Ունի՞ արդյոք Արցախի հայությունն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտություն

Արցախի Հանրապետության դեմ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայից մեկ տարի անց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը 2024թ. սեպտեմբերի 2-ին, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նույն թվականի սեպտեմբերի 19-ին և Կանադայի վարչապետը նույն թվականի սեպտեմբերի 22-ին հանդես են եկել բանաձև-հայտարարություններով:
 
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, մասնավորապես, միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանելու Լեռնային Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Ադրբեջանին՝ հարգելու Արցախի հայերի տվյալ իրավունքը: 
 
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, մասնավորաբար, հանդես է եկել իրենց պապենական հողերում արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին: 
 
Իսկ Կանադայի արտգործնախարարն էլ, մասնավորապես, հանդես է եկել ադրբեջանաարցախյան հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու աջակցման օգտին՝ կարևորելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներն ու ինքնորոշման իրավունքը:
 
Հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ըստ հայտարարությունների հեղինակների՝ Արցախի հայությունը դեռևս չի իրացրել ինքնորոշման իր իրավունքը: Պետք է ստեղծվեն անհրաժեշտ և բավարար պայմաններ այդ իրավունքի իրացման համար:   
 
Հարկ է նշել, որ սա թյուրիմացություն է և հետևանք միջազգային հանրության շրջանում տասնամյակներ շարունակ գլխավորապես հայկական կողմի իրականացրած, իսկ ավելի շուտ չիրականացրած, ոչ բավարար քարոզչական, տեղեկատվական աշխատանքի:
Նպատակ ունենալով որոշակի չափով լրացնելու այդ բացը՝ անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը:
 
«Ինքնորոշում» հասկացության պարզաբանմանը վերաբերող միջազգային իրավական բոլոր ակտերը, մասնավորապես՝ 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերը, 1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիրը, 1975թ. օգոտոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտը, 2007թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիրը, անառարկելիորեն վկայում են այն մասին, որ ինքնորոշումն իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն, առանց արտաքին միջամտության որոշելու և իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը ազատորեն հետամուտ լինելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է: Եվ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը: 
 
Իսկ այդ իրավունքի իրացման ձևեր են հանդիսանում անկախ և ինքնիշխան պետության ստեղծումը, անկախ պետության հետ միացումը կամ միավորումը, կամ որևէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշվել է ժողովրդի կողմից:
 
1991թ. սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ավելի քան 40 միջազգային անկախ դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:
1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացված անկախության հանրաքվեին հետևել են չորս տասնյակ անկախ միջազգային դիտորդներ: Դիտորդները եղել են Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից:
 
Հանրաքվեից անմիջապես հետո անկախ միջազգային դիտորդները հրապարակել են
«Ակտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ», որտեղ արձանագրել են, որ իրենք հանրաքվեի ընթացքին հետևել են Ստեփանակերտում, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջաններում: Անկախ դիտորդները հայտնել են, որ քվեաթերթիկները տպագրվել են երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն:
 
Անկախ միջազգային դիտորդներն արձանագրել են նաև, որ իրենք հետևել են և՛ հանրաքվեի ընթացքին և՛ ձայները հաշվելու պրոցեսին և որևէ խախտում չեն արձանագրել: Դիտորդները միաժամանակ նշել են, որ «…հանրաքվեն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ (Ադրբեջանի կողմից իրականացվող - Ս. Հ.-Ջ.) ռազմական ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի չդադարող հրետակոծություններով տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներ և հրետանի: Քվեարկության օրը հրետակոծություններից զոհվել են 10, վիրավորվել 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծ մասը գիշերում է նկուղներում, փակ են մանկապարտեզները, դպրոցները:… Պայթեցվել է քաղաքի ջրամատակարարման ցանցը, չկա հաց, դեղորայք»:
 
Նկատի ունենալով արցախահայության՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ:
 
Այսպիսով, Արցախի Հանրապետության հետագա պետական-իրավական կարգավիճակի հարցով Արցախի Հանրապետությունում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու մասին գաղափարը և ցավալիորեն դրա, որպես առաջարկություն, ամրագրումը «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, ինչպես նաև այդ առաջարկության ընդունումը Հայաստանի Հանրապետության կողմից, նշանակում է չճանաչել, որպես կայացած փաստ, 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեն և 1992թ. հունվարի 6-ին Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագիրն ու Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, որի նախաբանում հիշատակված է անկախության հռչակագիրը:
 
Արցախի Հանրապետության հետագա պետական-իրավական կարգավիճակի հարցով Արցախի Հանրապետությունում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կողմից նախկինում հնչեցված հայտարարությունները նշանակում են Արցախի Հանրապետությունում 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեի լեգիտիմության կամավոր մերժում:  
 
Իսկ միջազգային հանրության կողմից հնչող նմանատիպ հայտարարությունները հայկական կողմից անպատասխան թողնելու վարքագիծը վկայում է միջազգային հանրության հետ հայկական կողմի համախոհության մասին:
 
Արցախի հայությունն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը: Արցախահայության կողմից միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն և դրա արդյունքներն անվիճելի են, իսկ Արցախի Հանրապետությունն անսակարկելի արժեք է: 
 
Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը և Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչակազմը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք հանդիսացող Արցախի Հանրապետության անկախությունը և աջակցի օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեօկուպացիային:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Քաղաքագետ