Ստվերի դեմ պայքարի նոր առաջարկ

ԱՅԴ «ՆՈՐԸ» ԱՐԴԵՆ ՓՈՐՁԱՐԿՎԱԾ ՀԻՆՆ Է

Խորհրդարանում փոխնախագահների ընտրությունից  հետո  օրենսդիրների ուշադրության կենտրոնում  ԱԺ-ի հանձնաժողովների հարցն է: 3 հանձնաժողովներիի նախագահները պետք է լինեն «Ծառուկյան» դաշինքից, 6-ը՝ իշխող ՀՀԿ-ից: Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն իրենց խոսքում ներկայացրին այն խնդիրները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեն: Իսկ դրանք գրեթե նույն այն թեմաներն են, որոնց մասին խոսվում է ամեն առիթով՝ գյուղացու բեռի թեթևացում, հանքերի անխնա շահագործում, ընտրություններում կրթական օջախների ներկայացուցիչների ներգրավվածության բացառում, պայքար ստվերի դեմ: 
 
Հետաքրքրիր խոսակցություն ծավալվեց ստվերի դեմ պայքարի ցավոտ հարցի քննարկմանը: Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանի կարծիքով՝ իշխանությունը գիտի, թե ովքեր են  ստվերում գործում, և դժվար չէ նրանց բացահայտել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ստվերում գործողները քաղաքական հովանավորչություն ունեն՝ տանիք, որն էլ թույլ է տալիս «բարեխղճորեն» խուսանավել և հարկային պարտավորություններն ամբողջությամբ չկատարել: 
 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խուսափեց «քաղաքական   հովանավորչություն» արտահայտությունից, բայց դրա փոխարեն առաջարկեց ստվերի դեմ պայքարի մի այլ տարբերակ, որը ժամանակին կիրառել է Թուրքիայի  նախկին նախագահ Թուրգութ Օզալը: Ըստ դրա՝ սպառողն  ամեն ամսվա վերջում հարկային մարմիններին է ներկայացնում ՀԴՄ կտրոններն ու իր ծախսած գումարի մի մասով փոխհատուցում ստանում: Հարությունյանի կարծիքով՝ սա լավ արդյունք  կարող է տալ՝ պետական գանձարանը լցնելու համար: Նա հիշեցրեց, որ ժամանակին փորձ արեցին շահող կտրոն վիճակախաղով հարցը լուծել, ինչը, սակայն, անհաջող դուրս եկավ: Մինչդեռ որպես օզալյան տարբերակ ներկայացված առաջարկը մեր երկրում ևս կիրառվել է: Ոչ միայն գնորդներն էին ջանադրաբար վերցնում կտրոնները, այլև վաճառողներն էին սկսում հաշտվել կտրոն տալու մտքի հետ: Դժգոհում էին միայն հարկային մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր չէին հասցնում սպառել կտրոն հանձնող քաղաքացիների հերթերը: Կարճ ժամանակ անց, սակայն, դադարեցվեց այդ պրակտիկան: Ամենայն հավանականությամբ՝ դա ձեռնտու չէր դարձյալ «խոշորներին». բնական է, փոքր կրպակատերերի ձայնը «վերևներին» չէր հասնի:
 
ՀԳ. Շուտով պարզ կլինի, թե ինչպես է արձագանքում նոր կառավարությունն այս առաջարկին: Գուցե սա էլ  վերստին փորձարկվի՝ ոմանց գոհունակություն պատճառելով, ոմանց՝ դժգոհություն: Բայց մի՞թե  կառավարության համար դժվար է հայտնաբերել  ստվերում աշխատողներին, որ ամեն անգամ բացահայտելու այդ գործընթացը սպառողի ուսերին են բարդում: Ի վերջո, ստվերի դեմ պայքարող կառույցներն ու պաշտոնյաները նույն սպառողների վճարած հարկերի շնորհիվ  բարձր աշխատավարձ  են ստանում: