ՎՐԵԺԻ ՄԵՐ ԲԱՆԱՁԵՎԸ

Աշխարհը հայազուրկ դարձնել չկարողացան

Ասում են՝ բոլոր այն դեպքերում, երբ թուրքերն իմացել են, որ իրենց դիմաց հայկական զորամիավորում է կանգնած, որքան էլ այն փոքրաքանակ է եղել, այդ պահից արդեն հոգու խորքում պարտված են եղել: Ու դա է պատճառը, որ բնությունից իրենց տրված ամբողջ խելքն օգտագործել են, որպեսզի հային կարողանան զրկել այս հնարավորությունից: 
 
Միլիոնավոր հայեր այսօր միասնական երթերի են դուրս եկել: Երթի դուրս գալով՝ բոլորս հասկանում ենք, որ Ցեղասպանության զոհերի հուշարձաններին բազմամարդ այցելությունները, զոհերի հիշատակը հարգելուն զուգընթաց, մեր միասնականությունն ու ապրելու կամքն են ցուցադրում: Մեզ թանգարանային նմուշ դարձնել ձգտող Թուրքիան ու նրա սազանդարները, հաստատ, այդ երթերին նայելիս հրճվանք չեն ապրում, նրանց կատաղեցնում է, որ այդքան հայ կա աշխարհում: Կա՛ ու հիշում է: Հիշում է ու այսօր արդեն՝ նաև պահանջում: 
 
Թե ինչ անմարդկային նախճիրներ են կատարվել ցեղասպանության տարիներին Թուրքիայում՝ հնարավոր չէ նկարագրել: Մեր օրերում արդեն գիտնականները հայտնագործել են, որ մարդու օրգանիզմում խորը հետք են թողնում նրա ազգականների տառապանքներն ու մահը, ինչպես նաև սասափելի ձայները, որոնք առաջանում են օրինակ պատերազմների ժամանակ: Թաքնագիտության տեսանկյունից սա հաստատում են նաև հեքիաթները: Հիշենք, թե ինչպես են որոշ հեքիաթներում եղբայրներն իրենց արյունից նմուշներ թողնում իրար մոտ, որպեսզի եթե մեկի արյունը պղտորվի, մյուսը հասկանա, որ նրան վտանգ է սպառնում և իսկույն օգնության հասնի: 
 
Իսկ սա նշանակում է, որ 1915թ., սրան նախորդած ու հաջորդած տարիների սպանդը պետք է որ հայության ոգին իսպառ կործանած լիներ, և գուցե թե նույնիսկ թուրքական թանգարանները զարդարելու համար նմուշ մնացած չլիներ: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Արդեն 1918թ. Սարդարապատում հայերը կարողացան ջախջախել թուրքական այն զորախմբերին, որոնք 3 տարի առաջ հայտնի Գալիոպոլիում պարտության էին մատնել եվրոպական միացյալ զորքերին: Վախկոտ Եվրոպան ծնկի էր չոքել, իսկ նաև նրա մեղքով բզկտված հայությունը սրբագրում էր նրանց գործը:
 
Արմատավորված մտածողության տեսանկյունից մարդու ըմբռնումից վեր է նաև Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայերի ռազմական հաջողությունները: Այս դեպքում, իհարկե, խոսքը առանձին անհատների և զորախմբերի, ազգի հավաքական ոգու մասին է, այլ ոչ թե պետական կազմավորման: Սակայն զորավարների ու հերոսների թիվը ուղղակի անհամատեղելի է տեղահանության ու հարձակումների ժամանակ ոտնատակ եղած ու կյանքից զրկված միլիոնավոր մարդկանց թվացյալ խեղճության հետ: 
 
Դե, իսկ Արցախի ազատագրումն արդեն այնպիսի մի հարված էր թուրքի մեծագլուխ նպատակներին, որ դեռևս ուշքի գալ չի կարողանում:
 
Մեր վրեժը պետք է լինի մեր հայրենիքը ծաղկեցնելը, մեր երկիրը իր բնական տարածքների մեջ վերականգնելը, աշխարհի բոլոր ծագերում մեզ հայ զգալն ու հայավարի ապրելը: 
 
Ինչ վերաբերում է ցեղասպան գործունեությունը ինչ-ինչ ձևերով դեռևս շարունակող Թուրքիային՝ թերևս նա ինքն էլ իր գերեզմանը կփորի: Երևի հեռու չէ նաև այն ժամանակը, երբ Թուրքիա անունով պղծված աշխարհագրական տարածքի բնիկներն էլ կասեն՝ ձեր տեղը Միջին Ասիայում է, որտեղից չպետք է դուրս եկած լինեիք: