Իսկ ովքե՞ր են դատավորները

ԵՎՐՈՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

 
Արցախի հիմնախնդիրը  դարձյալ քննարկումների սեղանին  է, և  տարաբնույթ հայտարարությունները շարունակվում են: Խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ չկա, բայց հնչող կարծիքներում փոխվել են շեշտադրումները: 
Մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է.
 
- Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի:
 
Տիկնոջ հայտարարության երկրորդ մասն, իրոք, հետաքրքիր է: ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակը խոսում է Արցախի խնդիրը փոխզիջման մակարդակով լուծելու մասին, որին հաջորդում է մտահոգությունը՝ Արցախում բնակվող մարդկանց ապագայի հանդեպ: 
 
Մ. Զախարովան չի հստակեցրել, թե ինչ ասել է ամեն գնով փոխզիջում, քանզի փոխզիջումը բանակցություններում «տարածք կարգավիճակի դիմաց»-ն է: Իսկ Բաքվին առաջնորդողը «խաղաղություն՝ տարածքների դիմաց»  կարգախոսն է: 
 
Երկու տարբերակն էլ  հայկական կողմի համար անընդունելի է: Փաստն այն է, որ հակամարտող կողմերը հիմա միմյանց վրա դիվանագիտական և հրապարակային «կրակոցներ» են ուղղում: Արի ու տես, որ այդ «կրակոցներին» համամիտ է Բելառուսի Բատյան՝ նույն ինքը՝ նախագահ Լուկաշենկոն: Վերջինս, լինելով ՀԱՊԿ-ի անդամ,   հանրահայտ է որպես ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի ջերմ պաշտպան ու աջակից: Նա սովորաբար ոչ միայն առիթը բաց չի թողնում, այլ հաճախ ինքն է առիթ ստեղծում՝ քիթը խոթելու իր երկրին չվերաբերող հակամարտություններում: Հիմա հերթը Արցախինն է.
 
- Ցանկալի է, որ մեր խնդիրներն ինքներս լուծենք սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում, որպեսզի այլ երկրների, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը չլինի: Մենք առավել ևս կարող ենք լուծել այդ խնդիրները Ղարաբաղում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Սրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք առանց արտաքին միջամտության:
 
Ի՞նչ կապ ունի Բատկան Արցախի հետ: Կամ ինչպես նման դեպքերում են ասում՝ ովքե՞ր են դատավորները:  Ոչ ոք, եթե հաշվի չառնենք Բելառուսի՝ Բաքվին զենք վաճառելն ու «իր ասեղով նրա թելը թելելը»:
 
Իսկ Հայաստանի հետ նրա մեն-միակ աղերսն ընդամենը առևտրական  կապն է՝ «Արբե» հայ- բելառուսական խանութով: Իսկ թե հայ սպառողի համար որքանով են ընդունելի բելառուսական  ապրանքներ՝ դժվար չէ պարզել: Ապրանքներ, որոնք բոյկոտելու պահանջներ հնչեցին բլոգեր Լապշինի արտահանձնումից հետո: Այնպես որ, բռնապետ Բատյան ավելի է լավ  է իր երկրի ժողովրդավարության ու  խոսքի ազատության  մասին մտածի, քան թանի ճանճի պես չլմփա իրեն չհյուրասիրած թանի մեջ:
 
Առավելևս, որ ինչպես ինքն է մի առիթով ասել՝ ինչո՞ւ վատամարդ լինի բոլոր պետությունների հետ, եթե իր կարծիքը չեն հարցնում:
 
Իսկ Տիկին Զախարովան ու ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունները լավ կանեն եվրոստանդարտների երկակիության համար ամաչեն: Թե չէ անհասկանալի է՝ Կոսովոյի անկախությունը ճանաչում են, իսկ 25 տարի իր կայացման ու ինքնահաստատման ճանապարհը քոչվորական կրակահերթերի ուղեկցությամբ անցած Արցախինը՝ ոչ: