարձակի տակ բերել հրադադարի ստորագրությամբ ճանաչված շփման գիծը կամ ռազմաճակատային գիծը, որ խոսում է փաստացի սահմանների իրողական ճանաչման մասին։ Միջազգայնորեն ճանաչված շփման գծի խախտում է եղել հիմնականում ապրիլյան պատերազմին։
 
Եթե հրադադարը ուժի մեջ է, ուրեմն շփման գծի վերահաստատման հրամայական պիտի լինի։ Իսկ հրադադարի պահպանման համար ավելի քան անհրաժեշտ է մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների կահավորումը՝ միջազգային երաշխավորությամբ։ 
 
Խնդիրը նաև իրավականորեն մեկնաբանելն է, թե իրողական շփման գծի ընդունումով հրադադարն ու շփման գիծ խախտողը ինչ պատասխանատվություն կկրի և նման նախադեպեր կանխարգելելու համար միջազգային երաշխավորությամբ երկկողմ պայմանավորվածությունների կիրառումը՝ մեխանիզմների հաստատման առումով, արգելակողի նկատմամբ ինչ ասելիք կունենա միջազգային հանրությունը։
 
Իրավական հարթության վրա նախապատրատվելու օրակարգը անհետաձգելի է։ Տարբեր աշխարհագրական միջավայրերում և տարբեր պայմաններում բռնկված հակամարտությունների հանգուցալուծման համար ընթացող բանակցությունների ձևաչափերի ներկայացումը միանշանակ կհամոզի ինքնորոշված ժողովրդի և նրան ներկայացուցիչների՝ ամենաժողովրդավար եղանակներով ընտրված իշխանությունների մասնակցությունը ուղղակի անշրջանցելի պայման է։
 
Պետք է հիշել նաև այն, որ ապրիլյան հարձակումը սանձազերծելուց հետո հրադադար խնդրած ադրբեջանական կողմի հետ նոր փաստաթուղթ չի ստորագրվել։ Հետևաբար, ուժի մեջ է 1994-ի համաձայնագիրը, ինչը ինքնին ենթադրում է շփման գծի վերականգնումը։ Այս անհրաժեշտությամբ էլ բացատրվում է նոր պատերազմ, նոր տարածքներ բանաձևը։ Ագրեսիան կբերի նոր տարածքների ազատագրման, հետևաբար՝ նոր շփման տարածքներ վերագծման փաստին։
 
Հրադադարի 25-ամյակը հուշում է, որ ներկա փուլում բանակցությունները կենտրոնանալու են հրադադարի շփման գծի վերականգնման և որևէ նոր ագրեսիա կանխարգելելու համար մեխանիզմների կահավորման ժամանակացույցի ճշտման ուղղություններով։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր