Անակնկալ՝ Արփինե Հովհաննիսյանի համար

ԻՍԿԱՊԵ՞Ս ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ

Մրցակցություն, իհարկե, չկար. փոխնախագահների երեք տեղերի համար առաջադրված 3 թեկնածուներն էլ պիտի որ ընտրվեին: ՈՒ ընտրվեցին: Բայց քվեարկության պատկերն, իրոք, հետաքրքրիր էր: 
 
Նորընտիր ԱԺ-ն այսօր ԱԺ-ի փոխնախագահներ ընտրեց: ՀՀԿ-ն առաջարկել էլ Էդուարդ Շարմազանովի և  արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները:  Սահմանադրության համաձայն` ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի  ընդդիմությունից: «Ծառուկյան» դաշինքն առաջադրել էր Միքայել Մելքումյանին: 
 
Պարզվեց` քվեարկությանը մասնակցած  100 պատգամավորներից  22-ը դեմ են եղել Արփինե Հովհաննիսյանին:  Քվեարկության այսպիսի պատկերն անակնկալ էր նախկին նախարարուհու համար: Վերջինս իր հակիրճ ելույթում  փոքր-ինչ լարված, զուսպ զայրույթով շնորհակալություն հայտնեց քվեարկության բոլոր մասնակիցներին՝  «դեմ»  քվեարկողների անձնավորված քայլը որակելով ազնվություն:
 
ԱԺ-ի միջանցքներում հիմա փսփսում են՝ տեսնես ովքեր են այդ 22-ը: Արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, թե  Արփինե Հովհաննիսյանի կուսակից  ՀՀԿ-ական  կանայք չեն հաշտվում  երիտասարդ գեղեցուհու աշխատանքային ու քաղաքական առաջընթացով: 
 
Ի դեպ, նկատելի է, որ Արդարադատության նախարարությունից ԱԺ տեղափոխված, այժմ էլ փոխնախագահի կարգավիճակով Արփինե Հովհաննիսյանը  կարծես թե մեկուսացել է իր շրջապատից, դարձել մտախոհ: Միայնակ  կարող է շրջել միջանցքում, մի քանի բառ փոխանակել ու մտնել իր աշխատասենյակ: