Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկման բանախոսները՝ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադարձան Ռ․Քոչարյանի կալանավորումից ազատվելուց հետո երկրում տեղի ունեցած զարգացումներին։
 
Մասնավորապես, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 19-ի հայտարարության մասին, որով վարչապետը կոչ արեց քաղաքացիներին առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, քննարկման մասնակիցները նշեցին, որ Փաշինյանի կոչն ուշացած է, նա դեռ մեկ տարի առաջ պետք է զբաղվեր արատավորված դատական համակարգի մաքրմամբ։
 
- Որ մեր դատական համակարգն արատավորված է և արդարադատություն չենք ունեցել և չունենք մինչև հիմա, գիտեին բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Նա դեռ մեկ տարի առաջ պետք է զբաղվեր արատավորված դատական համակարգի մաքրմամբ։ Անցյալ տարի այս օրերին վարչապետի կոչը կլիներ ավելի տրամաբանական, ուշացել ենք, բայց ոչ մեկընդմիշտ, - ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։   
 
Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ դեռ մեկ տարի առաջ, երբ ակնառու էր, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը հրատապ խնդիր է, Նիկոլ Փաշինյանը պետք է կարգավորեր դատարանների անկախությունը, ինչը չարեց։ 
 
- Վարչապետը պետք է մտածեր արտակարգ իրավիճակներում անցումային արդարադատության դրույթներ մտցնելու, նախկինում ակնհայտ սխալ դատական ակտերի վերանայում կատարելու, ժողովրդի վստահությունն այսօրվա իշխանության նկատմամբ վերականգնելու մասին,- պնդել է Սեդա Սաֆարյանը։
 
Քննարկման բանախոս ազգրագետ Հրանուշ Խառատյանն էլ հիշեցրեց Բարձրագույն դատական խորհրդի՝ ապրիլի 10-ին հրապարակած մեկ տարվա գործունեության հաշվետվությունը, որում, ըստ բանախոսի, այդ կառույցը հստակ արձանագրում է՝ Հայաստանում չկա դատարան, արդարադատություն կոչվածը սելեկետիվ ու սուբյեկտիվ է՝ 
 
- Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը, որը տևական ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահն էր, ապրիլի 10-ին բաց ճակատով պատմում էր, թե ինչ խայտառակ դատարան ունենք, ինչքան անվստահություն կա դատարանի նկատմամբ։ Նա միայն չասաց, որ 25 տարի տքնաջան աշխատանք է տարվում հենց այդպիսի դատարան ունենալու համար ։
 
Քոչարյանի՝ կալանքից ազատվելու որոշումը կանխատեսելի էր
 
Քննարկման բանախոսներն անդրադարձան Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ,  սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը։
 
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց։ Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։
 
Քննարկման բանախոսների համոզմամբ՝ եթե դատավոր Դավիթ Գրիգորյանը ծանոթանար քրեական գործի նյութերին և տեսներ, թե ինչ ապացույցներ կան, ԼՂՀ երկու նախագահների երաշխավորորությունը չէր ընդունի։
 
- Այն, ինչի մեջ մեղադրվում է Քոչարյանը, նման հանցավոր արարքի մեջ կարող էին մեղադրվել նաև Արցախի նախագահները, քանի որ նրանք ևս հանդիսացել են գերագույն գլխավոր հրամանատար ու թույլ են տվել, որ զորքը և կասկածահարույց անձինք գան ու մասնակցեն ներքաղաքական կյանքին,- նշեց  Սեդա Սաֆարյանը։ 
 
Հրանուշ Խառատյանը ևս ընդգծեց, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո դատավորը կպարզեր՝ արդյոք ԼՂՀ ներկա և նախկին նախագահներն այն հեղինակավոր անձինք են, որոնք կարող են երաշխավորել Քոչարյանի վարքի համար. 
 
- Դեռ պետք է նայել՝ Բակո Սահակյանն ի՞նչ չափով է պատասխանատու  Մարտի 1-ի իրողությունների, սահմանադրական կարգը տապալելու համար։ Քննարկվե՞լ է, թե արդյոք Արցախից զորք բերելը հնարավո՞ր էր առանց երկրի նախագահի իմացության։ Բոլոր պատասխանները փաստում են, որ անհնար էր։ Հիմա այս մարդը եկել ու երաշխավորելու է մեկ այլ անձի ազատություն, որի հետ փաստացի համատեղ արել են այն գործը, որի շուրջ ընթանում է դատավարությունը։  Այդ քրեական գործով շահախնդիր մարդը իրավունք ունի՞ երաշխավոր լինել։ Սա հանրային քննարկման նյութ է,- նշեց Հ. Խառատյանը։
 
Ազգագրագետը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, խուսափելու է քննությունից՝ 
 
- Լուրջ կասկածներ ունեմ, որ այս ամենը վերածվելու է մի ամբողջ ֆարսի։ Քոչարյանն ինչ-որ լուծում գտնելու է՝ կամ փախչելու է, կամ երկրում ինչ-որ լրացուցիչ մթնոլորտ կստեղծեն, որ այս ամենը վերածեն հանրային առճակատման, համոզված եմ՝ Քոչարյանը խուսափելու է և դատավարությունը վերածվելու է քաղաքական երևույթի՝ լրացուցիչ փաստելով, որ մեր դատարանը ոչ թե իշխանության առանձին մի օղակ է, այլ բացարձակ կցորդ է որևէ քաղաքական ուժի, այս դեպքում իմ գնահատմամբ՝ ռևանշիզմի ։  
 
Քննարկման բանախոսներն անդրադարձան նաև դատական նիստերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել էր, թե ԱԱԾ նախկին տնօրեն, հանգուցյալ Գորիկ Հակոբյանն իրեն ցուցադրել է տեսանյութեր, որոնցում երևացել են, թե ցուցարարներն ինչպես են զինված ոստիկանների վրա առարկաներ նետում։ Քոչարյանը պնդել էր,  թե Հատուկ քննչական ծառայությունն այդ տեսանյութերը չի կցել քրեական գործին։ Սեդա Սաֆարյանը կարևորեց, որ մինչև Գորիկ Հակոբյանի մահը Քոչարյանը չի հայտարարել այդ տեսանյութերի մասին՝ 
 
- Հարցումներ ենք արել Փաստահավաք խմբից, Գորիկ Հակոբյանը ոչինչ չի ներկայացրել, դա հորինովի պատմություն է։ Եթե այդպիսի տեսանյութ լիներ, Քոչարյանը սրբորեն պահած կլիներ՝ որպես իր անմեղությունն ապացուցող փաստ։ Ռոբերտ Քոչարյանի ունակությունները բոլորս գիտենք, եթե նման տեսնայութ լիներ, քարի տակից էլ կհաներ, կբերեր ։
 
Քննարկման մասնակիցները սուտ որակեցին նաև Քոչարյանի այն հայտարարությունը՝ համաձայն որի Արցախից ոչ մի զինվորական մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Հայաստան չի բերվել։Բանախոսներն ընդգծեցին, որ այդ մասին արձանագրված է քրեական գործի նյութերում, լրագրողների տեսնայութերում, բացի այդ՝ իրենք անձամբ են ականատես եղել։ 
 
Ամփոփելով քննարկումը՝ մասնակիցներն ընդգծեցին, որ հարցը դատարանի դռները փակելով չէ, որ պետք է լուծել։ Դատախազությունը մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու որոշման դեմ բողոք է պատրաստում` ներկայացնելու վերաքննիչ ատյան։ Ըստ բանախոսների՝ Վերաքննիչ դատարանը պետք է շատ պատճառաբանված որոշում կայացնի, որպեսզի հանրությունը չմտածի, որ փողոց կամ դատարանի մուտք փակելով հասավ ցանկալի արդյունքի։
 
Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի օրինական դատական ակտ, իրենց խոսքը եզրափակեցին քննարկման բանախոսները։
 
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ