Հետաքրքիր նշանակում ԱԻՆ-ում

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ ԿՕԳՆԻ՞, ԹԵ՞ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՊՐԻԱՄՈՎԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ՀՀվարչապետի որոշմամբ  այսօր նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Ո՞վ է Էնրիկո Ապրիամովը: Կենսագրությունից  տեղեկանում ենք, որ  ստացել զինվորական բարձրագույն կրթություն:  Հայկական զինված ուժերում է դրանց կազմավորման առաջին օրվանից: Ի տարբերություն այլ զինվորականների, Ապրիամովը հայկական զինուժում  չվարկաբեկված բարձրաստիճան սպաներից է: Համենայնդեպս նրա անվան հետ  երբևէ չեն կապել տարատեսակ կոռուպցիոն սկանդալներ, որոնք մի շարք զինվորական պաշտոնյաների ազատման պատճառ դարձան:

Իհարկե, կարող էին զինվորական կենսաթոշակային տարիքը պատրվակ դարձնելով՝ նրան վաստակած հանգստի ուղարկել:Հայտնի փաստ է՝ 25 տարիների մեր քաղաքական դաշտի փորձը ցույց է տալիս, որ երբեմն տարիքը լավագույն պատճառ է՝ անցանկալի անձանից ազատվելու համար: Մինչդեռ ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալի դեպքում այդպես չեղավ:

Պատահակա՞ն է արդյոք այս նշանակումը: Կարծում ենք՝ ոչ: Մանավանդ՝վերջին շրջանում խոսում են  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնին հրաժեշտ տալու մասին:  Ավելին՝ անգամ գրում են, որ Տոնոյանը չի հարմարվում նոր աշխատելաոճին, իրեն ժամանակավոր մարդ է զգում ԱԻՆ-ում: Այնպես որ՝ հաջորդ կառավարությունում գուցե Ապրիամովը լինի ոչ թե փոխնախարարի, այլ նախարարի կարգավիճակում:

Չենք բացառում նաև երկրորդ վարկածը: Եթե շատ անկեղծ՝ ապա որքան էլ Տոնոյանը բանիմաց, լավ կրթություն ստացած կադր է, այնուամենայնիվ, հարուստ փորձառություն չունի, չնայած ժառանգել է գրեթե կայացած կառույց:  Այսինքն՝  Ապրիամովի նման կադրի նշանակումը գուցե օգտակար լինի նախարարի ու նախարարության հետագա աշխատանքի համար:  Մի խոսքով՝ մինչ մայիսի վերջը կտեսնենք, թե վերոնշյալ վարկածներից  որը  կյանքի կկոչվի:

 Ի ԴԵՊ. Ապրիամովի նշանակումը ԱԻՆ-ում մեկ այլ  ենթադրության առիթ էլ է տալիս:  Իշխանությունը փաստացի, ԱԻ ղեկավար կազմում կարծես թե ձևավորում է այսպես ասած ռազմա-քաղաքական փորձ ունեցող ղեկավար կազմ: Սրանով  նախևառաջ բարձրանում է  ԱԻՆ դերը՝ որպես ռազմաքաղաքական միավորի, որը կարող է օգտակար լինել ոչ միայն պետական կառավարման, այլև ներիշխանական հարաբերությունների համատեքստում: