Բավակա'ն է՝ Արցախի կրակին օտար շահեր տաքացվեն

ԾԵԾՎԱԾ ՈՒ ՀԵՐԹԱՊԱՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Քաթարի մեկուսացման, Սիրիայի  խնդրից հետո    միջազգային հանրության համար Արցախյան խնդիրը, թերևս, երրորդն է՝ իր կարևորությամբ: Խնդրի կարգավորման մասին տարատեսակ հայտարարությունները  հնչում են գրեթե ամեն օր: 
«Խնդիրը պետք է կարգավորվի բանակցություններով»՝ հերթական ծեծված խոսքն է ասել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.
- Տարբեր ձևաչափեր ստացած բանակցային երկարատև գործընթացի ընթացքում շատ անգամ մոտ են եղել պայմանավորվածությունների՝ անգամ տարածության վրա մեկնած ձեռքերով, բայց հետո, կամ մի կողմից, կամ մյուս, աշխատել է անվստահության ինչ-որ բնազդ: Սակայն աշխատանքը պետք է շարունակել: Մենք հետագայում էլ այդ եռյակի (նկատի ունի Մինսկի խումբը-խմբ.) շրջանակում կշարունակենք մտածել՝ ինչպես հաղթահարել մանր, բայց շատ լուրջ դետալներ, որոնք դեռ համաձայնեցված չեն: 
 
Մոսկվայի ակտիվությունը հասկանալի է: Այս  լարված իրավիճակում, երբ Սիրիայի խնդրի հանգուցալուծումը չի երևում, Ռուսաստանը չի ցանկանում ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել: Մեր դաշնակիցը լավ հասկանում է՝ Հայաստանի անվտանգության երաշխավորն ինքն է և իր կամքից անկախ ներքաշվելու է պատերազմական գործողությունների մեջ: Բացի այդ՝ Կրեմլն իր ակտիվությամբ հասկացնում է, որ Մինսկի խմբում գլխավոր խաղացողի դերը չի ցանկանում կորցնել:  
 
Թե ինչ դետալների մասին է խոսքը՝ ԱԳ նախարարը  չի մանրամասնել,  բայց  երեկ  այսպիսի տեղեկություն հրապարակվեց. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի նախաձեռնությամբ մոնիթորինգային զորավարժություններ պետք է անցկացվեն, որոնք մանրակրկիտ կերպով նախապատրաստվում են և պետք  է համաձայնեցվեն կողմերի հետ: Տպավորությունն է, որ ԵԱՀԿ-ն անում է ամեն ինչ՝ սահմանում իրավիճակը կայուն պահելու և նոր  բռնկում  թույլ չտալու համար:
 
Իսկ այս ամենին ինչպե՞ս են վերաբերվում Արցախում: Պարզվում է՝ այնտեղ առանձնապես ոգևորված չեն այս հայտարարություններով: Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ հստակ ասել է.
 
- Արցախցիների համար անընդունելի են և՛ կազանյան, և՛  մադրիդյան փաստաթղթերը:
 
Վարչապետի համոզմամբ՝ այդ փաստաթղթերում Արցախի անվտանգության ապահովումը վստահություն չի ներշնչում: Միջազգային խաղաղապահները ևս  չեն կարող ապահովել Արցախի խաղաղությունը, քանի որ արդեն դրանց զորությունն էլ ենք տեսել: 
 
Ըստ էության, Արցախը, առանց որի կարծիքը հաշվի առնելու հայկական կողմը չի կարող որևէ քայլ անել, բացորոշ ասում է՝ հայ զինվորից լավ ոչ ոք չի կարող պահել սահմանը: Մի հանգամանք, որի մասին հրապարակավ արտահայտվեց Արցախի ՊԲ  ղեկավար Լևոն Մնացականյանը: Ավելին, նա անգամ պնդեց, որ հայկական կողմը առավելություն ունի և թելադրողի դիրքում է: 
 
Միջազգային ասպարեզում ևս կարծես թե թուլանում են Ադրբեջանի դիրքերը: Ղրիմի հակամարտության շնորհիվ  մեկը մյուսի ետևից դիմազրկվեցին Ադրբեջանի խավիարասեր պաշտոնյաները: Այսօր էլ պարզ դարձավ, որ հայկական կողմի պահանջով Ադրբեջանը զրկվել է ձայնի իրավունքից: Սրանից զատ՝ հայկական կողմն  էլ վերջապես և արդարացիորեն սկսել է Ադրբեջանի  «օկուպացված տարածքներ» անհեթեթությունը նրա դեմ օգտագործել՝ աշխարհին հիշեցնելով, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի Շահումյանը, Նախիջևանը, Գետաշենը: 
 
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք, ըստ Արայիկ Հարությունյանի, չկան. կա ընդամենը հանդիպում: Եվ, իրոք, ի՞նչ բանակցություններ, եթե 25  տարվա ընթացքում Ադրբեջանը, բացի դանդաղ պատերազմից ու ռազմական սադրանքներից, այլ բան չի արել: Միգուցե բանակցությունները որպես հարցի լուծում մատնանշողները դրանք կարողանում են իրենց օգտին ծառայեցնել՝ իրենց շահից այն կողմ ոչինչ չտեսնելով: 
 
Մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է՝ հաշվի նստել թեկուզ դե-յուրե չճանաչված, բայց ինքնահաստատված Արցախ պետության գոյության հետ և հասկանալ, որ առանց նրա գերտերությունները ոչ մի որոշում չեն կարող կայացնել: