ՀԼԱ ․ «Առաջնագծի բոլոր կողմերում երեխաներ կան»

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋԵՎ

- Ավտոբուսում էի, երբ իմացա, որ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Դա իսկական շոկ էր։ Միանգամից սկսեցի պատկերացնել այն ուկրաինացիների շփոթված դեմքերը, ովքեր արթնացել են պայթյունի ձայներից, կամ նրանց, ովքեր իջել են մետրո, որը շատ արագ ապաստարան է դարձել, կամ այն մարդկանց, ովքեր շտապում են՝ առաջին անհրաժեշտության մթերք գնելու։
 
Միանգամից պատկերացրի Ուկրաինայում ու ռուս զինծառայողների ընտանիքներում տիրող անհանգստությունը, վախը, անորոշությունը։ 
 
Պատերազմը զգացել եմ սեփական մաշկիս վրա։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում էի՝ Արցախի մայրաքաղաքում:
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկի օրվանից հետո ինձ համար կարևոր ու հարազատ դարձան հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրեր, որոնք անմիջապես դարձան ողբերգական:
 
Լսելով պատերազմի մասին՝ ես վերապրեցի այն ամենն, ինչ զգացել էի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:
 
Հիմա, երբ լուրեր և վերլուծական հոդվածներ եմ կարդում, զուգահեռներ եմ անցկացնում: Երևի թե ես դա անելու եմ միշտ։ Դա այն տրավմայի հետևանքն է, որն ապրել եմ այն օրերին, երբ մենք բոլորս աշխատում ու ապրում էինք նկուղներում։ Պատերազմի քաղաքում ապրելը փոխեց ինձ:
 
Մինչ այդ պատերազմները գոյություն ունեին միայն հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, թերթերի հրապարակումների տեսքով։ Եվ ահա իմ դիմաց կոնկրետ մարդկանց ողբերգություններ էին, մարդկանց, ովքեր վախենում էին իրենց և իրենց սիրելիների համար։
 
Կարդալով այն մասին, որ Կիևում պայթյունի ձայներ են լսվել, ես միանգամից հիշեցի իմ ստեփանակերտցի ընկերուհի Մարգարիտայի երեխաներին: Պատերազմից հետո նրանք շուրջ կես տարի ամեն կիրակի արթնանում ու վազում էին իրենց ծնողների ննջասենյակ, որովհետև սպասում էին, որ անպայման պայթյունի ձայն պիտի լսվի: 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը նույնպես կիրակի էր:
 
Ու ես հասկանում եմ, որ այդպիսի երեխաները շատ են։ Առաջնագծի երկու կողմերում էլ, ու կարևոր չէ՝ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական, թե մեկ այլ:
 
Այսօր լրատվական կայքերը լիքն են հաղորդագրություններով այն մասին, որ միլիոնավոր ուկրաինացիներ թողնում են իրենց տներն ու հեռանում`՝ չմանալով՝ կվերադառնա՞ն, թե՞ ոչ։
 
Այնպես ստացվեց, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան ես Ստեփանակերտ էի գնում։ Ստեփանակերտից դեպի Երևան մեքենաների անվերջանալի հոսք էր։ Տղամարդիկ կանանց ու երեխաներին փորձում էին հեռու տանել պայթյուններից ու կրակոցներից։
 
Պատերազմները մեծ ողբերգություններ են, որոնք կազմված են հարյուր հազարավոր հասարակ մարդկանց կյանքերից ու ճակատագրերից։
 
Անի ՄԻՆԱՍՅԱՆ