Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել ելույթով, որից հատված ենք ներկայացնում ստորև․

- Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ։ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ․ նրա գոյությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս։
Բայց Առաջին Հանրապետությունը մեզ՝ 4․5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի, և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ Հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը։
․․․ Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ։ Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն, Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։
Հայաստանի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթաժողովը և Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը, սրա տեսանելի ապացույցն են։
2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։ Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։
Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է, ինքնիշխանությունը և անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է, և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները։
Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն։
Հայաստանի Հանրապետության ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղությո՛ւն։