Մասնավոր անվտանգությո՞ւն

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դիտարկվում է Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կամ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը: Դրանով, կարծես թե, լուծվում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գլխացավանքը, որի շուրջ տևական ժամանակ է, ինչ բախվում են Հավաքական Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և այլ երկրների աշխարհաքաղաքական շահերը:
 
Խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ջանում է հաստատել «միջանցքի» նկատմամբ իր գերիշխանությունը՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասնակի կորստի: Վերը նշված հավակնորդների առաջին քառյակից ում էլ վիճակվի ձեռք բերել «միջանցքի» վերահսկողության իրավունքը, Հայաստանի համար կլինի չարիքի փոքրագույնը: Այլ բան, եթե, Աստված մի արասցե, բախտը ժպտա Թուրքիային: Դա Հայաստանի վերջաբանը կլինի, որովհետև Թուրքիան մեծ հնարավորություն կստանա վերամիավորելու թյուրքական աշխարհը և իրականացնելու Մեծ Թուրանի հարյուրամյա երազանքը՝ «Հայաստանն առանց հայերի»:
 
Ճանապարհների անվտանգության ապահովումը մասնավոր կամ պահնորդական ընկերությունների պատվիրակելու դեպքում Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի շահի: Ընդհակառակը՝ կստացվի, որ պաշտոնապես ճանաչում է սեփական տարածքում սեփական անվտանգությունն ապահովելու անկարողությունը և նախընտրում է կարևոր այդ հանձնառությունը փոխանցել մասնավոր ընկերության, որն ավելի վստահելի ու մասնագիտորեն ավելի պատրաստված է, քան պետական անվտանգության մարմինները: Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը և ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել:
 
Ամեն դեպքում այն, ինչ մտադիր է իրականացնել ՀՀ իշխանությունը՝ ի դեմս ԱԳ նախարարության, իրականում Հայաստանի ինքնիշխանության նշաձողի իջեցում է: Եթե երկիրն անկարող է սեփական տարածքում ապահովել անվտանգություն և պատրաստ է կամ ստիպված է իր սուվերեն իրավունքը զիջել ուրիշների, ապա մեծ է հավանակությունը, որ հաջորդիվ այդ տարածքի նկատմամբ կարող են վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնել այլ պետություններ՝ որպես հիմք ունենալով տվյալ երկրի անկարողության պաշտոնական ճանաչումը:
 
Օրինակ՝ չի բացառվում, որ ճիշտ դիվանագիտություն վարելով՝ մեր ոխերիմ հարևանը կամ որևէ այլ երկիր հարց կբարձրացնի, որ եթե Հայաստանն ի վիճակի չէ իր տարածքի մի հատվածում անվտանգություն ապահովել և պաշտոնապես ճանաչում է այդ փաստը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ մյուս հատվածներում ի վիճակի կլինի նման գործառույթ իրականացնել, հետևաբար մյուս հատվածների նկատմամբ ևս պետք է իրականացվի միջազգային վերահսկողություն՝ այլ պետությունների կամ մասնավոր ուժերի ներգրավմամբ: Սկզբունքը հետևյալն է. կա՛մ զորեղ ես՝ ընդհանրապես, կա՛մ անզոր ես՝ առհասարակ:
 
Եվ այդպիսի անխոհեմ քայլ անում է մի կառավարություն, որի համար, իբր, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անանց արժեք են: Բայց տեղի ունեցողը դեռ սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև՝ թե ում կազմակերպությունը Հայաստանում պետք է անվտանգություն ապահովի: Ժամանակին Պանաման, Եգիպտոսը նմանապես իրենց տարածքներով անցնող հաղորդակցությունները զիջել էին մասնավոր ընկերությունների, հետո այդ սխալը շտկելու համար շատ արյուն հեղվեց, ու մեծ ջանքեր պահանջվեցին: