«Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար»
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է, որը կարող է դրական առաջընթաց լինել։

Պատգամավորը նաև անհանգստություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության, մասնավորապես՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պնդումների կապակցությամբ՝ համարելով դրանք մարտահրավեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։
- Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություններ, ինչը կարող է դրական առաջընթաց լինել։ Այնուամենայնիվ, ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, մասնավորապես՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը, որը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար,- նշել է Ջոն Ինյարիտուն։
Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանում հաղորդակցությունները կարևոր են տնտեսական զարգացման համար, սակայն դրանք պետք է հիմնված լինեն մասնակից կողմերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։
- Թեև տարածաշրջանային կապը կարևոր է տնտեսական և սոցիալական զարգացման համար, այն պետք է կառուցվի ներգրավված բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա,- ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նարատիվը առաջացնում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական մտահոգություններ։
Հաշվի առնելով Ադրբեջանի և հատկապես վերջինիս նախագահի մշտական ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությունը՝ Ինյարիտուն կարևորում է զգուշավորության ցուցաբերումը Բաքվի հետ բանակցություններում և քննարկումներում։
- Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներն ու Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններն ավելի են ընդգծում այս (խմբ․ նկատի է առնվում հաղորդակցությունների բացման շուրջ բանակցությունները) քննարկումներում զգուշավորության անհրաժեշտությունը,- նշել է նա։
Միաժամանակ Ջոն Ինյարիտուն կարևորում է, որ տարածաշրջանային համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները հարգեն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի իրավունքները։
- Շատ կարևոր է, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և երաշխավորի նրա ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները,- եզրափակել է պատգամավորը։