Ի՞նչ կտա մեզ Իրանի գործոնը

Միջինասիական հանրապետությունների հետ Հայաստանի հարաբերությունները ԽՍՀՄ անկումից հետո վայրէջքի ուղիով ընթացան: Հավատակից ու ցեղակից Ադրբեջանը նրանց իր հակահայկական քարոզարշավի բովում թրծեց, իր կողմը քաշեց: Բայց երևում է՝ կրակը շատ ուժեղ է եղել, կավե ամանն սկսել է ճաքեր տալ: Նախ լուրեր տարածվեցին, թե միջաինասիական որոշ երկրների հետ Ադրբեջանը ֆիանասական մեջ խնդիրներ ունի, այժմ էլ Հայաստան է ժամանել  Ղազախստանի պատվիրակությունը:

Նրանց Հայաստան են բերել ոչ միայն Իրանի հետ սահման ունեցող պետության միջոցով այդ իսլամական երկրի հետ ազատ առևտրի գոտուց օգտվելու նկատմամբ հետաքրքրությունները, այլև հենց Հայաստանի հետ համագործակցության նոր նախագծերը: Նկատենք, որ Իրանի հետ սահման ունի նաև Ղազախստանի հետ «ախպերություն» անող Ադրբեջանը, բայց ԵԱՏՄ անդամ երկրի համար Հայաստանն ավելի հարմար է համարվել: Իսկ Ադրբեջանում հիմա երևի խանդի հերթական սրացումն է…

Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ  ղազախական կողմը մտադիր է նախագծեր ներկայացնել հնարավոր հայ ներդրողի համար, քննարկել ենթակառուցվածքների հետ աշխատելու հնարավորությունները, Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու պայմանները: Ղազախ պաշտոնյաները նշել են, որ ԵԱՏՄ անդամակցությունը շատ առավելություններ է ընձեռում:

Մեր տարածաշրջանում աշխուժացած Իրանը սկսում է իսկապես հզոր գործոն դառնալ, ըստ էության՝ ընդգծելով նաև Հայաստանի կարևորությունը:

Թե ինչպես կզարգանան միջազգային գործընթացները, ժամանակը ցույց կտա, քանի որ Իրանի բարձրանալը շատ հզորների ձեռնտու չէ: Բայց եթե մեր պետությունում բոլոր թեր և դեմ կողմերը հանգամանալի ծանրութեթև չարվեն և իրավիճակները հմտորեն օգտագործելու քայլեր չձեռնարկվեն, այդ գործընթացները դժվար թե մեր օգտին դրսևորվեն: