ՄԻ՛ ԿԵՂԾԻՐ, ՈՐ ՉԿԵՂԾԵՆ

ՍԴ-ում քննվում է ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը

Սահմանադրական դատարանում սկսվել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Ինչպես արդեն հայտնի է` Դաշինքը վիճարկում է ապրիլի  2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ներկայացնում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:  Դիմումի վերաբերյալ որոշում պետք է կայացվի 15 օրվա ընթացքում:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթում  անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի` դպրոցի և մանկապարտեզի  տնօրենների ՀՀԿ-ի օգտին քվե հավաքելու և ՍԱՍ գրուպի ղեկավար Արտակ Սարգսյանի օգտին  նրա ենթակա աշխատակիցներից  ստիպողաբար  ձայներ պահանջելու փաստերին:

-Ակնհայտ փաստ է` մարդկանց ստորացրել են և պարտադրել իրենց թեկնածուի օգտին քվեարկել: Բա սա հանցագործություն չէ՞: Արտակ Սարգսյանն այն պատգամավորներից է, որ հինգ տարվա ընթացքում որևէ բառ չի արտասանել: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ լռության ուխտ պահպանած պատգամավորները նորից ընտրվում են պատգամավորներ: Եվ Արտակ Սարգսյանը միայնակ չէ՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և էլի չեմպիոններ՝ այդ ինչպես պատահեց, որ այս չխսացող մարդիկ այդքան ձայն հավաքեցին,-ասացԼևոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի փոխնախագահի խոսքով` դատախազությունը վերոնշյալ դեպքերի մասին  գործ չհարուցեց, նրանց հարցաքննության չկանչեց, իսկ օրինական  երկրում նման դատախազը կդատվեր:
ՀԱԿ-ի անդամն արժանահավատ չի համարում նաև  ընտրողների մասնակցության թիվը: Ըստ նրա` տարեցտարի նվազում է բնակչության թիվը, իսկ ընտրողների թիվը մեծանում է:  Լևոն Զուրաբյանը որպես ձեռքբերում համարեց ընտրությունների ցուցակների հրարապարակումը:

- Մենք  առաջիկայում կներկայացնենք մեր վերլուծությունը ընտրական ցուցակների վերաբերյալ,- խոստացավ Զուրաբյանը:

Նրա հավաստիացմամբ գործել է ուրիշի փոխարեն քվեարկելու մեխանիզմը.

-Ստորագրված ցուցակների ստուգումը բավական աշխատատար գործ է, մենք ուսումնասիրում ենք այդ գործը, աշխատանքը տարողունակ է, բայց մենք խոստանում ենք մոտ ապագայում հանրությանը հայտնել այդ ուսումնասիրությունների արդյունքները: Այս պահին ասենք, որ մասնակցության թիվը չի տեղավորվումը որևէ տրամաբանական, ժողովրդագրական տվյալների մեջ:

Անդրադառնալով ԿԸՀ-ի 7 անդամներին, Զուրաբյանը նկատեց, որ նրանք չեն փոխվում, հանցագործություն են պարտակում: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը  դիտողություն արեց. 

- ՍԴ-ում մարդկանց հանցագործներ եք անվանում, չի՛ կարելի, կա մարդու անմեղության կանխավարկած:

-Ես ճշմարտությունն եմ ներկայացնում,-հակադարձեց  Զուրաբյանը:

ՀԳ. Ճակատագրի ի˜նչ հեգնանք: 1996-ին, երբ ՀԱԿ-ՀՀՇ-ն էր իշխանության,  նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ևս վիճարկում էր ընտրության արդյունքները: Իհարկե,  ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ էլ նրան հաջորդած թեկնածուներն արդյունքի չեն հասել` իշխանության և դատական համակարգի սերտաճման պատճառով: Ու զարմանալի է, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ  է պրն Զուրաբյանը խոսում օրինականության հաստատման մասին: