Թափարգել-երկրներ և ճակատագրեր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Ցակացած երկիր, առավել ևս Հայաստանի նման փոքր երկրները, որտեղ քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել, իբրեւ կանոն, տխուր ավարտ են ունենում, ինչպես եղավ 2008-ին Վրաստանում կամ ինչպես Ուկրինայում է տեղի ունենում արդեն մոտ երեք տարի: Հարց է առաջանում՝ ո՞րն է խնդիրը: Նախ՝ պետք է իմանալ հետևյալը. աշխարհի քաղաքական քարտեզի վրա պետությունները հենց այնպես չէ, որ հայտնվում են, դրանցից յուրաքանչյուրն աշխարհաքաղաքական որոշակի դեր ունի՝ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով, կենսունակությամբ, սահմանակից երկրների վարքով եւ մի շարք այլ առանձնահատկություններով:
 
Ըստ այդ հատկանիշների, շատ պետությունների՝ մանավանդ փոքրերին, վիճակված է թափարգելային (բուֆերային) երկրների առաքելություն, այն է՝ լինել ավելի խոշոր պետությունների միջև պաշտպանիչ պատնեշ կամ միջանկյալ գոտի, որը կլանում է արտաքին ցնցումներն ու վտանգը, հավասարակշռում սահմանակից երկրների ուժերը: Թափարգել-երկրները միաժամանակ հնարավորություն ունեն օգտվելու միջպետական ճանապարհների և լոգիստիկ համակարգի պատեհությունից՝ ի շահ սեփական երկրի բարգավաճման ու տնտեսական հզորացման: Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը. թափարգելի՝ իր դերի մեջ թերացումը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների՝ ընդհուպ մինչեւ թերացող երկրի լուծարում:
 
Եթե բացենք, օրինակ, Եվրոպայի քարտեզը, այնտեղ կտեսնենք բավական լուրջ երկրներ, որոնք քարտեզի վրա հայտնվել են այն պատճառով, որ թափարգելի դեր են ստանձնել, այլապես դրանք, առհասարակ, գոյություն չէին ունենա: Դասական օրինակը Բելգիան է, որը թափարգել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների ու, անգամ, Բրիտանիայի միջև: Եվ պատահական չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց Եվրամիությունը, այդ կառույցի մայրաքաղաքը Բրյուսելն էր: Այսինքն՝ վերը նշված եվրոպական առանցքային պետությունների միջեւ հենց Բելգիան ճանաչվեց որպես հավասարակշռության և ներդաշնակության պահպանման գործոն, որպես փոխզիջում:
 
Իսկ Ռուսաստանի ու Գերմանիայի մեջ ժամանակին թափարգելի դեր էր կատարում Լեհաստանը, որի ընթացքը, սակայն, 18-19-րդ դարերում ընդհատվեց. այդ երկիրն իսպառ վերացավ քարտեզի վրայից՝ տրոհվելով երեք մասի՝ Ավստրոհունգարական, Պրուսական ու Ռուսական կայսրությունների միջև: Եվ միայն ճակատագրի բերմամբ հաջողվեց 1-ին Աշխարհամարտից հետո վերականգնել Լեհաստանի երկրորդ Հանրապետությունը, երբ Արևմուտքին այն պետք էր իբրև թափարգել Ռուսաստանի և Արեւմտյան Եվրոպայի արանքում: Այնպես որ, աշխարհում թափարգել-երկրների թե՛ ձախողված, թե՛ հաջողված օրինակները բազմաթիվ են, բայց գանք Հարավային Կովկաս, որն ամբողջության մեջ մի թափարգել-տարածաշրջան է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի միջև:
 
Ակնհայտ է, որ տարածագոտու երեք պետություններից յուրաքանչյուրն, իր հերթին, ևս թափարգելի որոշակի դերակատարում ունի. Վրաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանը՝ Իրանի ու Ռուսաստանի, Հայաստանը՝ մեծ հաշվով Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի և Թուրքիայի մասով: Վրաստանը՝ մի փոքր ուշ, բայց հասկացավ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու աղետաբերությունը և փութաց շտկել վիճակը, Հայաստանը՝ որպես թափարգել, նախևառաջ, պետք է Ռուսաստանին ու Իրանին, բայց եթե հրաժարվի թափարգելի իր դերակատարումից, ինչի նախանշաններն առկա են գործող իշխանության վարած քաղաքականության ծիրում, ապա հարցականի տակ կդնի սեփական գոյությունը:
 
Ադրբեջանի՝ սխալվելու գայթակղությունն է՛լ ավելի իրատեսական է. այդ երկիրը՝ թափանիվի գործառույթ ունենալով Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, բաց չի թողնում Թուրքիայի «պոչը»: Բայց, ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: «Ավագ եղբոր» հետ հարաբերություններն ավելի սերտացնելու դեպքում Բաքուն ակամա խախտած կլինի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Ու եթե ապագայում լարվեն Ռուսաստան-Թուրքիա և Իրան-Թուրքիա հարաբերությունները, ինչը չի կարելի բացառել, ապա Ադրբեջանի շուրջ աննախանձելի զարգացումները չեն ուշանա:
 
Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրներից ցանկացած մեկը կարող է վերածվել «երկրորդ Ուկրաինայի»՝ եթե անտեսի վերջինիս դասերը և կորցնի խոհեմությունն ու աշխարհաքաղաքական հոտառությունը: Ուկրաինան չցանկացավ դառնալ չեզոք երկիր, լինել հաղորդակցությունների հանգույց, կամուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջեւ: Նա որոշեց լինել խոշոր ռազմական բախումների կողմերից մեկը, և հետեւանքները բոլորիս աչքի առջև են: Թե ով կլինի հաջորդը՝ ցույց կտա ժամանակը: