Ի՞նչ խնդիրներ է լուծում Բաքուն իր հակառուսաստանյան գործողություններով

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ի. Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը։ Փաստորեն, Ադրբեջանը բացել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը, որին այդքան երկար սպասում էին ուկրաինացիները։ Այս հարձակումը առայժմ իրականացվում է դիվանագիտական, միջազգային իրավական և քարոզչական դաշտերում, սակայն արդեն իսկ շատ ցավալի հարված է Մոսկվայի համար։
 
Եվ այսպես, ի՞նչ խնդիրներ է լուծում Բաքուն իր հակառուսաստանյան գործողություններով, որոնց համար ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումն ընդամենը պատրվակ էր, բայց ոչ պատճառ։
 
1) Ուկրաինան ստանում է կարևոր հոգեբանական ու տեղեկատվական աջակցություն՝ տեսնելով, թե ինչպես է մեկ այլ հետխորհրդային պետություն բաց հակաճառության (եթե ոչ լիարժեք հակամարտության) մեջ մտնում Մոսկվայի հետ։ Ուկրաինացիները հույս են ստանում, որ ՌԴ-ն իր ուժերի մի մասը ստիպված է լինելու հետ քաշել Ադրբեջանի և նրա թիկունքում ամուր կանգնած Թուրքիայի հետ հնարավոր բախումների համար։ Ուկրաինական մամուլն ու եթերը ողողված են ռուս-ադրբեջանական խնդրի շուրջ հիացական ու ոգեշնչող մեկնաբանություններով։
 
2) Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրանի կամ «թյուրքական աշխարհի» առաջամարտիկ՝ օրինակ ցույց տալով միջինասիական թյուրքախոս պետություններին ու Տաջիկստանին, թե ինչպես պետք է վարվել «թուլացած Ռուսաստանի» հետ։
 
3) Ադրբեջանը փորձում է ապացուցել Թրամփի նորակազմ վարչակազմին իր հակառուսականությունը և ՆԱՏՕ-յամետությունը։