Արցախի հարցը տարածքի բռնազավթմամբ ու ցեղասպանությամբ չի լուծվել և մոռացության չի տրվելու

ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

33 տարի առաջ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որն ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, որն ինքնավար կազմավորումներին իրավունք էր տալիս դուրս գալ այն հանրապետության կազմից, որը լքում էր ԽՍՀՄ-ը։
 
Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր՝ ժողովրդավարական ազատ կամարտահայտությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն․ իրավական ճանապարհով ամրագրվեց հազարամայակներով Արցախում ապրող հայության անկախ ապրելու իրավունքը: Հանրաքվեին մասնակցածների 99,89%-ը «Այո» ասաց անկախությանը։ Արցախն իր անկախությունը հռչակեց գործող  Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Ադրբեջանն ի սկզբանե ռազմական ուժով և էթնիկ զտումներով էր որոշել «լուծել» արցախահայության ինքնորոշման և իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքները։
 
1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը  ձևավորեց Մինսկի խումբը, որի առաքելությունն ու խնդիրը հակամարտության խաղաղ կարգավորումն էր միջազգային իրավունքի շրջանակներում։ Սակայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ապա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ահաբեկչական ռազմական գործողությունների հետևանքով Արցախի տարածքը լիովին բռնազավթվեց, տեղի հայ բնակչությունը ցեղասպանությունից վերապրածի կարգավիճակով դարձավ էթնիկ զտման զոհ, խախտվեցին միջազգայնորեն ճանաչված նրա բոլոր իրավունքները։ Ադրբեջանը անազատության մեջ է պահում և խոշտանգում Արցախի տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարներին և պատանդ դարձած տասնյակ հայերի։
 
Բարբարոս ադրբեջանցիները Արցախի բռնազավթված տարածքներում հետևողականորեն ջնջում են հայկական հետքը՝ մշակութային պատմական ժառանգությունը, ենթակառուցվածքները, բնակելի տները, հայերի ստեղծած միլիարդների արժեք ունեցող նյութական-արտադրական կառույցները։ 
 
Համայն հայությունը պահանջում է միջազգային պատկան կառույցներից, մարդու և ազգերի իրավունքների ջատագով պետություններից, ի մասնավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՄՔԴ, հետևողական ջանքեր գործադրել՝ ստիպելով Ադրբեջանին ենթարկվել միջազգային իրավունքին և վերականգնել և իրացնել Արցախի հայության՝ ուժի գործադրմամբ խախտված հիմնարար իրավունքերը։ 
Հանուն Հայոց Արցախի պայքարը նոր դժվարին ոլորանում է, սակայն ելքեր կան, ցեղասպանություններ վերապրած հայ ազգը Հայաստանից սփյուռք միջազգային հանրության աջակցությամբ պետք է հետևողական և համակարգային պայքար մղի, որը պսակվելու է հաջողությամբ։  
 
Երբ միասին ենք, հաղթում ենք։
 
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական
շարժման համակարգող խորհուրդ
02․08․2024թ․