Հարսանեկան ադաթով՝ քաղաքապետարան

ԵՐԲ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԷ ԱՆԳԱՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻՆ

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր  խոստումը կատարեց: Դեռ ավագանու ընտրություններից առաջ էր խոստանում քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել: Ընտրությունների օրը դստեր հետ «ներխուժեց» ՀՀԿ շտաբ, հայտարարեց, թե ընտրակաշառք են բաժանում, իսկ հետո հայտարարեց, որ դժոխքի է վերածելու  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը:
Ու ահա այսօր՝ քաղաքապետարանի  ավագանու առաջին նիստին, դժոխքի սեզոնը հայտարարվեց  բացված:  Նախ, «Երկիր Ծիրանի» խմբակցությունն իր առաջին նիստն անցկացրեց ոչ թե քաղաքապետարանի շենքի ներսում, այլ՝ դրսում:
Այս մասին «Երկիր Ծիրանի»-ն դեռ երեկ էր տեղեկացրել:
 
Տիկին Փոստանջյանի  կուսակիցները եկել էին ՀՀԿ փուչիկներով, Տարոն Մարգարյանի  ու Սերժ Սարգսյանի դիմանկարներով ափսեներով: «Երևանի քաղաքապետարանի գրավման առաջին օր»՝ այսպես էր վերնագրել իր կոչը Զարուհի Փոստանջյանը: ԵԾ-ի ղեկավարը հայտարարեց՝  չեն մասնակցելու  ավագանու նիստին, քանի որ անդրանիկ նիստի օրակարգում ներառված է Տարոն Մարգարյանի երդման արարողությանը վերաբերող հարցեր:
 
Եվ ահա ամենահետաքրքրիրը: Զարուհի Փոստանջյանն ու կուսակիցները պայթեցրին «ՀՀԿ» մակագրությամբ կարմիր փուչիկները, որոնք խորհրդանշում են քաղաքապետարանի «գրավումը», ապա Տարոն Մարգարյանի և Սերժ Սարգսյանի դիմանկարներով ափսեներ դրեցին քաղաքապետարանի մուտքի դռների դիմաց և ոտքով կոտրեցին: Այդ արարողությունից հետո միայն ավագանու անդամները մուտք գործեցին քաղաքապետարանի շենք:  
 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անարձագանք չթողեց Զարուհի Փոստաջյանի այս ինքնատիպ մուտքը.
 
- Ավելի արդյունավետ կլինի, եթե ավագանու անդամները մասնակցեն ավագանու նիստերին և իրենց առաջարկություններով հանդես գան: Ինքն առաջին հերթին պետք է հարգեր ավագանու ինստիտուտն ու ներկա գտնվեր,- ասել է նա:
 
Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն հավաստիացրել է, որ  ԵԾ-ի ավագանու անդամները օգտագործելու են իրենց բոլոր լիազորությունները, մասնակցելու են նիստերին, հանդիպելու են բնակիչների հետ: 
 
Տեսնենք՝ Երևանի ավագանու նորընտիր անդամներն ինչքանով կկարողանան թեթևացնել երևանցիների  հոգսերը, որոնցից մեկին, ի դեպ, այսօր բախվել է «Ելք» դաշինքի ավագանու անդամ,  տեղաշարժվելու խնդիր ունեցող Զարուհի Բաթոյանը: Վերջինս  ավագանու նիստին մասնակցելու համար Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճ  է բարձրացել գործընկերների օգնությամբ, թեև Երևանի քաղաքապետարանը նրան սայլակ  էր տրամադրել: 
 
- Պետք է ապահովել բոլորի հավասար ու ազատ տեղաշարժվելու խնդիրը,- ասել է «Ելք»-ի անդամը՝ ըստ էության, բարձրաձայնելով թեքահարթակների հարցը: