Համարյա «դեղին» քարտ` Տարոն Մարգարյանին

ՈՏՔԻ ՉԵՆ ԿԱՆԳՆԵԼ

Տարոն ջան, դու մեզ  հիասթափեցնելու իրավունք չունես. հայրական գորովանքով՝ այսպիսի խոսքերով է դիմել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նրա երդմնակալման ժամանակ: Երկարաշունչ ելույթը չմեջբերելու համար ընդամենը  ասենք, որ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետո  Տարոն Մարգարյանին ուղղված  սա երկրորդ «դեղին» քարտն էր: Ակնարկ, որ տարիներ ի վեր հնչող խոսք-խոստումներից գործի անցնելու ժամանակն է:
 
Հետաքրքիրն այն է, որ  Սերժ Սարգսյանն անգամ մատնանշել է  քաղաքի առաջնահերթությունները` տրանսպորտի խնդիր, վերելակային տնտեսության կարգավորում, աղբի վերամշակման գործարան, եվրոպական շնչով քաղաք, բազմաբնակարան ֆոնդ... 
 
Նախագահի մյուս ակնարկն ու ենթատեքստային դիտողությունն այն է, որ այլևս չեն կարող աչք փակել քաղաքի խնդիրների վրա միայն այն պատճառով, որ նա ժողովրդի սերը նաև հետմահու վայելող նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է: Ավելին` երկրի ղեկավարը նաև քաղաքապետին հասկացրեց, որ վատ աշխատելու դեպքում հաջորդ ընտրություններում հազիվ թե կարողա անհրաժեշտ թվով ձայներ հավաքել.
 
- Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը:
 
* * *
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցում էին «ԵԼՔ» խմբակցության անդամները , սակայն Սերժ Սարգսյանի դահլիճ մտնելիս ոտքի չեն կանգնել: Մինչդեռ մայրաքաղաքիս ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն անդամներին թույլ չեն տվել մուտք գործել քաղաքապետարանի շենք:
 
* * *
Մինչ  քաղաքապետարանում երդման արարողություն էր,  Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց և պահանջում իրենց բնակարանների փոխհատուցում: 
 
Իսկ ինչպե՞ս է աշխատել Տարոն Մարգարյանը: Ի պատասխան «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն ասում է.
 
- Տարոն Մարգարյանի բարձրացրած մոտ 250 հարցերի 30 տոկոսն է լուծում ստացել: