Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլացնեն Հայաստանը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ․ Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քաղաքական և տնտեսական մեկուսացումը, որում հայտնվել է Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, չի կարող անհետևանք մնալ, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
 
Հայաստանի փորձագետների կարծիքով՝ հնարավոր է Ռուսաստանի թուլացում, որը ձեռնոց է նետել Արևմուտքին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելով։
 
Սա կարող է Կրեմլի ուշադրությունը շեղել Հարավային Կովկասից։ Իսկ դա, իր հերթին, հղի է փխրուն խաղաղության խաթարմամբ, որը, Մոսկվայի ակտիվ մասնակցության շնորհիվ, հաստատվել է Արցախում։
 
Եթե Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները հաջողվեն, ապա դա, ըստ ամենայնի, կխորացնի Մոսկվայի մեկուսակցումը։ Եվ այդ մեկուսացումը կտարածվի Հայաստանի վրա, որը Ռուսաստանից կախվածության մեջ է՝ հատկապես ռազմաքաղաքական հարցերում։
 
«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին կարող է վերջ տրվել»
 
Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոնֆլիկտի սրացումը չի ավարտվելու միայն ուկրաինական պատերազմով, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Այն կարող է ավելի տևական լինել՝ վերածնելով սառը պատերազմի ուրվականը։
 
Փորձագետը խորհուրդ է տալիս պատրաստ լինել ծանր հետևանքների։
 
- Նախևառաջ, Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ նույնիսկ Արևմուտքի հետ իր համեստ փոխհարաբերություններում,- ասել է քաղաքագետը «Հետագծերի» թղթակցի հետ զրույցում։- Չեմ բացառում, որ Ռուսաստանը մեզ առաջարկի հրաժարվել Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից։
 
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն տարբեր ոլորտներում համագործակցում են 2006 թ-ից, Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակում (IPAP - Individual Partnership Action Plan), որը թարմացվում է երկու տարին մեկ։
 
Ծրագրի նպատակն, ինչպես նշված է բաց աղբյուրներում, Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումն է և ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության մակարդակի մշտական բարձրացումը։
 
Սակայն ՆԱՏՕ-ի հետ Երևանի համագործակցությունը զգալիորեն նվազել է Ռուսաստանի ակտիվ միջամտության պատճառով՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մոտենալով զրոյի։
 
Երբ Ղարաբաղում տեղի բնակչության անվտանգության ապահովման համար ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, կտրուկ աճեց Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, հատկապես՝ անվտանգության առումով։
 
Պողոսյանը պնդում է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները վերջին տարիներին ֆորմալ բնույթ են սկսել կրել, սակայն նույնիսկ դրանց կարող է վերջ տրվել։
 
- Եթե Մոսկվան կտրուկ սառեցնի հարաբերություններն Արևմուտքի հետ, Ռուսաստանը կարող է պահանջել դադարեցնել Հայաստան-ԱՄՆ  ռազմավարական երկխոսությունը, որի հիմքերը դրվել են 2019 թ-ին։ Այս նախաձեռնության բովանդակությունը մեծ չէ, սակայն այն կա և ԱՄՆ հետ հարաբերությունների ցուցանիշ է,- ասում է Պողոսյանը։
 
«Առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հարցականի տակ է Ղարաբաղում ռուս խաղաղապահների լեգիտիմության հարցը»
 
Ռուսաստանի միջազգային մեկուսացումը չի կարող շրջանցել Հայաստանը՝ կարծում է նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
 
- Երևանի համար մանևրելու արտաքին քաղաքական դաշտն արդեն լրջորեն նեղացել է, և այս գործընթացը կարող է կտրուկ արագանալ։ Կարելի է կանխատեսել Հարավային Կովկասի գործընթացներին Արևմուտքի ներգրավվածության մակարդակի զգալի նվազում։
 
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը տխուր հեռանկար ունի,- ասում է Գրիգորյանը։
 
- Միասնական Արևմուտքն ուզում է ամեն կերպ մեկուսացնել Ռուսաստանը։ Այդ պատճառով էլ հազիվ թե հնարավոր լինի համագործակցել հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։
 
Սա, իր հերթին, կարող է լուրջ հարված հասցնել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների միջազգային լեգիտիմությանը։
 
Արևմուտքը մինչ օրս դրանց ըմբռնումով էր մոտենում, քանի որ դրանք ապահովում են տեղի հայկական բնակչության անվտանգությունը։ Բայց հիմա կարող է ուրիշ տրամաբանություն աշխատել։ Ռուսաստանին զսպելու քայլեր կարվեն նաև Արցախյան հակամարտության համատեքստում։
 
Քաղաքագետի կարծիքով՝ այս դեպքում հայկական կողմի համար բացասական հետևանքներն ավելի իրատեսական են դառնում։
 
- Հատկապես՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Բաքուն Մինսկի խմբի համանախագահների առաքելությունն ավարտված է համարում և պարբերաբար դժգոհություն է հայտնում ռուսական խաղաղապահ առաքելության առնչությամբ։ Բայց դրան իրական այլընտրանք չկա,-  կարծում է Գրիգորյանը։
 
Նա կանխատեսում է Արևմուտքի դիրքորոշման կտրուկ փոփոխություն, երբ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի կլինի ռուսական գործոնի զսպման առումով դասել հետխորհրդային մյուս հակամարտությունների շարքին։
 
- Ռուսաստանում ավտորիտարության աճը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության նվազման։
 
Մեկուսացման պայմաններում Ռուսաստանը գնալու է դեպի ավտորիտարիզմ, իսկ այդ միտումները կարող են ազդել նաև մեր տարածաշրջանի վրա։
 
Բացի այդ, մեկուսացման հետևանքով առաջացած ճգնաժամը կարող է արագացնել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն նոր մեխանիզմների գործարկումը։ Օրինակ՝ միութենական նոր պետության ձևավորման տեսքով, երբ Մոսկվան կարող է իր դաշնակիցներից պահանջել անդամակցել այդ կառույցին։
 
Արդյունքում՝ Հայաստանի ինքնիշխանությունը կարող է միայն նվազել- ասում է Տիգրան Գրիգորյանը։
 
«Եթե պատժամիջոցները թուլացնեն Ռուսաստանը, հազիվ թե ռուսական զորքերը երկար մնան Ղարաբաղում»
 
- Եթե Արևմուտքը կարողանա Ռուսաստանը թուլացնել ներսից, պետական հեղաշրջման հասնել, իսկ միջնաժամկետ հեռանկարում նաև՝ արևմտամետ կառավարության ձևավորման, քիչ հավանական է, որ ռուսական զորքերը երկար մնան Ղարաբաղում,- ասում է Բենիամին Պողոսյանը։
 
- Հավանական է Արցախի կորստի լուրջ վտանգ, քանի որ Հայաստանի համար դժվար կլինի բանակն այնպես զինել, որ այն միայնակ կարողանա ապահովել նրա անվտանգությունը,- ասում է Պողոսյանը։
 
Արամ ՄՈւՐԱԴՅԱՆ (PJC Armenia)