Ն․ Փաշինյանը հրապարակելու է բանակցային պատմության առանցքային թղթերը
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵՐԻՑ
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է 2020 թվականի պատերազմը կանխելու հնարավորությանը և դրա համար անհրաժեշտ պայմաններին։
«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում վարչապետն ասել է, որ 44-օրյա պատերազմը կանխելու միակ ճանապարհը կլիներ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի լեգիտիմության համապատասխանեցումը միջազգային լեգիտիմությանը։
«Ի՞նչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Դրա համար հարկավոր էր մի բան՝ որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը»,-ասել է Ն․ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ դա գործնականում անհնար էր, քանի որ դեռ 1990-ականներից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայկական և միջազգային ընկալումները հեռացել էին միմյանցից։
«1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին, և այդ պատկերացումների միջև ճեղքեր էին առաջացել»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ այդ պատկերացումները համապատասխանեցնելը գործնականում չէր կարող իրականություն դառնալ, քանի որ այդ դեպքում Հայաստանը պետք է առաջին քայլով ընդուներ, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
«Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018-2019 թթ․-ին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,- ընդգծել է վարչապետը։
«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութերից մեկում, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքաստում հնչեցրած հայտարարություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023-2025 թվականի ընթացքում կառավարությունը շուրջ 171 միլիարդ դրամ կամ շուրջ 450 միլիոն դոլար արժողության ներդրում է արել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրում։
Նա Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին հրավիրել է ծանոթանալու վերջին տարիներին բանակում իրականացված բարեփոխումներին։
«Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Մենակ այն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետը։
Մեկ այլ գրառմամբ էլ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ որ պատրաստվում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային գործընթացի առանցքային փաստաթղթերը։
«ՍՍ-ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր»,-գրել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ հրապարակվող փաթեթում ներառվելու է նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։





