«Վարդանանքի» վերքերը» թարմ են

ԸՆՏՐՈՂԻՆ Ի՞ՆՉ ՕՐԻՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը թշնամիներ ունի:  Թեև նրանց անունները  հայտնի չեն, բայց փակ գաղտնի քվեարկությունը գաղտնազերծեց նրանց թիվը՝ 36:
 
«Ավանգարդը» տեղեկացրել էր, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է  ԱԺ-ի հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահների թեկնածուների ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքները երևի թե անակնալ էին միայն Աշոտյանի համար՝ 56 կողմ,  36 դեմ:  
101 պատգամավորի համամասնությամբ, համաձայնեք՝  մտահոգիչ  թիվ է: Արմեն Աշոտյանից հետո համեմատաբար ամենաշատ «դեմ» ձայները  բաժին են ընկել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին՝ 73 կողմ,  17  դեմ և  Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին՝ 16 դեմ, 78 կողմ:  ԱԺ պատգամավորների մեծամասնության  հավանության է արժանացել միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ 92 կողմ, 1՝ դեմ:
 
Ինչո՞վ են ուշագրավ նմանատիպ քվեարկության արդյունքները: Դրանք կարծես թե ցույց է  տալիս պատգամավորների ազդեցությունն ու ընկալումն իրենց գործընկերների կողմից: Եթե նախկինում ՀՀԿ-ն ընկալվում էր որպես միասնական, միաբան կուսակցություն, ապա վերջին քվեարկություններն այլ բան են ցույց տալիս:  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից հետո  կարծես թե անցանկալի 2-րդ անձը Արմեն Աշոտյանն է: Բայց եթե Արփինե Հովհաննիսյանի դեպքում շատ-շատերը կարծում էին, թե գուցե կանացի նախանձն է գործել, որի պատճառով նա ստացավ 22 դեմ, ապա Աշոտյանի դեպքում այլ հանգամանք է եղել: 
Ինչքան էլ քաղաքական գործիչները լրագրողներին համոզում են, թե անցյալի տարաձայնությունները մոռացել են,  միայն ներկայով ու ապագայով են տապակվում, քվեարկությունները հակառակն են ցույց տալիս: Արմեն Աշոտյանի դեպքում, ըստ  երևույթին, անցյալի «վերքերը» դեռ թարմ են: 
 
2015 -ին ԲՀԿ-ն «Ժառանգության» և ՀԱԿ-ի հետ իշխանափոխություն էին անելու, սակայն մի գիշերվա մեջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի քննադատական ելույթից հետո մի շարք կուսակցականներ բավական կոշտ  գնահատականներ հնչեցրին Ծառուկյանի մասին: Նրանցից մեկը  հենց Արմեն Աշոտյանն էր, ով հայտարարել էր, թե «Վարդանանք» չկարդացողն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել: Հակադարձումն, իհարկե, չուշացավ. ընդ որում՝ անգամ անկուսակցական մշակութային  գործիչների կողմից՝ ՀՀԿ-ում քանի՞սն են կարդացել «Պույ-պույ մկնիկը»: 
Ու թեև հիմա «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ հարաբերությունները քաղցր-մեղցր են, բայց  ենթադրելի է, որ դաշինքը որոշեց «վրեժ լուծել» 2015-ի համար: 
 
Նաիրա Զոհրաբյանի պարագայում կարծիքն այլ է: Ըստ տեղեկությունների, նա միանշանակ չի ընկալվում իր խմբակցության ներսում, և չի բացառվում, որ  17 «դեմ» ձայները հենց իր կուսակիցների չարակամության արտահայտությունն է:
 
Հրայր Թովմասյանի դեպքում էլ, թերևս 2014 թ.Ռուստամյան-Թովմասյան «ղալաթ-ճաք տված» հայտնի մենամարտի հուշերն են «վերակենդանացել»:
 
Մարդկային հույզերն ու հավակնությունները հաղթահարելը բավական բարդ է, եթե անձերն ունակ չեն վեր կանգնել վրեժխնդրություն կոչվող ճղճիմությունից: Մինչդեռ իրենց ազգընտիր համարող օրենսդիրները պետք է կամք ու գիտակցություն ունենան՝ գոնե երկրի  համար պատասխանատու կառույցում առաջնահերթել տվյալ թեկնածուի  մասնագիտական  ու աշխատանքային որակները:
 
Ու եթե պատգամավորները դա չեն հաղթահարում, ապա ի՞նչ սպասել անհուսություն ապրող «շարքայիններից»: Նման հոգեբանությամբ պատգամավորներն ի՞նչ օրինակ պետք է ծառայեն ընտրողներին, ովքեր ևս երկրի ապագան որոշելիս՝ հաճախ ընտրություններում «իմ ախպերն ու իմ ախպոր լավ ախպերն է» սկզբունքով են առաջնորդվում: