Ո՞ւմ քվե տալ…

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթն ավարտվեց: Նախընտրական թոհուբոհի մեջ հայտնված մեր հասարակությունն այսօր ապրում է առաջիկա քվեարկության տեսլականով: Ընտրազանգվածի վերածված մեր հասարակության մեջ շատերը դեռ ծանրութեթև են անում, թե ում տան իրենց քվեն, շատերն էլ գուցե վաղուց արդեն որոշել են:
Մի քանի ընտրողի դիմեցինք հարցով, թե ո՞ւմ կտային իրենց ձայնը, եթե ընտրությունները նշանակված լինեին առաջիկա կիրակի: Ահա թե նրանք ինչ պատասխանեցին:    


Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.  ռեժիսոր
- Երբ հետևում ենք իշխող և ընդդիմադիր կուսակցությունների՝ տարիների ընթացքում դրսևորած ակտիվ ու պասիվ գործունեությանը, գալիս ենք այն եզրահանգմանը, որ էական չէ, թե որ կիրակին կլինի ընտրության օրը: Անձամբ ես չեմ վստահում այն կուսակցություններին, որոնք իրենք իրենց հաշիվ չտալով` բամբասանքի մակարդակի զրույցներ են վարում այս ու այն ամբիոնից և հույսը ուժը կորցրած հնամաշ հնարքների վրա դրած (մի զարկով ամեն ինչ լավ է լինելու)` փորձում են շահել ժողովրդի վստահությունը:
Ես չեմ վստահում այն կուսակցությանը, որը Հ1-ի եթերից խոսում է սերնդափոխությունից՝ նկատի ունենալով իշխանափոխությունը: Կարճ ասած` բառերի իմաստը չի տարբերակում: Ես ոչ միայն չեմ վստահում, այլ նաև իմ թշնամին եմ համարում այն կուսակցությանը, որը Արցախի հարցը շահագործում է ամենազազրելի մոտեցմամբ` դիպչելով մայրական զգացմունքներին և վստահեցնելով, թե իրենք անհանգստանում են զինվորի համար: Դրանով ոտնակոխ են անում հերոս զինվորների բաղձալի իղձը` լիովին ազատագրված տեսնել Արցախը, որի համար շատերը չխնայեցին իրենց կյանքը:
Հեղափոխությունն ու իշխանափոխությունը երբեք ժողովրդի շահերից չեն բխել` չնայած միշտ շահառվել է «հանուն ժողովրդի շահերի» լոզունգը:   
Որ կիրակին էլ ընտրությունը տեղի ուենա, ինձ համար պարզ է, որ պատկերը նույնն է լինելու, որովհետև երբ գիտակցված թե ենթագիտակցորեն` ժողովուրդն է իրեն առաջնորդ ընտրում, նա ընտրում է իրենից խելացի, բանիմաց կենսափորձով հարուստ, վտանգը շուտ կանխազգացող, հնարամիտ, հաջողակ ու ներքին մեծ ուժի տեր անձի: Իսկ այսօր…
Համոզված լինելով, որ նշածս հատկանիշներով առաջնորդ դեռևս ի հայտ չի եկել, կնախընտրեմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա՝ չցանկանալով Հայաստանը տեսնել որպես էքսպերիմենտալ երկիր:

Դավիթ ԵՂՅԱՆ.
-Ժողովրդական մի լավ խոսք կա. ասում են` երկու գլուխը մի կաթսայում չի եփվի: Այս ընտրություններին միևնույն կաթսայի մեջ այնքան շատ ու այնպիսի հակասական «գլուխներ» են խցկվել, որ հնարավոր է`«կաթսան» պայթի:
Ես լսում եմ, որ Հայաստանի պաշտպանության ամրապնդումը խոսափող դարձրած մի դաշինք խոստանում է հետագայում խորհրդարանում համագործակցել բոլորի հետ, բացի ՀՀԿ-ից: Իսկ այդ բոլորի թվում է նաև այն դաշինքը, որն իր համար կարգախոս է դարձրել իբր խաղաղության դիմաց հող հանձնելը: Բայց այս վերջին դրույթը երկու բան կարող է նշանակել` դավաճանություն և մտավոր հետամնացություն: Երբ մարդը մի պարզ ճշմարտություն չի հասկանում, այն է` մատդ տվեցիր գիշատչի բերանը, նա ամբողջ ձեռքդ կհախռի, նրա հետ հույսեր կապել չի կարելի: Իսկ ով նրանց հետ համագործակցի` նրանց կհավասարվի:
Այս պահին եթե ինձ ասեն, թե անպայման պետք է որևէ մեկին քվե տամ, որոշ վերապահումով, գուցե, «Ծառուկյան» դաշինքին ընտրեի: Մտածում եմ, որ նրանք արկածախնդիր չեն, բացի այդ էլ շատերի վստահությունն են վայելում և կարող են որոշ դրական դեր խաղալ: Թեև ճիշտն ասած՝ կգերադասեի ընդհանրապես ընտրատեղամաս չգնալ և չառնչվել այնտեղ տիրող մթնոլորտին:

Մարիետա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. դերձակուհի
-Անձամբ ես ընտրելու եմ «Ծառուկյան» դաշինքին: Միայն իրեն եմ հավատում, որովհետև բարի գործեր է անում, բարեգործությամբ է զբաղվում: Մնացածների ասածներին չեմ հավատում: Խոսում են մինչև հարյուր դոլար ընտրակաշառքի մասին, ավելի լավ է ես խիղճս մաքուր գնամ, իմ ուզածով ընտրություն անեմ:

Գայանե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ուսանողուհի
Ընդդիմադիր կուսակցություններն են ինձ համոզում: Նրանք, ովքեր կգան ու մի բան կփոխեն մեր երկրում: Դեռ հաստատ չեմ որոշել, թե ընդդիմադիրներից որին եմ ընտրելու, բայց որն էլ լինի, կարևորն այն է, որ ամեն ինչ փոխեն, մարդիկ սկսեն կարգին ապրել, տնտեսությունն էլ զարգանա, գները իջնեն: Պապիկիս նման չեմ ասի, թե միայն կոմունիստներին եմ ընտրելու, նրանց ժամանակ լեն ու բոլ ապրում էինք: Արդեն ութսուն տարեկան է և ուրախացել է, որ գնալու է ձայնը իր սիրելի կուսակցությանը տա: Հետո էլ` նրանցից ի՞նչ ընդդիմադիր…