Հայ-թուրքական «հրեշտակների» ցանցը կստեղծվի

ԴԵՍՊԱՆԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Թող չուզողն ու կասկածողը միայն մենք լինենք, բայց հրեշտակների ցանցը կկայանա,  երկխոսության հիմք կդրվի, եթե «հրեշտակ» բառի վերջին վանկը հանկարծ չանջատվի, ու նորից մնա անվերջույթ հրեշ-ը:

Երևանում այսօր առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում: Միջոցառման նպատակն է Հայաստանում ու Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձը: 

Ներդրողների համագործակցությունն, իրոք, հետաքրքիր է, սակայն  ներառում է  համագործակցություն ՏՏ ոլորտում: Նախաձեռնությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեինն է: Վերջին շրջանում Ֆրանսիայի դեսպանը,  ԱՄՆ-ից հետ չմնալով, փորձում է տարբեր ծրագրերում նախաձեռնողի դերում լինել: Բայց, հաշվի առնելով, որ Ֆրանսիայում նախընտրական գործընթացներ են, և երկիրն իշխանափոխության շեմին է, Ֆրանսիո դեսպանի այս ակտիվությունը չենք համարի նրա երկրի կառավարության դիրքորոշումը: Ո՜վ գիտե, թե Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո ինչ կփոխվի:

Այն, որ հակամարտող երկրների հանրությունները փորձում են տարբեր հարթակներում շփվել, դա լավ է: Բայց երբ այդ ցանկությունն ու ջանքերը միակողմանի են, ապա նման միջոցառումները բացի ժամավաճառությունից այլ բան չես  համարի:

Բացի այդ՝  ՏՏ ոլորտում երկու երկրների ներդրողների համագործակցությունն այդ ի՞նչ աստիճանի պետք է լինի, որ  բեկում մտնցի երկու ժողովուրդների հարաբերություններում, առավելևս, երբայլ ոլորտներում շփումներչկան: Ավելին՝ Թուրքիան նույնիսկարգելել է հայկական ցանկացած ապրանքի մուտք իր երկիր, մինչդեռ Հայաստանը արգելքներ չի դնում:

 Հիշեցնենք նաև, որ Թուրքիայում անգամ ՏՏ ոլորտի նկատմամբ որոշակի վերապահումներ ու վերահսկողություն կա: Չմոռանանք՝ Թուրքիայում ձախողված հեղափոխության օրը Էրդողանի սկայպային ուղերձը: Այն իսկական զավեշտ էր, քանզի Թուրքիայի նախագահը  2014 թ-ին հայց էր ներկայացրել մի քանի սոցցանցերի դեմ, ապա հրահանգել արգելափակել Յութուբը: