Ո՞վ է պատասխանատու քառօրյայի համար

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

6-րդ գումարման ԱԺ-ի նիստերը մինչ օրս  առանց միջադեպերի ու խայթոցների էին անցել: Բայց այսօր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը «խախտեց» այդ հանգստությունը: «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորները նախագծի քննարկմանը մտահոգություն հայտնեցին, որ առաջարկվող փոփոխությունը (որով նախատեսվում է ՀՀ տարածքում թվային ռադիոհեռարձակման անցնելու շրջանակում ռադիոհաճախականությունների նոր մրցույթներ հայտարարել) կարող է խախտել խոսքի ազատության իրավունքը: Բանն այն է, որ Հայաստանում կան ռադիոընկերություններ, որոնք լրատվական բնույթի են, իսկ դրանց թվայնացումը կարող է խնդիրներ առաջացնել:
 
Իսկ մրցույթների հայտարարման նպատակը նոր ռադիոընկերությունների հիմնումն է, ինչպես նաև ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացումը, որը հնարավորություն կտա բարձրացնել ռադիոհեռարձակման քանակն ու որակը՝ ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում և սահմանամերձ տարածքներում: 
 
Ի պատասխան՝ Արման Սաղաթելյանն ասաց, որ վերոնշյալ օրենքում փոփոխությունն արվում է անվտանգության նկատառումով՝ ադրբեջանական և թուրքական ռադիոհաճախականությունները ՀՀ տարածքում արգելափակելու նպատակով: Ապա հեգնեց, որ եթե խախտվի խոսքի ազատությունը, ապա  թուրքական ու ադրբեջանական ռադիոալիքների խոսքի ազատությունը պետք է խախտվի ՀՀ տարածքում:
 
Այս հիմնավորումը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորեց պատեհ-անպատեհ չօգտագործել «Թուրքիա-Ադրբեջան» տերմինները՝ որպես ընդդիմությանը հակազդելու միջոց.
 
- Ամեն անգամ, երբ դուք խոսեք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որը զինադադարից հետո տարածք է զիջել Ադրբեջանին: Չհամաձարկվեք ամեն անգամ մեզ հիշեցնել Թուրքիայի, Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը, Արցախն ու Հայաստանը պաշտպանելու ձեր ձախողումը: Դեռևս չի քննվել, թե ՀՀԿ-ական որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին պատշաճ պաշտպանությունը: Կոչ եմ անում՝ մյուս անգամ մեր խմբակցության հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ չբարձրացնել կոնտեքստից դուրս. առավելևս, որ ընթանում է հանգիստ քննարկում: 
 
Փորձելով մեղմել թեժացումը, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովն իր օրինակով կոչ արեց հանգիստ վերաբերվել ընդդիմության քննադատություններին: Նաև հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմում հանրությունը կարողացել է ձախողել Ադրբեջանի նկրտումները, և այդ հարցում ՀՀԿ-ին մեղադրելու իրավունք ոչ ոք չունի: