Սերժի ականջները

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Ամենայն հավանականությամբ՝ հրատապ ասելիքը կուտակվել էր, և մայիսի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը որոշեց խոսել: Այս անգամ խուսափել էր մեծ լսարան հավաքելուց՝ սահմանափակվելով չորս հոգանոց համեստ լրագրողական կազմով: Ասուլիսում հնչած հարցերը բավական բազմաշերտ էին ու ժամանակի ոգուն համահունչ: Դատելով դրանց բովանդակությունից, ամբողջ նյութը կարելի է խտացնել մի քանի թեմատիկ բաղադրիչների շրջանակում՝ հայ-ռուսական հարաբերություններ, Քոչարյան-Սարգսյան լարվածություն, վարչապետի հանդեպ իմփիչմենթի ձախողված գործընթաց և 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններ:
 
Սկսենք վերջին բաղադրիչից, որն ուշագրավ է այնքանով, որ բացահայտում է նախկին նախագահի՝ ԱԺ հաջորդ ընտրություններին մասնակցելու մտադրությունը: Ավելին՝ եթե այս իշխանություններից ազատվելու համար դաշինքի կարիք առաջանա, պատրաստ է գնալ նաև այդ ճանապարհով՝ նույնիսկ ՀՀԿ-ի հետ, բայց միասին ընտրության գնալու տարբերակ չի տեսնում: «Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում կարողանում եմ կառավարել։ Ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, ով կարող է այս հարցերը լուծել»,- ասել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ երկու անգամ իրեն արդեն վիճակվել է ֆորսմաժորային իրավիճակներ հաղթահարել. Արցախում՝ նախագահ եղած ժամանակ, և ՀՀ-ում՝ 1990-ականների վերջերին:
 
Բնականաբար՝ ասուլիսում չէր կարող չհնչել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների միջև լարված հարաբերությունների հարցը, որը երկար ժամանակ տարբեր խոսակցությունների, ասեկոսեների առիթ է դարձել: Անգամ անհիմն պնդումներ կային, թե ոչ մի հակասություն էլ նրանց միջեւ չկա, ուղղակի այդպես ձևացնում են՝ տակից իրենց գործը «տեսնելու» համար: Ինչ արած՝ ամեն մարդ դիմացինի մասին դատողություններ անելու իր չափուձեւն ունի, բարոյականության իր նիշը: Ինչ-որ է: Օրվա բանախոսը հիշատակում է, որ 2008թ.-ին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չի ունեցել. «Ղարաբաղյան խնդիրը կար, և համարել եմ, որ նախագահ պետք է ընտրվի մի մարդ, որն այդ ոլորտին լիարժեք տիրապետում է»,- նշել է նա։
 
Թերևս՝ ակնարկում է, որ Սարգսյանի փոխարեն ինքը Նիկոլ Փաշինյանին իշխանություն չէր փոխանցի՝ մի մարդու, ում համար Արցախն ընդամենը առուծախի «մատերիալ» է, ոչ ավելին: Ու 2018-ի մայիսին եղավ այն, ինչ եղավ՝ Սերժը ընդունեց, որ Նիկոլը ճիշտ է, ինքը սխալվեց: Շախմատային վարպետի քաղաքական հոտառությունը դավաճանեց՝ Նիկոլն ամենևին էլ իրավացի չէր, իսկ իր «սխալ քայլը» կործանարար հետևանքներ ունեցավ Հայաստանի համար ու դեռ շարունակում է ունենալ: Ի՞նչ ասել կուզի՝ Սերժը մի փոքր ամոթ ունենար՝ չէր երևա հանրության աչքին, հատկապես՝ որդեկորույս ծնողների:
 
Իրենց անհամերաշխ հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ Քոչարյանն, ըստ երեւույթին, չուզեց ավելի խորանալ, միայն ասաց. «Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ և՛ ՀՀԿ-ի, և՛ երրորդ նախագահի համար։ Ես ունեմ իմ պատկերացումը, որն այնքան էլ չի համընկնում ՀՀԿ-ի պատկերացումների հետ»: Հետո պարզվում է՝ 2018թ. ապրիլին նա զանգել է Սարգսյանին, հետաքրքրվել իրավիճակով, և վերջինս շատ հանգիստ պատասխանել է, որ խնդիր չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Սակայն դրանից ընդամենը մի քանի օր անց, Քոչարյանի խոսքով, հրաժարական է տվել՝ հայտնի հիմնավորմամբ։ «Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել»,-հետահայաց ասում է երկրորդ նախագահը։
 
Ասուլիսի ամենածավալուն հատվածը հայ-ռուսական աննախադեպ վատթարացած հարաբերությունների մասին է: ՀՀ նախորդ երեք նախագահների իշխանավարման օրոք ավանդական բարեկամի ու ռազմավարական դաշնակցի հետ կապերն ամուր էին: Բայց Փաշինյանին «հաջողվեց» 7 տարում ջարդել, ջուրը թափել կողմերի փոխգործակցության ուղղությամբ շուրջ 30 տարվա ջանքերը: Քոչարյանը գտնում է, որ պետք է վերականգնել ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը՝ ներառելով նաև Իրանի գործոնը և հարաբերությունների ձևաչափը դարձնելով եռակողմ: Նրա խոսքով՝ անընդունելի է «շպագատի» քաղաքականությունը, երբ ոտքիդ մեկը ԵԱՏՄ-ում է, մյուսն էլ փորձում ես ԵՄ-ին հասցնել:
 
Բանախոսի խորհուրդն է՝ եթե երկրիդ գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, ԵՄ-ից որքան հեռու մնաս, այնքան՝ լավ։ Նրա դիտարկմամբ՝ գործող իշխանությունները ՌԴ-ի հետ կապված կեղծ թեզեր են գեներացնում՝ օգտագործելով ամբողջ քարոզչամեքենան։ Իսկ նպատակը հակառուսական տրամադրությունների տարածումն է, Ռուսաստանի հանդեպ անվստահության սերմանումը: «Մենք նեղացածի կեցվածք ենք ընդունում, այնինչ նման կեցվածք պետք է Ռուսաստանն ընդուներ՝ Պրահայում 2022թ. հոկտեմբերին ստորագրված փաստաթղթից հետո, որովհետև դրանով զրոյացվեց այդ երկրի միջնորդական դերը: Հետո ասում ենք՝ բարի եղեք միջնորդել այս կամ այն հարցում»,- նշել է Քոչարյանը։
 
Առանցքային հարցերից մեկն էլ, որն արծարծվեց ասուլիսում և հանրային որոշակի արձագանքի տեղիք տվեց, վարչապետին անվստահություն հայտնելու հետ կապված, սակայն անհաջողության մատնված գործընթացն էր: «Որևէ մեկից չեմ լսել կարծիք, որ իմփիչմենթը իրատեսական սցենար է։ Մտնել մի պրոցեսի մեջ, որի հաջողության հավանականությունը ձգտում է զրոյի, ինձ համար հետաքրքիր չէ»,- այսպես բանախոսը գնահատեց քաղաքացիական նախաձեռնությամբ մեկնարկած ակցիան, որի հաջողության նախադրյալների բացակայությունը, հիրավի, ակնհայտ է՝ չկա քաղաքական ծրագիր, չկա համաժողովրդական լայն համախմբվածություն, չկա վարչապետի թեկնածու, ինչը սահմանադրական պահանջ է:
 
Եվ սրանով խոչընդոտները չեն ավարտվում: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ունեցած՝ համապատասխանաբար 28 և 6 ձայները չեն բավարարում նույնիսկ ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու համար՝ անհրաժեշտ 36-ի փոխարեն ընդդիմության զինանոցում ընդամենը 34 ձայն կա, իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, հարկավոր են 54 պատգամավորի «կողմ» քվեները, այսինքն՝ պահանջվում է իշխանական պատգամավորի առնվազն ևս 20 քվե: «Քաղպայմանագրից» նույնիսկ մեկ ձայն պոկել հնարավոր չէ: Տիտղոսային ընդդիմությունը, որի կարևոր հանձնառություններից մեկը վարչապետի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի կազմակերպումն է, ալարում է անգամ վարչապետի մեկ միասնական թեկնածու առաջադրել:
 
Հասկանալի է՝ չի առաջադրում, քանի որ հեռանկար չի տեսնում կամ չի ուզում վաղաժամ բացահայտել իր թեկնածուին՝ նրան տեղեկատվական «գրոհների» թիրախ չդարձնելու համար, թեպետ դա նրա կրավորական վարքագծի արդարացում չէ: Իրավիճակն էլ ավելի անլրջացավ, երբ ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իմփիչմենթի նախաձեռնող խմբին համագործակցություն առաջարկեցին, թե՝ պատրաստ են ապահովել ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու համար պակասող 2 ձայնը՝ պայմանով, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի Փաշինյանի կաբինետում մինչև վերջերս հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն վարած Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
 
Քոչարյանը համոզված է, որ վարչապետի նկատմամբ անվստահության գործընթացը իրատեսական չէ: Նա չբացառեց, որ այդ նախաձեռնությունը բխում է հենց Փաշինյանի շահերից: Զրո արդյունավետություն ունեցող իմփիչմենթը, ըստ «Հայաստան» խմբակցության առաջնորդի, հանգեցնելու է նրան, որ Փաշինյանը վեց ամիս ոչ մի նման գործընթաց չունենալու երաշխիք է ձեռք բերելու: «Ես կարող եմ ասել, թե ում համար է դա հետաքրքիր,- ասել է նա,- օրինակ, կարող է՝ մարդ կա, ում համար 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք ինչ-որ մարդկանց այդ երազանքն իրականացնելու համար»:
 
Վերջին հարցին, թե ով էր իրականում ցանկանում իմփիչմենթի միջոցով թիրախավորել իրեն, երկրորդ նախագահն, ըստ էության, չհերքեց, որ նախաձեռնողերի հետևում տեսանելի էին Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականի» ականջները:
 
Գևորգ ԲՐՈւՏԵՆՑ