Ռուսաստանի դե՞մ՝ գրոհելով Հալեպը

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Գեոպոլիտիկա» հարթակ

Այդուհանդերձ, Սիրիայում Թուրքիան իր սատարումը վայելող խմբավորումներով գործում է Ռուսաստանի դե՞մ՝ գրոհելով Հալեպը:
 
Հնարավոր է, անշուշտ:
 
Բայց, փորձենք մի փոքր էլ նայել հակառակ կողմից: Սիրիայում իրավիճակի լարման շեմին՝ նոյեմբերի 24-ին, տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հիմնականում քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական հարցեր, և՝ շոշափել են «մի շարք միջազգային թեմաներ»: Ընդգծվում է, որ խոսակցությունը ԲՐԻԿՍ գագաթնաժողովում, այսինքն դրանից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման շարունակությունն է:
 
Շարունակությունը, նշանակում է թերևս հոկտեմբերին Կազանում խոսել, քննարկել են ինչ որ բան, և մեկ ամիս անց հեռախոսով «սլաքնե՞ր են ճշգրտել»:
 
Իհարկե մենք կարող ենք միայն անել ենթադրություն, եզրակացություն, որովհետև ստույգ պնդման համար չունենք անհրաժեշտ ինսայդերական տեղեկատվություն:
 
Բայց, Սիրիայում իրավիճակը լարվելուց հետո Բաշար Ասադը նոյեմբերի 28-ին շտապ մեկնում է Մոսկվա: Ինչո՞ւ: Մի՞թե Մոսկվան չի հասկանում, որ ծանր է, պետք է պաշտպանել և այլն: Թե՞ Ասադը մեկնում է Մոսկվա համաձայնություն տալու մի բանի, ինչը մերժել է մինչեւ նոյեմբերի 26-ը՝ երբ թուրքական աջակցություն վայելող խմբավորումները գրոհել են կառավարական զորքերն ու Հալեպը: 
 
Ի դեպ, Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել այցի մասին տեղեկությունները՝ ասելով, որ «այդ մասին ասելու բան Կրեմլը չունի»:
 
Կրեմլը ժամանակ ու ռեսու՞րս չունի Սիրիայի համար, թե՞ Էրդողանի հետ ունի պայմանավորվածություններ, որի շրջանակում էլ խախտվում է հրադադարը Սիրիայում:
 
Համենայն դեպս, գոնե առայժմ կարծես թե պաշտոնական մակարդակում տարօրինակ զսպվածություն է նկատվում թե Մոսկվայում, թե՝ Թեհրանում:
 
Թուրքիային ինչ-որ «ծուղա՞կ» են քաշում, թե՞ Հալեպը «փոխանակվում» է ավելի կարևոր մի բանի հետ:
 
Այն, որ հերթական «առեւտրային»-«բորսայական» պատերազմն է՝ կասկած չկա: 
 
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ