Երբ մեծահոգությունն էլ պայմանական է

ՀԱՆՈՒՆ ՄԱՆԴԱՏԻ՝ ՄՈՌԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Պարզվում է` կարելի է հրապարակավ միմյանց քննադատել, անգամ ամենավերջին  խոսքերով «նախշել» իրար, իսկ հետո, հանուն մանդատի, տերյանական ոճով՝ «մոռանալ, մոռանալ ամեն ինչ, ամենքին մոռանալ»: Խոսքն այս անգամ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Գևորգ Պետրոսյանին և Նաիրա Զոհրաբյանին, ովքեր ամիսներ առաջ  տարաձայնություններ ունեին, իսկ այսօր հավաստիացնում են, թե ամեն ինչ կարգին է: 
 
Իհարկե, գնահատանքի է արժանի նրանց ներողամտությունը՝ եթե, իհարկե, վեր են կանգնում քինախնդրությունից: Բայց Գևորգ Պետրոսյանն իր քինախնդրությունն ի սկզբանե պետք է խեղդեր: Մինչդեռ ԲՀԿ-ի համար ծանր 2015-ին նա հրապարակավ կասկած էր հայտնել, թե «Բարգավաճ»-ը կեղծ ընդդիմություն է: ԲՀԿ այն ժամանակի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նրան հեռացել էր կուսակցությունից, որին, ի դեպ, արդեն երրորդ անգամ է անդանամագրվում Գևորգ Պետրոսյանը: Հարաբերություններն այն աստիճանի են լարվել, որ Գ. Պետրոսյանը դիմել էր դատարան` վերականգնելու իր անդամակցությունը: Իսկ այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նորընտիր պատգամավորը հավաստիացրեց` Գագիկ Ծառուկյանի շնորհիվ են հաշտվել: Առանց կանխակալ որևէ վերաբերմունքի կարող ենք կարծել, որ նա ոչ թե ԲՀ կուսակցության ու գաղափարախոսության նվիրյալն է, այլ դրա երբեմնի ու ներկա ղեկավար Գ. Ծառուկյանի:
 
Խոսելով իր անելիքների մասին` ժամանակին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Պետրոսյանը  հավաստիացրեց, ամեն ինչ անելու է օրենքի տառին համապատասխան: 
 
Հիշեցնենք` Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանն ու Հակոբ Նազարյանը փոխարինում են «Ծառուկյան» դաշինքի մանդատներից հրաժարված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին: 
 
Հետաքրքիրն այն է, որ Նորա Առուստամյանը, Հակոբ Նազարյանը, Գևորգ Պետրոսյանը չհամաձայնեցին լրագրողների այն դիտարկմանը, որ մանդատ են ստացել «այլ մարդկանց վրայով անցնելով»: Բանն այն է, որ մանդատից հրաժարված երեք պատգամավորները ինքնակամ չեն հրաժարվել իրենց պատգամավորական գործունեությունից, այլ, ըստ համառորեն պտտվող տեղեկությունների՝ ճնշումների տակ են դա արել:  «Մեզ չվերաբերող հարցեր մի տվեք, ճնշումներ չեն եղել, մանդատից հրաժարվելը պատգամավորի սահմանադրական իրավունքն է»` այսպես էին պարզաբանում նորընտիրները խորհրդարանում իրենց հայտնվելը: 
 
Ի դեպ,  նորընտիր եռյակի ինտրիգներից մեկը կես միլիոն դոլարի պատմությունն է: Չար լեզուներն ասում են, թե Նորա Առուստամյանի հայրը` «Մուլտի գրուպ»-ի ղեկավար, Գագիկ Ծառուկյանի ընկեր Սեդրակ  Առուստամյանը, կես միլիոն դոլար է ծախսել՝ դստերը մանդատով ապահովելու համար: Մինչդեռ  տիկին  Առուստամյանը հերքեց այդ տեղեկությունները` հեքիաթածին որակելով դրանք: