ՀԱԿ-ՀՀՇ-Ն «ՄԵՐԿԱՑՐԵՑ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Օրինապաշտությունը` քաղաքական առևտուր

Սահմանադրական դատարանում այսօր  ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննարկման ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը հետաքրքրիր հայտարարություն արեց:  Նա հայտարարեց, որ բացի ՀՀԿ-ից, ընտրություններին մասնակցող  գրեթե բոլոր քաղաքական ուժերն ընտրակաշառք են բաժանել, գումար խոստացել, անգամ ուղղորդել: 
 
Հիշեցնենք` ընդդիմադիր դաշինքը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ-ի ընտրության արդյունքները: 
 
Ընդ որում` լսելով Տիգրան Եգորյանի  ելույթը, պարզ է դառնում, որ ողջ փաստերը հիմնականում մեջբերված են լրատվամիջոցներից: Այն, որ չորրորդ իշխանության տեղեկատվությանը պետք է հղում տալ և դրա հիման վրա  գործ հարուցել՝ անվիճելի է: Բայց  իրավական հարթության մեջ պետք է նաև առարկայական ապացույցներ ներկայացնել: Սրանից զատ` իրավապահ տարբեր օղակներ ընտրություններին հատիկ-հատիկ ուսումնասիրել են լրատվամիջոցների հրապարակումները և  մի քանիսի հիման վրա գործ հարուցել: Այնպես որ՝ անհասկանալի էր, թե ինչու էին այդ  փաստերը ՍԴ-ում ներկայացվում: 
 
Թեև ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հավաստիացրեց, որ ընտրությունների կեղծման վերաբերյալ իրենք առարկայական  փաստեր ունեն, բայց նաև խոստովանեց, որ ՍԴ դիմել են, որպեսզի մերժվելուց հետո դիմեն ՄԻԵԴ:  Ավելին` ՀԱԿ-ի անդամը  որոշակի կերպով սրբագրեց իր խոսքը: Բանն այն է, որ Տիգրան Եգորյանը, բացի ՀՀԿ-ից, ՍԴ-ում հնչեցրել է նաև քաղաքական այլ ուժերի անունները, որոնք ամենևին էլ ՀԱԿ-ի սրտով չեն: Դե կյանք է, ով գիտի`գուցե մի քանի մանդատի համար ստիպված լինեն անգամ սատանայի հետ դաշինք կազմել...  
 
Ինչէ, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Տիգրան Եգորյանը որոշել է ՍԴ-ում ներկայացնել քաղաքացիական հասարակության արձանագրած խախտումները, հետևաբար չէին կարող  խմբագրել Եգորյանի խոսքը: Այսինքն` լավություն հանրությանը, մյուս կողմից` մի թեթև  խայթոց ընդդիմադիր մյուս գործընկերներին: 
 
Լևոն Զուրաբյանի խոսքից միաժամանակ պարզ դարձավ, որ իր համար ամենևին էլ նորություն չէր քաղուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին փաստերը: Պարզապես իրենց թիրախը ՀՀԿ-ն է, այդ պատճառով էլ  մինչ օրս որդեգրել են «ձայն բարբառո հանապատի» գործելաոճը:  Զուրաբյանի այս խոսքը և քննադատության չի դիմանում: Եթե թիրախը միայն ՀՀԿ-ն է, ի՞նչ տրամաբանությամբ են ՀԱԿ-ՀՀՇ-ականները իրավական պետության,  օրենքի առաջ բոլորի հավասարության մասին խոսում: Կամ, ինչո՞ւ է Զուրաբյանը  խախտում ընտրությունների առնչությամբ որդեգրած լռության ուխտը և խոսում  մյուս ընդդիմադիրների  խախտումների մասին:
Ի դեպ` եթե հավատանք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի փաստերին, ապա պարզ  է դառնում, թե ինչու  ընդդիմադիրները չվիճարկեցին ընտրությունների արդյունքները: Դե ի՞նչը վիճարկեին` բոլոր կուսակցությունների ու դաշինքների  հետ հավասար նույն  մեթոդներ են կիրառել` մի քանի մանդատի համար.  պարզապես՝ որոշների համեմատ ավելի փոքր դոզաներով: