Հայաստանը՝ միջնորդ ՆԱՏՕ-ի և Իրանի միջև

ԿԱՆԽԵԼ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ

Աշխարհն ու աշխարհաքաղաքական հարաբերությունները փոխվում են  ավելի արագ, քան մենք պատկերացնում ենք: Թուրքիայի նախագահի  փառասիրական ու կործանարար պահվածքը մեր տարածաշրջանով  հետաքրքրվողներին ստիպում է կամաց-կամաց այլ գոտիներ փնտրել՝ իրենց  դիրքերն ամրապնդելու համար: Հավանաբար, Հայաստան-Իրան հարաբերություններն այս համատեքստում է քննարկվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ այս հարցը, համաձայնեք՝ փոքր-ինչ զարմանալի, միաժամանակ հետաքրքրություն առաջացնող է:

Հազիվ  թե հայկական կողմը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆԱՏՕ-ի ներկայացուցչի  հետ քննարկած լինի Հայաստան-Իրան հարաբերությունները, որոնք առաջին հայացքից աղերսներ չունեն  Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Ու քանի որ պաշտոնական հաղորդագրությունն աղքատիկ է, փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված  կուլիսներում:

Կարո՞ղ էր նախագահական նստավայրն իր պաշտոնական հաղորդագրությունում Իրանի մասին քննարկումը չներառել: Հարկա՛վ: Բայց  Երևանը Թեհրանին հասկացնում է, որ ՆԱՏՕ-ն հետաքրրքված նրանով, հետևաբար մենք էլ այս հարցում դառնում ենք միջնորդ:

Հայաստանի միջնորդի դերը նորություն չէ՝ հայոց պատմության քաջատեղյակների համար: Երբ դեռ աշխարհի քարտեզն այսքան  խայտաբղետ չէր, Հայաստանի միջոցով բազմաթիվ  բանակցություններ ու հակամարտություններ են օրակարգ բերվել: Այլ հարց է, թե ինչպես ենք կարողացել այդ ամենից օգտվել:

Հավանական է, որ Հայաստան-Իրան հարաբերություններով  հետաքրքրվելը ՆԱՏՕ-ի կողմից պայմանավորված է  Թեհրանում օրերս տեղի ունեցած ահաբեկչությամբ (որի պատասխանատվությունը ստանձնեց ԻԼԻՊ-ը) և Կատարի մեկուսացմամբ: Միգուցե ՆԱՏՕ-ն Հայաստանի միջոցով Իրանին համագործակցության որոշակի ազդակներ է ուղարկում: Պատահական չէ, երբ  ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն օրեր առաջ Հայաստանում խոսում էր ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության մասին ու բաց  տեքստով ասում, թե իրենց համար այդ կառույցներին մեր անդամակցելը մտահոգիչ չէ.

- Մենք հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և շարունակելու ենք Հայաստանի հետ  համագործակցությունը բոլոր ուղղություններով, որտեղ ողջամիտ կլինի: Հայաստանը մեր վստահելի գործընկերն է:

Վստահելի գործընկեր Կովկասում ՆԱՏՕ-ն ունի՝ հանձին Վրաստանի, որտեղ աստիճանաբար ռազմական այս կառույցը հաստատվում է:  Բացի այդ՝ մոտ ապագայում բացառված չէ նաև Իրան-Հայաստան-Վրաստան  տնտեսական առանցքի ձևավորումը, որը ևս տարածաշրջանում որոշակի զսպիչ դեր կարող է ունենալ:

Մի կարևոր հանգամանք ևս. ռուս-թուրքական  կայունացող հարաբերություններն էլ չեն կարող վրիպել Հյուսիսատլանտյան դաշինքի ուշադրությունից: Իրանը ևս  չի կարող այդ ամենին անտարբեր նայել, թեև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ պահպանում է:  Հետևաբար, Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ն կարող է Իրանի հետ  համագործակցել թեկուզ ռուս-թուրք-ադրբեջանական մերձեցումը կանխելու և տարածաշրջանում հավասարակշռություն պահելու համար: 

Զարգացումները ցույց կտան, թե  ենթադրությունները որքանով են ճիշտ: Բայց այս բարդ ու արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանն առավելագույն ճկունություն պետք է ցուցաբերի ու հնարավորինս շատ դիվիդենտներ քաղի: