Հետաձգել փողոցային պայքարը և պատրաստվել համաճարակից հետո ռեժիմին հեռացնելու և ճգնաժամը հաղթահարելու գործին

Արցախում բնակվող սիրելի ՀՀ քաղաքացինե՛ր
 
Ստեփանակերտի հանցավոր ռեժիմը պաշտոնական Երևանի թողտվությամբ փորձում է ամեն գնով վերականգնվել։
 
Նրա համար արգելք չեղավ անգամ նոր կորոնավիրուսի համաճարակը։
 
Ռեժիմը, վտանգելով քաղաքացիների և զինծառայողների կյանքն ու առողջությունը, ուստի նաև՝ պետության պաշտպանունակությունը, 2020 թ. մարտի 31-ին անցկացրեց իր վերարտադրության գլխավոր միջոցառումը՝ այսպես կոչված նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները։
 
Աղաղակող խախտումները պատճառ դարձան, որ նախագահի մասով գործընթացը տեղափոխվի երկրորդ փուլ, որը նախատեսվում է անցկացնել 2020 թ. ապրիլի 14-ին։
 
Եթե համաճարակի ծավալման ներկայիս փուլում այդ միջոցառումն անցկացվի, ապա կարող ենք ունենալ պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ։ Բնականաբար՝ դրա կազմակերպիչները կորակվեն որպես Հայրենիքի դավաճաններ։
 
Միևնույն ժամանակ՝ ռեժիմն ուրիշ ելք չունի, իսկ պաշտոնական Երևանն էլ առայժմ ձեռքերը լվացել է Արցախից և քայլ չի կատարում Արցախի ինտեգրման միջոցով ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ։
 
Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ ռեժիմը, անտեսելով համաճարակը, երկրորդ փուլ երկու թեկնածուներից մեկի հայտարարած բոյկոտը և դիտորդների բացակայությունը, այնուամենայնիվ, ձգտի ավարտին հասցնել իր վերարտադրությունը։
 
Այսպիսի հեռանկարը ձեզ՝ այսօր փողոցում պայքարող արժանապատիվ քաղաքական գործիչներիդ և քաղաքացիներիդ, ինչպես նաև Արցախում ռեժիմից ձերբազատվելու և Արցախը դե յուրե ՀՀ-ին միացնելու գործընթացն ավարտին հասցնելու իղձով ապրող համայն հայության համար առաջացրել է ծանր երկընտրանք։
 
Այդ երկընտրանքի մեջ որոշում կայացնելու առաջնային իրավունքը ձերն է՝ համաճարակի պայմաններում դուրս գալ փողոց և վռնդե՞լ ռեժիմին, թե՞ հետաձգել հեղափոխությունը՝ ստեղծելով ռեժիմի վերականգնման վտանգ։
 
Կասկած չկա, որ ձեզ համար ազատությունն ու արժանապատվությունը թանկ է կյանքից և որ դուք պատրաստ եք ձեր կյանքն ու առողջությունը զոհաբերելու գնով հասնել ցանկալի նպատակին։
 
Սակայն համաճարակի հավանական հետևանքները շատ տարբեր են արտաքին կամ ներքին հակառակորդի դեմ պայքարի հավանական հետևանքներից։
 
Համաճարակի ժամանակ բազմամարդ հավաքներն ու երթերը կարող են հանգեցնել զանգվածային բռնկումների և վտանգել բոլորի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև կազմալուծել բանակը։
 
Ռեժիմը կյանք չունի, որքան էլ այսօր դեռ հաջողում է մնալ իր տեղում կամ նույնիսկ ձևականորեն վերարտադրվել։
 
Համաճարակից հետո՝ շաբաթներ կամ թեկուզ ամիսներ անց, միանգամայն ուրիշ իրականություն է լինելու։ Եվ ռեժիմն այդ իրականության մեջ միայն մեկ տեղ է ունենալու՝ ամբաստանյալի երկար նստարանը։
 
Վերը նշվածը հաշվի առնելով, կոչ ենք անում շատ լուրջ վերաբերվել համաճարակային վտանգին և, առաջնորդվելով ազգային անվտանգության հրամայականով.
 
1) օրինակ ծառայել մյուս քաղաքացիների համար և պահպանել համաճարակի կանխարգելման բոլոր պահանջները,
 
2) դադարեցնել փողոցային պայքարը և զուգահեռաբար բոյկոտել ապրիլի 14-ին նախատեսված երկրորդ փուլը,
 
3) ձեռնամուխ լինել համաճարակից հետո ռեժիմին հեռացնելու և ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կազմելու ու կյանքի կոչելու նախապատրաստական աշխատանքին։
 
Սասնա Ծռեր համահայկական շարժումը պատրաստ է ամեն կերպով աջակցելու և մասնակցելու այդ գործին։
 
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
6 ապրիլ 2020 թ., Երևան