Սարաևոյի քաղաքապետարանի շենքը ապրիլի 24-ին ընդառաջ ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով

ՏԵՂԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի պատմական շենքերից մեկը՝ 1896թ․ կառուցված վիեցնիցան, ներկայիս քաղաքապետարանի շենքը, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով։
 
Թուրքական մամուլի պնդմամբ՝ նախաձեռնությունը նվիրված է եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ մեջլիսի հիմնադրման 100-ամյակին և Թուրքիայում որպես երեխաների տոն նշվող ապրիլի 23-ին։
 
Սակայն աշխարհի յուրաքանչյուր անկյունում ինչպես աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ այլ ազգերի կողմից արդեն 105 տարի ոգեկոչվող Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ Սարաևոյում իրականացված նման քայլը բոլորովին էլ պատահականություն չէր կարող լինել։
 
Այս տեսակետն է արտահայտել նաև տեղական մամուլը։ Մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում լույս տեսնող «Dnevnik.ba» կայքը հրապարակել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հոդված՝ «Թուրքիայի մեծարումը. ինչո՞ւ է «բազմազգ» Սարաևոն ժխտում ցեղասպանությունը» խորագրով: «Dnevnik.ba» կայքը համարվում է Բոսնիայի խորվաթների շահերն արտահայտող հիմնական աղբյուրը:
 
Հոդվածի սկզբում ներկայացվում են Հայոց ցեղասպանության իրականացման պատմական փաստերն ու լուսանկարները, իսկ այնուհետև անդրադարձ է կատարվում Սարաևոյի քաղաքապետարանի շենքը ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշով լուսավորելու հանգամանքին: 
 
«Սարաևոն այդ նշանակալից օրը որոշեց, հնարավոր ամենաբաց կերպով, արժանին մատուցել թուրք եղբայրներին»,- ասվում է հոդվածում:
 
Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Սարաևոյի մամուլում իրարամերժ կարծիքներ են հնչել քաղաքապետարանի լուսավորման առնչությամբ. ոմանք գրել են, որ տոնում են Թուրքիայի ազգային ինքնուրույնության և երեխայի օրը, մյուսները պնդել են, որ քաղաքապետարանը լուսավորվեց համավարակի հետ պայքարում «թուրք եղբայրների» կողմից աջակցության համար:
 
Իրականում Սարաևոն Թուրքիայից օգնություն ստացել է, միայն թե, ինչպես նշում է հեղինակը, դա եղել է շաբաթներ առաջ՝ ապրիլի 8-ին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թուրքիան պատրաստվում է հումանիտար օգնության ևս մեկ խմբաքանակ ուղարկել Սարաևո։
 
Նման օգնության խնդրանքով երկրի կառավարությունը Թուրքիային դիմել էր ապրիլի սկզբին, իսկ ապրիլի 20-ի երեկոյան ստացվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի պատասխանը, ով Բոսնիա և Հերցեգովինային նշված օգնությունը տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել։
 
- Սակայն քաղաքապետարանը չլուսավորվեց ապրիլի 20-ին: Փոխարենը լուսավորվեց թուրքերի կողմից կատարված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
 
Նշենք, որ «բազմազգ» Սարաևոն հետևում է քաղաքի գեղատեսիլ մասերի լուսավորման միայն միջազգային թրենդերին: Հույս ունենք, որ չեն սկսի հետևել եղբայրների կողմից կատարված կոտորածների օրացույցին:
 
Հարց է ծագում. Ո՞ւմ դրոշը չէր լուսավորվում քաղաքապետարանի վրա: Ճիշտ պատասխանն է՝ Հայաստանի: Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, նույն այդ ցեղասպանության տարելիցի օրը,- ասված է հոդվածում։
 
Այդ հոդվածի նմանությամբ ևս մի քանի նյութեր են հայտնվել Բոսնիայի և Հերցեգովինայի խորվաթական կայքէջերում: Հետաքրքրական են նաև այդ հոդվածների մեկնաբանությունները, որոնց մեծ մասում Թուրքիան ամենախիստ կերպով քննադատվում է Բոսնիայի արագ և հետևողական թուրքացման և մահմեդականացման համար: Միաժամանակ, բոսնիացի մահմեդականներին ծաղրում են Սրեբրենիցայի «ցեղասպանության» մասին քարոզչություն ծավալելու, իսկ հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները անտեսելու կամ ժխտելու մեջ: (Regionmonitor.com)