Մի՛ դատիր, որ չդատվես

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔՆ Է

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն  այսօր հայտարարել է, որ կվերցնի իր կուսակցությանը բաժին հասած  հինգ մանդատներն ու կաշխատի քաղաքապետարանում: Այդուհանդերձ՝ նա չի հայտարարել, որ ճանաչում է ընտրության արդյունքները:
Տիկին Փոստանջյանի ուշացումով խոսելը պայմանավորված էր դատարանում ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելով: Բայց, տեսնելով, որ վարչական դատարանից ակնկալիք չունի, ԵԾ-ի ղեկավարը վերջնական իր որոշումը կայացրեց՝ աշխատել քաղաքապետարանում:
 
Փոստաջյանի հայտարարությունը ուշարժան է հատկապես նրանով, որ առժամանակ առաջ նա «Ելք»-ին դավաճան էր համարում, իշխանության «պրոյեկտ»՝ եթե մանդատները վերցնեն: Սյդ նախադասությունն այնքան էր մեխվել «Ելք» -ականների հիշողություններում ու հոգիներում, որ  ընտրությունների արդյունքների հաջորդ օրը  զարմացած  հայտարարեցին՝ մի՞թե ԵԾ-ն կվերցնի մանդատները: Եթե այո, ապա ծախված, դավաճան արտահայտությունները կվերաբերեն նաև Զարուհի Փոստանջյանին:  
 
Արդյո՞ք զղջում է տիկին Փոստանջյանն իր նախկին  մեղադրանքների համար, պատրա՞ստ է «Ելք»-ի հետ համագործակցել՝  դեռ պարզ  չէ: Բայց «մի դատիր, որ չդատվես» աստվածաշնչյան ճշմարտությունը ևս մեկ անգամ ապացուցեց իր կենսունակությունը:
 
Ընդդիմադիրները պետք է լավ հասկանան՝ ամեն ինչ չէ, որ պետք է հանրայացնել, քանզի ցանկացած  խոսք դառնում է ժողովրդի սեփականությունը, որի տարածմանն օգնում են լրատվամիջոցները՝ երբեմն էլ բորբոքելով  կրակը:  Այնպես որ, միասնությունն  ու միավորումը լավագույն զենքն են՝ ինչ-որ նպատակի հասնելու ճանապարհին: