Արդյո՞ք BRICS-ին մոտենալու ժամանակը չէ

The Geopolitics/Գեոպոլիտիկա հարթակում Վահե Աղաջանյանը գրել է․
 
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Վենեսուելայում, որտեղ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, որի հաղթանակը, սակայն, չի ճանաչվել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից։
 
Շատ չմանրանալով Վենեսուելայի ներքաղաքական կյանքի մեջ՝ 2 բառով պարզապես ասեմ, որ ԱՄՆ-ի կողմից Մադուրոյին հեռացնելու ևս մեկ փորձ եղել է նաև տարիներ առաջ, սակայն նա կարողացել է մնալ նախագահի պաշտոնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի աջակցության շնորհիվ։ Այժմ էլ Մադուրոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել ու աջակցել են հենց այս երկրները։
 
Եւ ահա, Մադուրոն այսօր հայտարարել է, որ Վենեսուելան կարող է BRICS-ի (Ռուսաստան, Հնդկաստան, Իրան, Չինաստան և ընկերներ․․․) երկրներին իրավունք տալ իր տարածքում նավթ և գազ արդյունահանել։ Սա նշանակում է, որ BRICS-ը, որպես կազմակերպություն, կայանում է, զարգանում է և ընդլայնում է իր շուկան, ներգրավում է նորանոր ռեսուրսներ։ 
 
Սկսվել է մի գործընթաց, որն այլևս անկասելի է․ աշխարհը բաժանվում է նոր շուկաների, ազդեցության գոտիների։ Թվում է՝ ԱՄՆ-ի քթի տակ գտնվող Վենեսուելան հեռավոր մի երկիր է ու ինչպե՞ս պետք է այնտեղ տեղի ունեցողը ազդի Հայաստանի վրա։ Անմիջական կերպով, իհարկե, չի կարող ազդել, սակայն գործընթացի բովանդակային առումով այն պետք է հուշի Հայաստանին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում ու ինչպես է տեղի ունենում։
 
Հայաստանը նոր աշխարհում գոյատևելու, իր տեղն ունենալու համար պետք է հստակ ընտրի, թե որ շուկայում է տեսնում իրեն որպես պետություն։ Այո, հենց շուկայում, այլ ոչ թե ռազմաքաղաքական ինչ-որ դաշինքում։ ՆԱՏՕ՞, թե՞ ՀԱՊԿ ընտրությունը կեղծ օրակարգ է․ խնդիրը նոր կառուցվող աշխարհակարգում ընտրելն է, թե որ շուկայում ես դու քեզ տեսնում ու որ շուկան կարող է ապահովել քո զարգացումը և, ըստ այդմ, տալ նաև անվտանգային երաշխիքներ, քանի որ երբ ասում ենք շուկա՝ նկատի ունենք նաև միլիարդավոր դոլարների շրջանառություն, ներդրումներ, կոմունիկացիաներ, իսկ այս ամենը կայունություն և խաղաղություն են սիրում:
 
Հավելեմ, որ մեր 2 հարևանները, որոնք մեզ շատ են «սիրում», արդեն գործընթացներ են ցանկանում սկսել BRICS-ի ուղղությամբ, սակայն առնվազն Թուրքիայի մասով BRICS-ում կա որոշում՝ այս պահին չքննարկել այդ հարցը։ 
 
Այս անգամ մենք գնացքից ուշանալու իրավունք չունենք, իսկ այդ գնացքում նստելու և հարմար տեղավորվելու բոլոր հնարավորությունները տեսանելի ու շոշափելի են։
Հայկական դաշտում շրջանառվող «Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ» ընտրությունը ևս կեղծ է, չկա նման ընտրություն այսօր աշխարհում և չկա նման ընտրություն, որը դրվել է Հայաստանի առաջ։ 
 
Կան ձևավորվող 2 շուկաներ, որոնք իրար հետ նույնպես առևտուր են անելու։ «Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ» ընտրությունը կեղծ օրակարգ է թեկուզ հենց այն պատճառով, որ BRICS-ի պարագայում գլխավոր խաղացողը Չինաստանն է։ Խնդիրը կոմունիկացիոն և ենթակառուցվածքային առումով այդ շուկաներից որևէ մեկին ինտեգրվելն է, ինչը, սակայն, չի բացառում առևտուրը նաև մյուս շուկայի հետ։
 
Այս պահին աշխարհում ընթանում են այդ շուկաների ստեղծման աշխատանքները ու ռուս-ուկրաինական պատերազմը իր բովանդակությամբ ևս հենց այս համատեքստում է։ Պայքարը ենթակառուցվածքների, լոգիստիկայի, ռեսուրսների համար է ընթանում։ 
 
Հայկական քաղաքական ու վերլուծական դաշտում Թրամփի մասին ամեն օր խոսում են, սակայն չեն խոսում բուն ասելիքի մասին, իսկ այդ ասելիքը վերաբերվում է հենց շուկաներին, Չինաստանին ու Թրամփը ասում է, որ եթե մնում է Հարիսը, այս «բազառում» ամենամեծ «թիքյան» Չինաստանն է տանելու ու դրա հետոն՝ 10-20 տարվա կտրվածքով, շատ տխուր է լինելու ԱՄՆ-ի համար։ Սրա շուրջ է կռիվը ԱՄՆ-ի ներսում, ոչ թե Ուկրաինայի կամ որևէ այլ բանի։
 
Պետք է հետևել այս «խաղին», պետք է «զգալ» կատարվողը ու արագ կողմնորոշվել, որովհետև սխալ ընտրությունը ճակատագրական է լինելու Հայաստանի համար, իսկ ի՞նչ ասել է՝ սխալ ընտրություն։ Դա այնպիսի շուկա գնալն է, որտեղ դու ինտեգրվելու և փող աշխատելու՝ արտադրելու, վաճառելու, իրացնելու, ներկրելու, արտահանելու հնարավորություն չես ունենալու։