Մետաքսի ճանապարհը շրջանցեց Հայաստանը

ԱՍԱ ԴԱՇՆԱԿԻՑԴ ՈՎ Է...

 
Հայաստանի՝ Մետաքսի ճանապարհի  մի հանգրվանը լինելու հույսերը կարծես  ի դերև եղան:  Թուրքիայի վարչապետը Վրաստանում հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտի մասին: Այն, ըստ նրա, կփոխի տարածաշրջանի ճակատագիրն ու կդառնա պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը:
 
Մետաքսի ճանապարհի ու դրան Հայաստանի մասնակցության կարևորության մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ ճանապարհը տրանսպորտային նախագծերի և նորանոր ենթակառուցվածքների շինության լավ հիմք է  դառնալ: Բացի այդ՝ մետաքսի ճանապարհի շնորհիվ Հայաստանը կարող է լինել առևտրի համար կարևոր տարանցիկ գոտի՝ Արևմուտքի և Արևելքի միջև: 
 
Մետաքսի ճանապարհի ծրագրից դուրս չմնալու համար Հայաստանը, իհարկե, որոշ քայլեր արեց: 2015 թ-ին Չինաստան կատարած իր այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը հուշագիր էր ստորագրել մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված համագործակցության խորացման վերաբերյալ: Դրանից հետո որոշակի բանակցություններ սկսվեցին Չինաստանի  հետ:  
 
Իսկ ինչ տվեցին 2 տարվա բանակցությունները: Կարծես թե՝ ոչինչ: Ճանապարհի կարևոր օղակ համարվող երկաթուղու կառուցումը կավարտվի, բայց դեռ հստակ չէ Հայաստանի մասնակցությունը չինական այդ  կարևոր նախաձեռնությանը:
 
Ո՞վ է մեղավոր: Նախ և առաջ՝ ոչ բավարար  դիվանագիտական ջանքերը Չինաստանի հետ և, իհարկե,  ֆինանսների բացակայությունը: Հանուն արդարության պետք է ընդունենք, որ նման նախագծերին մասնակցելու համար  ահռելի գումարներ են  պետք, որը Հայաստանը չունի:  Բայց կարող էր ունենալ, եթե տարիներ առաջ սա նախատեսելով՝ գումարների այնպիսի հոսք բերել, որի շնորհիվ հնարավոր կլիներ ընդգրկվել նման ծրագրում:
 
Ֆինանսներից զատ՝ աշխարհաքաղաքական շահերը ևս կարևոր են: Վրաստանը Հայաստանի գլխավոր դաշնակից համարվող Ռուսաստանի հետ  վատ հարաբերություն ունի: Թուրքիան ու Ադրբեջանն էլ «ո՛չ նալին, ո՛չ մեխին » կեցվածք ունեն ՌԴ հետ և թշնամանք Հայաստանի հանդեպ:  Սրան եթե գումարենք Թուրքմենստանի, Ղազախստանի, Չինաստանի և Եվրոպայի մասնակցությունը, որոնք ընդհանուր առմամբ հակված չեն Ռուսաստանը տեսնել աշխարհաքաղաքական այսպիսի գործընթացում: Այս ամենով  կարծես թե «հիմնավորվում» է ՌԴ դաշնակից  Հայաստանի լուսանցքում հայտնվելը: