Վաճառում են` բյուջեի դեֆիցիտը փակելու համար

Ո՛Չ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆԸ

Կառավարության  որոշումներից մեկը` մոտ 3 տասնյակ շենք-շինությունների մասնավորեցման մասին, հանրային ու քաղաքական շրջանակները միանշանակ չեն ընդունում: «Ավանգարդը» գրել էր, որ վաճառքի են հանվել ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Հայփոստը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը: Այսօր  լրագրողների հետ զրույցում «Ո՛չ մասնավորեցմանը» կարգախոսով իրենց մտահոգությունը ներկայացրեց մտավորականների խորհուրդը, որի անդամներից են ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը, Կարինե Դանիելյանը, գիտնական Վահան Համազասպյանը, պատմաբան Արմեն Հովսեփյանը: Վերջինս հիշեցրեց, որ սեփականշնորհման այս մոլուցքը նոր չէ.
 
- Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է` «չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»: Ինչի՞ չես հասկանում, տղա ջան,  միայն  1990-ականներին մոտ 3000 ձեռնարկություն մասնավորեցվեց: 
 
Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն էլ հիշեց, որ իշխանությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից  մնացած «պետությունը վատ մենեջեր է» արտահատությունն է օգտագործում՝ որպես արդարացում: 
 
- Ովքե՞ր են  կառավարում այսօրվա օլիգարխների օբյեկտները` բարձրակարգ մենեջերները: Դե թող նրանց ևս ներգրավեն պետական հիմնարկների կառավարման համար,- հորդորեց քաղաքական գործիչը: 
 
Մտավորականների խորհրդի անդամին մտահոգում է նաև այն, որ սեփականշնորհվող օբյեկտների ցուցակում առաջին հերթին այնպիսի բուժհիմնարակներ են, որոնք եզակի են` Օրթոպեդիայի ինստիտուտը, մանկական առողջարանները, Տուբերկուլյոզի դեմ պայքարի առողջարանը... այս բոլորը վաճառում են.
 
- Էլ չեմ ասում Միջուկային անվտանգության գիտական կենտրոնի մասին. ենթադրելի է, որ ովքեր գնելու են այն՝ թքած ունեն գիտության վրա, եթե պրոֆիլը անգամ 3-5 տարի պահեն՝ դրանից հետո ի՞նչ է լինելու: Ռադիացիոն անվտանգության հետ կապված, հասկանում եք,  ունենք ատոմակայան, վտանգավոր այլ օբյեկտներ, հիմա ո՞ւմ եք տալիս դրանք:
 
Արամ Սարգսյանը ենթադրում է, որ վաճառում են, որպեսզի չնչին գումար ստանան, որն ըստ նրա՝ բյուջեի դեֆիցիտի 1/3–րդն էլ չի կազմում:
 
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ կարծում է, որ պետության կարգավորման դերը կարևոր է` հաշվի առնելով առողջապահական ոլորտի մտահոգիչ տվյալները: 
 
Պրոֆեսոր Վահան Համազասպյանն էլ ոչ թե քննադատաբար է վերաբերվում խնդրին, այլ՝ կասկածով.
 
- Ովքե՞ր են  այդ օբյեկտների գնորդները, պարզվում է՝ թալանը շարունակում են նոր ձևով: Հաջորդ հարցն է՝ իշխանությունները ոչինչ չունեն ասելու և ձեռքերը փրփուրին են ուղղում, որ բյուջետային ճեղքերը ծածկեն, բայց, ի վերջո, արագ կվերջանա այդ գումարը, իսկ արդյունքում չկա ճգնժամից դուրս գալու ծրագիր:
 
Բանախոսները հիշեցրին մի քանի երկրների` Չինաստանի, Սինգապուրի անցած ճանապարհը, երբ նրանք նեոլիբերալիստական քաղաքականություն չորդեգրեցին, պահպանեցին իրենց տնտեսությունն ու այսօր մեծ տեմպերով զարգանում են: