ՌԴ նախագահի վեցերորդ մեղադրանք՝ ՀՀ բոլոր ժամանակների վարչակազմերին

Ղազախստան կատարած պետական այցի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով 2024թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունները: Չէ որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական պարագծի մեջ»:
 
Սա ՌԴ նախագահի երրորդ ուղղակի մեղադրանքն է՝ ուղղված Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար:
 
Մինչ այս ՌԴ նախագահը Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Հայաստանի նախկին և ներկա բոլոր վարչակազմերին քննադատել է երկու անգամ ուղղակի, երեք անգամ անուղղակի կերպով:
 
Այսպես, առաջին անգամ Վլադիմիր Պուտինը ուղղակի կերպով այս մասին խոսել է Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի ավարտից ութ օր անց՝ Ադրբեջան-Արցախ հակամարտության թեմայով տված հարցազրույցի ժամանակ՝ 2020թ. նոյեմբերի 17-ին, որտեղ, մասնավորապես, ասել է.
 
- Ինչ վերաբերում է Ղարաբաղի որպես անկախ, ինքնուրույն պետության ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել, դա, անկասկած, էական գործոն կլիներ, այդ թվում՝ վերջերս ավարտված արյունալի պատերազմի ընթացքում։ Որովհետև Ղարաբաղի, այդ թվում՝ Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստն էապես իր հետքն է թողել իրադարձությունների ընթացքի և ընկալման վրա։
 
Այստեղ պետք է ուղիղ խոսել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր, անկասկած, գործողություններից հետո նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածները, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը և այնտեղ ապրող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումը, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացահայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից և ելնելով ողջ Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարվեց, և դա, իհարկե, էական ազդեցություն ունեցավ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա:
 
Արցախի Հանրապետությունը չճանաչելու համար Ռուսաստանի նախագահը Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա վարչակազմերին երկրորդ անգամ քննադատել է անուղղակի կերպով 2022թ. ապրիլի 26-ին Մոսկվայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, որտեղ ՌԴ նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին՝ պաշտպանելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության հռչակումն ու Ռուսաստանի կողմից նրանց անկախության ճանաչումը:
 
Երրորդ անգամ Ռուսաստանի նախագահը կրկին անուղղակի քննադատել է Հայաստանի Հանրապետության ներկա և նախորդ բոլոր վարչակազմերին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2022թ. սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանում, որտեղ միջազգային իրավական ակտերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության հղմամբ Ռուսաստանի նախագահը իրավացիորեն պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը:
 
Չորրորդ անգամ ևս Ռուսաստանի նախագահը անուղղակիորեն քննադատական խոսք է հնչեցրել Հայաստանի նախորդ և ներկա վարչակազմերի հասցեին Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար 2022թ. հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում աֆրիկյան յոթ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում:
 
Խոսելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին՝ Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի կանոնադրության հղմամբ հիմնավորել է Ռուսաստանի իրավացիությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման և նրանց հետ բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրերի ստորագրման հարցում:
 
Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Վ. Պուտինը հինգերորդ անգամ ուղղակիորեն է քննադատել Հայաստանի նախորդ և ներկա վարչակազմերին՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին մասնակցելով «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ հոբելյանական հանդիպման լիագումար նիստին։
 
Պատասխանելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է.
 
- Երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչն, անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, բայց, այնուամենայնիվ, որոշումն այդպիսին է եղել. նրանք չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
 
Արցախի Հանրապետության անկախությունը Հայաստանի կողմից չճանաչվելու վերաբերյալ 2024թ. նոյեմբերի 28-ին Աստանայում հնչեցրած հայտարարությամբ ՌԴ նախագահն ընդհանուր հաշվով վեցերորդ անգամ իրավացիորեն քննադատել է Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերի որդեգրած անհեռատես քաղաքականությունը:
 
Իսկ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն վեց հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
 
Այսպես, առաջին հարմար հնարավորությունը եղել է 1991թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ազդարարելով նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի անկախության իրավական գործընթացի մեկնարկի մասին, որին ի պատասխան Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ:
 
Երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 1994թ. մայիսի 9-11-ը հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումը, երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտավորապես 9%-ը:
 
Երրորդ հարմար հնարավորությունը եղել է 2016թ., երբ նույն թվականի ապրիլի 2-ին օկուպանտ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, երկրորդ անգամ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ և մինչև ապրիլի 5-ը չի դադարեցրել ռազմական գործողությունները:
 
Չորրորդ հարմար հնարավորությունը եղել է 2020թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ակտի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:
Հինգերորդ հարմար հնարավորությունը եղել է 2023թ., երբ նույն թվականի ապրիլի 23-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի մոտ, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ և ինը ամիս շրջափակման մեջ պահել արցախահայությանը՝ ենթարկելով ցեղասպանության:
 
Վեցերորդ հարմար հնարավորությունը կրկին եղել է 2023թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 19-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ: Ցավոք, բոլոր վեց հարմար հնարավորություններն էլ Հայաստանի Հանրապետությունը բաց է թողել օրվա իշխանության քաղաքականապես անհեռատես և անհիմն հաշվարկների արդյունքում:
 
Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա բոլոր վարչակազմերը հայտարարում էին և հայտարարում են, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կհանգեցնի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կհամարվի ագրեսոր և այլն:
 
Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ:
 
Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել և շարունակում են թույլ տալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս:
 
Համոզիչ չէ Արցախի Հանրապետությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ՝ ում կողմից էլ այն կներկայացվի: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը՝ այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, գրեթե անհնար է ակնկալել, որ այն կճանաչվի որևէ երրորդ պետության կողմից:
 
Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի Արցախ վերադարձը և Արցախի Հանրապետությունում երաշխավորված, անվտանգ, ապահով կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է, որին կարելի է հասնել նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվելու պարագայում: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հասնելու հնարավորություններից մեկը Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է:
 
Իսկ մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:
 
Այսպես, 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան «…վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:
 
Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
 
Արցախի հայությունն անթերի կերպով իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, վաղուց հարկն է, որ այդ իրավունքի իրացման փաստը ճանաչվի միջազգայնորեն:
 
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
Քաղաքագետ