Ռուսական «սապոգի «աղբը» Հայաստանում

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՋԻՀԱԴԻՑ ՆԱԵՎ ՄԵՆՔ ՏՈՒԺՈՒՄ

Գյումրիի 102-րդ  ռուսական ռազմաբազան արդեն  երկար  ժամանակ է՝  մեր ժողվրդի զարմանքի և մամուլի ուշադրության կենտրոնում է:  Սեփական  բնակարանում խաղաղ նիրհող  Ավետիսյանների ընտանիքի սպանդը՝ Պերմյակով կոչվող տականքի կողմից,  վեր հանեց ռազմաբազայում տիրող անառողջ մթնոլորտը: Մասնավորապես, ոչ պատշաճ կարգուկանոն, զինծառայության համար ոչ միայն  ոչ պիտանի, այլև վտանգավոր  քաղաքացիների առկայություն:  Թվում էր, թե այդ սարսափելի ոճրագործությունից, հայ հանրության ընդվզումից հետո Ռուսաստանի պատկան մարմինները կսթափվեն, որոշակի եզրահանգումներ կանեն և փոփոխություններ կկատարեն անվտանգության համար պատասխանատու կառույցում: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ: Սկսենք սկզբից:

 Ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի  ոճրագործությունից հետո վարկածներ  շրջանառվեցին, թե արտաքին ուժերի համար ռազմաբազան հիանալի միջոց է՝ Հայաստանում խժդժություններ հրահրելու, հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու, այնուհետև Հայաստանին ստիպելու, որ խզի ռազմական համագործակցությունը ՌԴ հետ: Իսկ թե ի՞նչ կլիներ դրանից հետո՝ բոլորիս  համար պարզ է:

Այս տարվա ապրիլի 22-ին ռուսական ռազմաբազայի  զինծառայող  Դմիտրի Յալպաևի սպանությունը վերակենդանացրեցին վարկածները: Պարզվեց՝ ազգությամբ հայ, ստեփանավանցի Արման Ջանջուղազյանը  կտրող-ծակող առարկայով մահացու 8 հարված է հասցրել  ռուս  զինծառայողին:  Ըստ նախնական պաշտոնական տեղեկատվության՝ արարքի դրդապատճառը մեղադրյալի  հոգեկան անհավասակշիռ վիճակն է եղել: Սակայն հետագայում նոր հանգամանքներ ի հայտ եկան: 

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արման Ջանջուղազյանը եղել է մահմեդականացված հայ, ընդունել է իսլամ և չի թաքցրել մահմեդական լինելը:  Նրա մոտ  Ղուրան են գտել, մարմնի վրա՝ Ղուրանի դաջվածքներ: Մինչ սպանությունը, ապրել է Ստեփանավանում պապի հետ, իսկ հետո եկել Գյումրի, հայտնվել այն թաղամասերում, որտեղ ռուս զինվորականներ են լինում:  Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արման Ջանջուղազյանը պատահական մարդ չէ, գուցե հոգեկան հիվանդ էլ չէ: Հավանաբար,  ուղղորդված է եղել իսլամիստների կողմից, որոնք ՌԴ-ին ջիհադ են հայտարարել: Իսկ ՀՀ-ն իսլամիստների համար թշնամի ՌԴ-ին դաշնակից երկիր է: Չմոռանանք՝ նրանց հովանավորում է նաև Թուրքիան, որը թշնամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Թե ինչքանով կհաստատվի  այս վարկածը՝ գործի քննությունը ցույց  կտա:

Ռազմաբազայի շուրջ աղմուկն այսքանով չի ավարտվում: Եթե ռուս զինվորի սպանությունը համարենք արտաքին ուժերի  գործ, ապա այսօր տարածված տեղեկությունը ռազմաբազայի բարձիթողի վիճակի, անկազմակերպվածության դրսևորում է: Բանն այն է, որ Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը: 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը, ով անձամբ էր եկել՝ հանդիպելու աշխատակիցների հետ, ասաց, թե տեղյակ չի եղել խնդրին, ապա խոստացավ զբաղվել դրանով:

Ո՜վ զարմանք, հրամանատարը տեղյակ չէ չվճարված աշխատավարձերից: Նույն կերպ տեղյակ չէին նաև Պերմյակովի գործողությունների՞ց: Ու այս զորամիավորմա՞նն է ինչ-որ չափով հանձնված մեր երկրի անվտանգությունը:  Հետաքրքիր է՝ սա՞ է ռուսական բանակի դեմքը՝ այս  անկարգապահությունը, անկազմակերպվածությունը, թե՞ միգուցե ռուսական «սապոգն»իր «աղբը»որպես «օրհնություն»այն երկրին է մատակարարում, որին ռազմավարական դաշնակից է կոչում: Այն երկրին, որի թշնամուն էլ զենք է մատակարարում: 

«Մտրակի և բլիթի» մեթոդն է գործում: