ADC-ն ուս ուսի կանգնած է հայ քույրերի և եղբայրների կողքին

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՐԱԲԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Վերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի  քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
 
Արաբական կառավարությունները, չնայած իրենց վաղուցվա համակրանքին և աջակցությանը Հայոց ցեղասպանության փրկվածների նկատմամբ, որոնք ապաստան էին փնտրել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, դժկամությամբ էին ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ միևնույն իսլամական հավատքի պատճառով:
 
Առաջին արաբական երկիրը, որը կոտրեց այս ցեղասպանության հանցագործության ճանաչման թուրքական շրջափակման կապանքները՝ Լիբանանն էր: 1997 թ. ապրիլի 3-ին Լիբանանի պատգամավորների պալատը (Խորհրդարանը) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Լիբանանի խորհրդարանը երկրորդ բանաձևը ընդունեց 2000 թ. մայիսի 11-ին, հայտարարելով, որ այն «ճանաչում և դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և իր լիակատար համերաշխությունն է արտահայտում  իր քաղաքացիների պահանջներին»:
 
Այդ ժամանակից ի վեր, Սիրիայի նախագահն ու խորհրդարանի տարբեր անդամներ մի քանի անգամ խոսել են Հայոց ցեղասպանության մասին, սակայն դեռևս պաշտոնական խորհրդարանական բանաձև չեն ընդունել՝ դա ճանաչելով որպես ցեղասպանություն: 
 
Համանման քայլեր արվել են Եգիպտոսում, որտեղ դատական հայց է ներկայացվել Թուրքիայի դեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն Եգիպտոսի խորհրդարանը պաշտոնական բանաձև չի ընդունել: 
Մարտ ամսվա ընթացքում Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, որը փորձում է տապալել Լիբիայի կենտրոնական վարչակարգը, հայտարարություն է տարածել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սա լրիվ անակնկալ քայլ էր, քանի որ Լիբիայում հայկական համայնք գոյություն չունի:
 
Լուրեր կան, որ մեկ այլ արաբական երկիր ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ես նախընտրում եմ չհրապարակել այդ երկրի անունը՝ թուրքական կառավարությանը չտեղեկացնելու և նրա կողմից լոբբինգի իրականացում թույլ չտալու համար։
 
Վերջերս, անսպասելի ճանաչում արվեց 2019 թ. ապրիլի 25-ին, երբ Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը (ADC) իր առաջին պաշտոնական հայտարարությունը արեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
 
Համաձայն իր կայքէջի՝
 
- ADC-ն քաղաքացիական իրավապաշտպան կազմակերպություն է, որը կոչված է պաշտպանելու արաբական ծագում ունեցող մարդկանց իրավունքները և խրախուսելու նրանց  հարուստ մշակութային ժառանգությանը: ADC-ը հիմնադրվել է 1980 թ. ԱՄՆ նախկին սենատոր Ջեյմս Աբուրեզկի կողմից: Ներկայումս, ADC-ն ամենամեծ արաբա-ամերիկյան հասարակական կազմակերպությունն է ԱՄՆ-ում: ADC-ն պաշտպանում է բոլոր մարդկանց մարդու և քաղաքացիական իրավունքները և հանդես է գալիս ռասայականության ու մոլեռանդության ցանկացած ձևի դեմ:
 
Ահա ADC-ի համակրական հայտարարության ամբողջական տեքստը. «Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված կոտորել է 1.5 միլիոն հայերի և հայ ժողովրդին բռնի տեղահանել իր պատմական հայրենիքից:
 
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչում բոլոր նրանց, որոնք կորցրեցին իրենց կյանքն ու տները: ADC-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: 1915-1918 թթ. տեղի ունեցած համակարգված կոտորածներից հետո, բազմաթիվ հայ փրկվածներ փախան մոտակա արաբական երկրներ՝ ապաստան փնտրելու, իսկ հետո նոր տներ կառուցելու համար: Դարեր շարունակ հայ ժողովուրդը արաբական երկրներում ստեղծել է ծաղկուն համայնքներ, հատկապես Բարեբեր մահիկում: Հայկական համայնքը եղել է արաբական հասարակության անբաժանելի մասնիկը, դարեր շարունակ գոյություն ունենալով Պաղեստինում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում:
 
Նշելով մեր բարոյական արատը մեր համաշխարհային հասարակության մեջ, ADC-ն  ուս ուսի կանգնած է մեր հայ քույրերի և եղբայրների կողքին: Մեր համայնքները շատ լավ գիտեն համակարգված թալանի և ճնշումների գինը, և մենք միասին կշարունակենք պաշտպանել անարդարության և հալածանքների առջև կանգնածներին»:
 
Համոզված եմ, որ ամբողջ աշխարհի հայությունը շնորհակալ է ADC-ին իր կարեկցական դիրքորոշման համար: Ի պատասխան ADC-ին ուղարկած իմ նամակի՝ ADC-ի իրավական և քաղաքական հարցերով տնօրեն Աբեդ Այուբը գրեց, որ առաջին անգամ է, որ ADC- ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
 
Իմ հարցին, թե ի՞նչը դրդեց ADC- ին այս տարի հանդես գալու նման հայտարարությամբ, Այուբը պատասխանեց. 
 
- Վերջին երկու տարիների ընթացքում մենք երիտասարդ հայ-ամերիկացիների հետ աշխատելու պատիվ ունեցանք այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեզ բոլորիս վրա, և այդ հարաբերությունների արդյունքում մենք սկսեցինք ուսումնասիրել հայտարարությամբ հանդես գալու գաղափարը՝ ի նշան զորակցության: Բացի այդ, մեր անդամներից շատերը արմատներով կապված են համայնքին: Վերջապես, ամբողջ աշխարհում  ատելության և մոլեռանդության աճին զուգընթաց, զգում ենք, որ այժմ կարևոր է հայտարարությամբ հանդես գալը: 
 
Իմ հարցին, թե՞ արդյոք ADC- ն նախատեսում է նման հայտարարությամբ հանդես գալ հաջորդ ապրիլի 24-ին, Այուբը դրական պատասխան տվեց:
 
Ես նաև հարցրեցի Այուբին, թե՞ արդյոք ADC-ն որևէ քննադատություն ստացել է թուրքական կառավարության և ԱՄՆ-ի թուրքական կամ իսլամական խմբերի կողմից իր հայտարարության համար, նա հայտարարեց, որ ADC-ն որևէ նման քննադատություն չի ստացել: Սակայն, «մեր անդամները լիովին աջակցել են այս հայտարարությանը»:
 
Ի վերջո, երբ ես հարցրեցի, թե ADC-ն ի՞նչ է մտածում Թրամփի կողմից Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելուց հրաժարվելու մասին, Այուբը պատասխանեց.
 
- Նախագահ Թրամփի արածների մեծ մասը մտահոգության տեղիք է տալիս, սակայն Հայոց ցեղասպանության եզրի օգտագործման մերժումը համահունչ է նախորդ վարչակազմերին: Այս եզրն օգտագործելու անկարողությունը՝ անկարողություն է ճանաչելու միլիոնավոր անմեղ մարդկանց հասցված ցավն ու տառապանքը:
 
Բնականաբար, ես ողջունում եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ADC-ի հայտարարությունը և Այուբի պատասխանները իմ հարցերին: Առաջարկում եմ հայկական կազմակերպություններին ADC-ի հայտարարությունը ուղարկել Վաշինգտոնում արաբական բոլոր երկրների դեսպանատներին՝ խնդրելով նրանց կոչ անել իրենց կառավարություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի