Հաջորդը Սյունիքն է, այն պետք է ռազմական ամրոցի վերածել. միջազգայնագետ
ՍԻՐԻԱԿԱՆ ԴՐԱՄԱՅԻՑ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՎՈՒՄ Է
Այսօր մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի տրանսֆորմացիա, այդ հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրուցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերի բարձրացմանն ու Հարավային Կովկասում այս երկրի ազդեցության փոփոխությանը։

Նա նաև հստակ մեսիջ է ուղարկում, որ հաշտ չէ և չի կարող սահմանափակվել այսօրվա սահմաններով ու տարածքով Թուրքիա պետության հետ, ու իր նպատակն է վերականգնել նախկին՝ Օսմանյան Կայսրության տարածքները, ինչու չէ՝ նաև կյանքի կոչել Մեծ Թուրանի գաղափարը, որը իր գերնպատակներից մեկն է։
Այս համատեքստում, ըստ միջազգայնագետի, հասկանալի է, որ նեոօսմանիզմի քաղաքականություն որդեգրած էրդողանի համար թիրախներ են դիտարկվում Հունաստանը, Հայաստանը, Սիրիան, Իրաքը, Իսրայելը, Լիբանանը, Լիբիան, Թունիսը և Եգիպտոսը։
- Այսինքն, այսօրվա դրությամբ՝ վտանգված են այս երկրները, եթե նեոօսմանիզմի ծրագիրը գործի դրվի։ Մենք տեսնում ենք, որ Սիրիան թրքացնելուց հետո հաջորդիվ բացահայտ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» և, ընդհանրապես, ողջ Սյունիքի էքսպանսիայի մասին։
Հենց երեկ Ալիև-Էրդողան հեռախոսազրույցի է տեղի ունեցել, մինչև այդ՝ Ալիևը այցելել էր Անկարա և հստակ ռազմական պաշտպանական բարձրաստիճան մակարդակում շփում էր եղել, ապա սահմանային կոմիտեի ղեկավարն է այցելել Թուրքիա, Թուրքիայի պաշտպանության նախարարը ընդունելություն է կազմակերպել Նախիջևանի համազորային հրամանատարական կազմի հետ, Անկարայում հանդիպել են Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի հետ, նույն այդ ցամաքային ուժերի հրամանատարը այս օրերին Բաքվում է, Բաքու է այցելել նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր պատվիրակությունը, Թուրքիայի ցամաքային ուժերի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ստացվում է, որ Ադրբեջան են այցելել թուրքական ողջ ռազմական վերնախավը։ Ակնհայտ է, որ այս հեռախոսազրույցը և հանդիպումները ինչ-որ բանի հանրագումարն են։ Ես չեմ ցանկանում քաղաքական «վանգայություններ» թույլ տալ, բայց այն, ինչ ըստ պլանի կարելի է կանխատեսել՝ հաջորդիվ քննարկվում է Հայաստանի՝ ավելի ստույգ, Հայաստանի հարավի հետ կապված հարցերը։
Հարցին, թե կանխատեսո՞ւմ է ռազմական ներխուժում, և այս համատեքստում, Իրանի կեցվածքն ինչպիսին կարող է լինել՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ հայտարարությունները՝ Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառում, որ Իրանի նախագահի հետ ընդհանուր հայտարարի գալ և լեզու գտնել ։
- Եթե ակնարկում եք Թամփի հայտարարությունը, ապա Թրամփն օրեր առաջ նաև մեկ այլ հայտարարությամբ էր հանդես գալիս, որ իր օրոք ոչ մի պատերազմ չի լինի, բոլոր կոնֆլիկտները պետք է հանգուցալուծվեն։ Իրանի հետ անգամ պետք է բարիդրացիական հարաբերությունների մեկնարկ տալ։ Բայց օրեր առաջ էլ նա չէր բացառել, որ Իրանի վրա հարձակում կլինի, պատժամիջոցների մասով ևս բացառություն չէր արել։ Սա քաղաքականություն է։ Այն, որ հենց հիմա հիմք է դրվում Իրանը ներսից պայթեցնելուն՝ դա փաստ է։ Սա հասկանում են նաև մեր իշխանությունները և եթե այստեղ մարդիկ կան, որ հույսը դրել են այն բանի վրա, որ Իրանի համար՝ մեր մասով «կարմիր գծեր» կա, ուրեմն իրենք քաղաքականությունից ոտաբոբիկ են կամ դիլետանտ դեմագոգներ են, որ փորձում են ժողովրդին հանգստացնել՝ ասելով, թե Իրանը կամ Ֆրանսիան թույլ չեն տա,- ասաց նա՝ ընդգծելով, որ համոզված է, որ այս հայտարարությունները հենց այնպես չեն արվում։
- Հենց այնպես չի նաև հայտարարությունը, թե մեկ ժամվա պատմություն է Սյունիքի հատվածը գրավելը։ Եթե տոպոգրաֆիկ տեսանկյունից ու նրանց ռազմաքաղաքական հնարավորությունները հաշվի առնել, ապա դա բացառված չէ, ուստի երբեք չի կարելի ասել, թե այդ հարձակումը երբ կլինի։ Այն, որ իրենք չեն հրաժարվել իրենց առավելապաշտական նկրտումներից, սա փաստ է։ Փաստ է նաև այն, որ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ հաջորդը Սյունիքն է, ընդ որում՝ Սյունիք ասելով միայն Սյունքի մարզը չպետք է նկատի ունենալ այլև Վայոց Ձորը։ Այնտեղ մի հատված կա՝ Սիսիան-Գորայք համայնքի տարածքում, որտեղից կտրելու հնարավորությունն ամենամեծն է ու դա իրոք ժամերի հարց է, եթե լուրջ դիմադրություն չլինի։
Դիտարկմանը, թե Հայաստանի՞ զինված ուժերի լուրջ դիմադրության մասին է խոսքը՝ նա պատասխանեց, որ եթե ասի, որ մեր սեփական ուժերով Հայաստանը կարող է պաշտպանվել՝ դա կարող է զավեշտի ժանրից լինել։
- Փաշինյանին ասում է, որ մենք պատերազմով չենք պաշտպանելու մեր տարածքները կամ հետ չենք վերցնի, հետևաբար, եթե նա որդեգրել է զիջողական քաղաքականություն, ապա չեմ բացառում, որ հայտարարությունները, թե «ձյունոտ սարերը տանք՝ Երևանը պաշտպանենք» սկզբունքը կարող է գործել Սյունիքի կամ Վայոց ձորի պարագայում։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը այս պահին տասնյակ անգամներով նվազ ռեսուրս ունի և եթե ռազմաքաղաքական տեսանկյունից մենք դիտարկում ենք, որ մեր շանսերը շատ քիչ են, մենք պետք է հասկանանք, թե Իրանի հետ մեր ասելիքն ու խոսելիքը ո՞րն է, հավանական ռազմական էքսպանսիայի ժամանակ Իրանի մասնակցությունը կամ ներգրավվածությունը որը պետք է լինի։ Դրա համար մենք արդեն պետք է պատվիրակություն ուղարկած լինեինք Իրան՝ հստակեցնելու նման իրավիճակներում նրանց գործելաոճը և ընդհանրապես ռազմաքաղաքական համագործակցության բոլոր հնարավորությունները, ոչ թե նստենք Երևանում և ասենք, որ «կարմիր գծեր» են Իրանի համար, հետևապես, Իրանը կմիջամտի։ Աստված չանի, որ համագործակցության եզրեր չլինեն, ու պայմանավորվածություն չլինի և իրանական զորքը մտնի Սյունիք, այստեղ էլ մեկ այլ խնդրի առաջ ենք կանգնելու։
Երկրորդ հանգամանքը, որ պետք է հստակեցնել ՌԴ-ի մոտեցումն է։ ՀԱՊԿ-ի մոտեցումը մենք գիտենք, բայց պետք է հստակեցնենք, որ ՌԴ-ն, որը ՀՀ-ի հետ դեֆակտո և դեյուրե ռազմաքաղաքական համագործակցության և փոխօգնության մասին 1997 թ-ի պայմանագիր ունի՝ ինչ գործողությունների է դիմելու, եթե ռազմական գործողույթուններ, ռազմական էքսպանսիա լինի Հայաստանի նկատմամբ, իրենք միջամտելո՞ւ են, թե ոչ։ Ես հակված չեմ կարծելու, որ եթե անգամ ՌԴ-ն հստակ ասի, որ կօգնեն ու կաջակցեն՝ դա «փափուկ բարձ» դնել չի լինի մեր գլխի տալ, բայց այն, որ պետք է հստակեցնել հարաբերությունները դե յուրե դաշնակից երկրի հետ՝ ակնհայտ է։
Մեր անելիքը այս հստակեցումներն են։ Հաջորդիվ արդեն Սյունիքը պետք է դարձենք ռազմական ամրոց՝ Սյունքի օկուպացիա թույլ չտալու համար, պետք է ռազմականացնել Սյունիքը, որքան հնարավոր է, ու պատրաստել պատերազմի, այլ տարբերակ չկա»,-ասաց Կարապետյանը։
Աղբյուր` Փաստինֆո