«Նա գիտի՞, թե խորհրդարանական ընտրություններից հետո որտեղ է լինելու, որ որոշի՝ հանրաքվե անի, թե ոչ»․ Էդմոն Մարուքյան
- Մենք ունեցել ենք կոնսեսուս, որ կայուն մեծամասնության դրույթը պետք է հանվի Սահմանադրությունից,- «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում անցկացված քննարկմանը մասնակցել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հայտարարեց, որ Հայաստանն ունի նոր Սահմանադրության կարիք, և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նոր Սահմանադրության հայեցակարգը պետք է ավարտի մինչև 2026 թ․ ավարտը։
- Այստեղ շատ կարևոր հարց կա՝ վարչապետն ի՞նչ գիտի, թե խորհրդարանական ընտրություններից հետո ինքը որտեղ է լինելու, որ որոշի՝ հանրաքվե կարվի՞, թե՞ ոչ,- նշել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ․ գարնանը։ ԼՀԿ նախագահը նաև հավելեց, թե ինքը զգացողություն ունի, որ մինչև ընտրությունները իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել կայուն մեծամասնության դրույթից, հակառակ պարագայում դա անգամ ոչ թե հանրաքվեի, այլ Ազգային ժողովի միջոցով կփոխեն։
Դանիել Իոաննիսյանն էլ հավելել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ՝ Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը բարեփոխումների գործընթացի առաջամարտիկը չէ։ Խորհրդում իշխանությունների մյուս ներկայացուցիչը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի «հոգեզավակն» է։ Եվ նրանց գործելաոճի արդյունքում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները ձգձգվում են ու բովանդակային փուլ չեն մտնում։
- Եթե ուզենանք, որ այս կայուն մեծամասնության դրույթի կարգավորումը տարածվի 2026 թ․ ընտրությունների վրա, մենք պետք է այդ փոփոխությունը սկսենք հենց հիմա,- ասել է Դանիել Իոաննիսյանը։
Քննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձել են նաև Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող՝ Ադրբեջանի պահանջներին։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։