«Միայնակ ողջ աշխարհի դեմ կռիվ տալ չենք կարող»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

«Ալիևը խոսում է «խոստացված միջանցքի» մասին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ տերմինը չի գործածում, քանի որ հաղորդագրության հասցեատերը նաև միջազգային հանրությունն է»։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետը՝ շեշտելով՝ սա խոսում է այն մասին, որ իր երեկվա ելույթը «ծառայել է իր նպատակին»։
 
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կարևոր է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա «Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման»։ Դրա լավագույն ձևը, ըստ նրա, պայմանավորվածությունները գույքագրելն է, ցույց տալը, թե ով իրականում չի կատարում դրանք։
 
Հարցազրույցում կառավարության ղեկավարն անդրադարձել է հայ-ադրբեջանական օրակարգի մի շարք հարցերի, Լեռնային Ղարաբաղի ապագային և ռուս խաղաղապահների մանդատին, Անկարայի հետ ընթացող կարգավորման գործընթացին և ոչ միայն։
 
JAMnews-ն առանձնացրել է վարչապետի հարցազրույցի ամենակարևոր դրվագները։
 
«Ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք արձանագրված է»
 
Փաշինյանի խոսքով՝ արձանագրումն արվել է դիվանագիտական բառապաշարով, բայց այն կա։ Խոսքը 1991 թ․-ի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին է։ Հայաստանն ու Ադրբեջանը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել Պրահայում, այնուհետև վերահաստատել այն Սոչիում․
 
«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թ․-ի սահմանը, դրանով ֆիքսվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքը։ Սահմանը տեսական երևույթ չէ, ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմաններն են»։
 
Վարչապետը վստահեցրել է՝ բոլոր հանդիպումների ժամանակ հայկական կողմը բարձրաձայնում է երկրի տարածքների մի մասի օկուպացիայի և ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։ Նկատում է՝ այդ հանդիպումներին հաջորդող հայտարարությունները, սակայն, միակողմանի լինել չեն կարող, ուստի կարիք կա «որոշակի ճկունություն ցուցադրելու»։
 
«Վաշինգտոնում ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի
տեքստի մեր տարբերակը»
 
Փաշինյանը տեղեկացրել է, որ կան խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ՝ հիշատակելով շրջանակային կամ ոչ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին։
 
Ըստ նրա՝ շրջանակային համաձայնագիրը ենթադրում է առաջ գնալ չհասցեագրելով բոլոր հնարավոր հարցերը։ Ասում է՝ եթե Ադրբեջանի համար այդ տարբերակը լինի ընդունելի, Երևանը պատրաստ է։
 
Վարչապետի փոխանցմամբ՝ պայմանագրի տեքստի տարբերակ հայկական կողմն առաջարկել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ․
 
«Հույս ունենք՝ Ադրբեջանը կառուցողական կերպով կքննարկի և կարձագանքի»։
 
Նա վստահեցրել է՝ հայկական կողմը պատրաստ է ամեն ինչ անել, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ։
 
«Խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է ավարտված լինի դելիմիտացիայի գործընթացը, որպեսզի Բաքուն տարածքային նկրտումներ չունենա, սահմանային հստակեցում լինի»,- շեշտել է Փաշինյանը։
 
Վարչապետի խոսքով՝ միջազգային երաշխիքների և երաշխավորողների ինստիտուտ է պետք, հակառակ դեպքում պայմանագիրը կվերածվի թղթի, որը ոչ մի արժեք չունի․
 
«Եթե միջազգային երաշխավորներ, ընդ որում՝ կարող ուժեր չլինեն, տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել և դրանից տասներկու ժամ հետո պատերազմ սկսվի։ Եվ սա չափազանցություն չէ»։
 
Նա նշել է, որ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետ պատրաստ է քննարկել երաշխավորության հարցը։
 
Հաղորդակցության հա՞րց, թե՞ էսկալացիայի պատրվակ
 
Վարչապետը ևս մեկ անգամ նշել է՝ ոչ ոք չի կարող Հայաստանից ավելի շահագրգռված լինել, որ ապաշրջափակման համար ընտրվի լավագույն երթուղին։ Ասում է՝ բացի Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովելուց այդ ճանապարհով է անցնելու Կասպից և Միջերկրական ծովերի բեռների մի մասը։
 
«Ուզում ենք, որ այդ ճանապարհից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, բեռներ փոխադրվեն, ըստ այդմ՝ ՀՀ-ն ավելի շատ եկամուտներ ստանա։ Եթե պարզվի՝ անցուդարձ չկա, եկամուտ չի բերում, կստացվի պետբյուջեի գումարը մսխեցինք»,- շեշտել է նա։
 
Փաշինյանի խոսքով՝ երթուղին պետք է լինի կարճ, հարմար, տարվա բոլոր ամիսներին հասանելի։ Տեղեկացրել է՝ լավագույն երթուղին գտնելու համար միջազգային փորձագետներ են հրավիրվել․
 
«Եթե Բաքվի համար սա իսկապես կոմունիկացիաների հարց է, այլ ոչ թե էսկալացիայի պատրվակ գտնելու, ապա հարցը գործնականում լուծված է»։
 
Խոսելով հայկական կողմի նոր առաջարկի մասին՝ նա նշել է, որ պատրաստվում են Բաքվին ներկայացնել նախորդի պարզեցված տարբերակը։ Հիշեցնենք՝ Հայաստանն առաջարկել էր, որ սահմանային և մաքսային ծառայությունը պատվիրակվի։ Ադրբեջանական կողմն էր մտավախություն հայտնել սահմանին հայ-ադրբեջանական անմիջական շփումների վերաբերյալ։
 
«Եթե գնում ենք տարածաշրջանում խաղաղության օրակարգ հաստատելու, ասել, որ ադրբեջանցին հայի հետ չպիտի շփվի կամ հակառակը, այնքան էլ ճիշտ չէ»,- նկատել է Փաշինյանը։
 
Նրա կարծիքով՝ դժվարություններ կլինեն, բայց դրանք կարելի է հաղթահարել, օրինակ՝ միջազգային կառույցների դասընթացների միջոցով։ Բացի այդ, ասում է՝ բազմաթիվ գործողություններ հնարավոր է կատարել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ, եթե «երկու երկրների ծառայությունները փոխգործակցեն»։
 
«Ապառազմականացման առաջարկը
հետագայում կդառնա քննարկման առարկա»
 
Նման տեսակետ է հայտնել Փաշինյանը՝ նշելով, որ Սոչիի հանդիպման ժամանակ արված առաջարկի արձագանքների մասին չի ուզում խոսել, հետո չպարզվի, թե ճիշտ չի մեկնաբանում դրանք։ Խոսքն Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին է։
 
Հայկական կողմը նման առաջարկ է արել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված՝ ընդգծելով՝ պետք է իրականացնել զորքերի հետքաշում, ստեղծել 3 կմ-անոց ապառազմականացված գոտի։
 
«Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն այդ հատվածից, պահպանությունն էլ հանձնվի սահմանապահ զորքերին»,- պարզաբանել է նա։
 
Այս առաջարկը հայկական կողմն առաջին անգամ չէ, որ հնչեցնում է։ Փաշինյանի փոխանցմամբ՝ նորությունն այն է, որ եթե սկզբում առաջարկում էին, որ Ռուսաստանն իրականացնի միջազգային մոնիթորինգը, հիմա ներառել են մի քանի տարբերակներ՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Եվրամիություն։
 
Ռուսական առաջարկն ուժի մե՞ջ է
 
Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ը չի հիշատակվել Սոչիի հանդիպումն ամփոփող հայտարարությունում, քանի որ կողմերը այս փուլում «բավարար և կոմպրոմիսային» են համարել ձևակերպումը, թե «մշակումների հիման վրա կշարունակեն աշխատանքը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
 
Նրա խոսքով՝ այդպիսի մշակումներից մեկն էլ կարգավորման ռուսական առաջարկն է։ Ասում է՝ ՌԴ-ն պետք է հրապարակային պատասխանի հարցին՝ շրջանառվո՞ւմ է ռուսական առաջարկը, թե՞ ոչ։
 
«Առանց երաշխիքների խաղաղապահները չեն կարող դուրս գալ»
 
Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ՝ Սոչիում նշել է՝ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման մասին, սակայն «փոխըմբռնում» չի եղել։
 
Նրա գնահատմամբ՝ խաղաղապահների ներկայությունը կարող է պահանջված չլինել միայն այն դեպքում, եթե ստեղծվեն և փորձարկվեն ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխիքներ։  
 
«Առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման խաղաղապահներն ուղղակի չեն կարող դուրս գալ։ Ահա թե ինչու։ Զորախումբը ԼՂ-ի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա։ Որոշման մեջ գրված է՝ տեղակայվում են ԼՂ-ի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար։ Եթե այդ սպառնալիքը վերացված չէ, չի կարող այնտեղ խաղաղապահ չլինել»,- հայտարարել է Փաշինյանը։
 
Ասում է՝ եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ՌԴ-ն Ղարաբաղից դուրս գալու որոշում կայացնի, պետք է դուրս գա միայն լրացուցիչ երաշխիքներ ստեղծելուց հետո։ Օրինակ՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտագության խորհրդին և նշելով, որ ֆիքսել է սպառնալիքը, բայց «չի կարողանում կամ չի ուզում հասցեագրել այն»։
 
«Եթե ԼՂ-ը բանակցային գործընթացից դուրս չթողնվեր,
հարցը լուծված կլիներ»
 
Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ-ի հայերի իրավունքները պաշտպանելու լավագույն ձևը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունն է։ Ընդգծում է՝ բոլոր բանակցություններում, այդ թվում՝ Պրահայի և Սոչիի հանդիպումների ժամանակ այդ դիրքորոշումը հայտնել է։
 
«ԼՂ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն։ Կարծում եմ՝ եթե ԼՂ-ը դուրս թողնված չլիներ գործընթացից, հարցը վաղուց արդեն կարգավորվել էր»։
 
Հարցին՝ իսկ եթե ուղիղ երկխոսության դեպքում Հայաստանը դուրս մնա՞ գործընթացից՝ վարչապետը պատասխանել է․
 
«Հայաստանը ուզենա էլ չի կարող դուրս մնալ այդ խոսակցությունից»։
 
Որպես հիմնավորում Փաշինյանը նշել է, որ հիմնախնդիրը Երևանի համար հատուկ կարևորություն ունի, իսկ ԼՂ-ի հայրենակիցներին պաշտպանում է «բոլոր հնարավոր միջոցներով»։
 
Նրա խոսքով՝ չկա բանակցություններում իր կողմից արտաբերված որևէ նախադասություն, որից Արցախի իշխանությունը տեղյակ չլինի։ Ասում է՝ կա ընդհանուր ըմբռնում ռազմավարությունների և պատկերացումների մասին։
 
«Նոր աղետների առաջ չպետք է կանգնեցնենք
Հայաստանն ու Արցախը»
 
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ չկա որևէ երկիր, որը ԼՂ-ի հարցը չի դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ասում է՝ չի ուզում, որ որևէ մեկն «իլյուզիաներ» ունենա։ Փաշինյանի փոխանցմամբ՝ դեռևս 2007 թ․-ին Հայաստանն էլ է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։
 
Լրագրողի հարցին՝ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը՝ «Արցախը Հայաստանն է, և վերջ», թե՞ «Արցախն Ադրբեջանի մաս» է, պատասխանել է՝ ասելով, որ «պետք է առերեսվել իրականությանը, որքան էլ ցավալի ու դժվար լինի այն ընդունել»։
 
Նրա դիտարկմամբ՝ երկար տարիներ Հայաստանի դիվանագիտությունը կառուցվել է այն տրամաբանությամբ, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը գոյություն չունեն․
 
«Այս իրավիճակում, եթե չենք ուզում աղետների առաջ կանգնեցնել Հայաստանն ու Արցախը, չպետք է միայնակ ամբողջ աշխարհի դեմ կռիվ տանք, որովհետև չենք կարող։ Պետք է առերեսվենք՝ ինչ ենք արել, արդյունքում ունենանք հասկանալի, իրագործելի ծրագիր՝ ինչպես ենք լուծում, հասցեագրում խնդիրը»։
 
«Իրանին անհանգստացնող այլ դերակատարները ՀՀ-ում չեն»
 
Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը։ Անդրադառնալով տեղակայումից հետո դիտորդների կողմից հրադադարի խախտումների արձանագրման վերաբերյալ հարցին՝ նա շեշտել է, որ Եվրամիության դիտորդներն այստեղ չեն «ամեն օր հայտարարություններ անելու համար», բացի այդ՝ հրադադարի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում։
 
«Իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պետք է անեն, փոխանցեն միջազգային հանրությանը, ինչպես նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ»,- շեշտել է նա։
 
Հայաստանի վարչապետը նշել է, որ Արևմուտքը երկրում ներկա է եղել միշտ՝ դեսպանատների, առաքելությունների, ներդրումների տեսքով և հույս հայտնել, որ Իրանի գործընկերների համար «բավարար» են եղել այն պարզաբանումները, որոնք հայկական կողմը ներկայացրել է։
 
«Չեմ կարծում, թե քաղաքացիական դիտորդների ներկայությունը Իրանին անհանգստացնում է։ Իմ տպավորությամբ՝ այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում, բայց դրանք ամենևին Հայաստանում չեն»,- հայտարարել է նա։
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Իրանը տարածաշրջանային և միջազգային հարցերում կարևոր դերակատար է, որի հետ Հայաստանը սերտ համագործակցում է։ Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները առաջ են գնում «բնականոն զարգացման ճանապարհով»։
 
Երևանի և Անկարայի «խոսույթներն անհամատեղելի չեն»
 
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ առաջին շփումներից՝ հեռախոսազրույցից և հանդիպումից Հայաստանի վարչապետը դրական տպավորություն է ստացել։ Ասում է՝ խոսույթներն անհամատեղելի չէին, ինչը նշանակում է, որ կա հարաբերությունների կարգավորման հնարավորություն։
 
«Սա չի նշանակում, որ մենք կամ Թուրքիան մեր որևէ դիրքորոշումից հրաժարվել ենք»,- հայտարարել է Փաշինյանը։
 
Նրա դիտարկմամբ՝ կա երկու տարբերակ՝
 
հարցը գնահատել որպես չլուծվող կամ
 
գույքագրել բազային ինֆորմացիան, անընդհատ թարմացնել այն, տեսնել, որ թեկուզ փոքր, բայց տեսական հնարավորություններ կան։
 
Փաշինյանը նշել է, որ թեև կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, սակայն հայկական կողմը գիտի՝ «խոսակցության մեջ ներկա է նաև Ադրբեջանը»։
 
Էրդողանի հետ հանդիպման ժամանակ փորձել է ներկայացնել Թուրքիայի դիրքորոշումների վերաբերյալ Հայաստանի ընկալումները, հասկանալ Ադրբեջանի և Թուրքիայի ընկալումները։
 
«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք նոր խոսույթ են բերում։ Վերջերս նկատեցի, որ նախագահի մամուլի խոսնակը կարևորել էր ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հարցը, ինչը նույնպես կարևոր բաղադրիչ է»,- ասել է վարչապետը։
 
Փաշինյանը կարծիք է հայտնել, թե՝ պարզ ու հայտնի է, որ Բաքուն և Անկարան սերտ հարաբերություններ ունեն, բայց ինքը չգիտի՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի մոտեցումը, եթե «բոլորի համար ակնհայտ դառնա, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին»։