Բարաթ ասելիս՝ ծնկներս ծալվում են

ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

«Ծառուկյան» դաշինքում մանդատակռիվը կարծես թե հանգուցալուծվեց: ԿԸՀ դիմած՝ պատգամավորական մանդատից հրաժարվել չցանկացող 12 թեկնածուներից 8-ի դիմումը պատկան կառույցը բավարարվեց:

Որտեղի՞ց սկսվեց այս ողջ պատմությունը: Թելի կծիկը քանդեց դաշինքի վարկանիշային թեկնածու Նապոլեոն Ազիզյանը, ով հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել:

Ազիզյանի այս հայտարարությունից հետո անմիջապես լրատվամիջոցները այլ պատգամավորներից ևս հետաքրքրվեցին՝ թե նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրե՞լ են: Մեկ ամիս ջրի հատակից դուրս չգալուց  հետո, վերջապես դաշինքի պատգամավորի թեկնածուները ստիպված հարեան ի մեռելոց՝ երբ դաշինքը նոտարական վավերացմամբ մանդատից հրաժարվելու դիմումները տարան ԿԸՀ: Մանդատից հրաժարվել չցանկացողներից 1-2-ը միայն խոստովանեցին, որ  իրենց կամքով են գրել այդ դիմումները: Բայց բացատրություններն, իրոք, ծիծաղելի էին և անհեթեթ: 

Պատգամավորի թեկնածուներից մեկը՝ Սերգեյ Բագրատյանը, ասում է, թե թղթի տակ ստորագրել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ից գուցե բացակայի, և դաշինքը կարողանա իր փոխարեն որոշում կայացնի: Նախ ընտրություններին մասնակցած և խորհրդարան մտնելու շանս ունեցողն ինչո՞ւ պետք է ՀՀ-ից բացակայելու մասին մտածի: Եթե կարճաժամկետ բացակայության մասին է խոսքը, այն էլ՝ զարգացած բազմապիսի հեռակապերի մեր ժամանակներում, ուրեմն ինչո՞ւ պետք է դաշինքն իր փոխարեն որոշում կայացնի: 

Հրանտ Դավթյանի բացատրությունը ևս զարմանալի է: Ի՞նչ է նշանակում վարկանիշային ընտրակարգով առաջադրվել, գումարներ ծախսել, ընտրարշավ վարել, ընտրություններից հետո գրել մանդատից հրաժարվելու դիմում, իսկ հետո ասել՝ փոշմանել եմ, բարաթս տվեք:

Այս ամենից երկու ենթադրություն կարող ենք անել: Կա՛մ  հիմնազուրկ չէին այն խոսակցությունները, թե դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է բոլորին ստիպել ինքնքբացարկի դիմումներ գրել: Կա՛մ՝ այս մարդիկ զուրկ են տարրական սկզբունքներից: Ո՞ւմ կամ ինչի՞ վրա վստահ չեն եղել, որ ստորագրել են չարաբաստիկ  թղթերը: Հանկարծ հասկացել են, որ արժանի չե՞ն օրենսդրի բարձր տիտղոսին, թե՞…

ՀԳ.  Տպավորությունն այն է, որ քաղաքական դաշտում անսկզբունքայնությունը դարձել է սովորական ապրելակերպ: Ու եթե ապագա պատգամավորներն այսքան անփույթ են սեփական հեղինակության հանդեպ, ուրեմն ինչպե՞ս կվերաբերվեն երկրի ու ընտրողի համար կենսական  խնդիրների դեպքում: