Գողական... փողոցում չեք... Լարված մթնոլորտ` քաղաքապետարանում

ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, իրոք, իր խոսքի տերն է՝ «դժոխքի» է վերածում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը: 
Նախ՝ Փոստանջյանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց խոսափողները չեն աշխատում, ապա հարցրեց, թե ինչո՞ւ։ Ի պատասխան՝ Տարոն Մարգարյանը բառախաղ արեց՝ «որովհետը չեն աշխատում»։ 
 
- Հակասահմանադրական քայլ եք դուք կատարում, գողական,- «Երկիր Ծիրանիի»  տիրուհին այսօր այսպիսի խոսքեր նետեց քաղաքապետի հասցեին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում: 
 
Մթնոլորտն է՛լ ավելի լարվեց ընդմիջումից հետո, երբ քննարկվում էր քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատավարձերի չափը:
 
«Երկիր Ծիրանի» խմբակցության քարտուղար Մարինա Խաչատրյանը վարման կարգ խնդրեց ու փորձեց հարցեր ուղղել Տարոն Մարգարյանին, իսկ նա ասաց, որ պետք է անջատել «այդ աղջկա բարձրախոսը»:
 
Մարինա Խաչատրյանը շարունակեց խոսել, Տարոն Մարգարյանն էլ փորձում էր նրան ընդհատել:
 
- Ձեր ձայնն իջեցրեք,- Տարոն Մարգարյանին դիմեց Զարուհի Փոստանջյանը:
 
Տ. Մարգարյանը շարունակեց նիստը՝ ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրելով փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Ի դեպ, վերջինիս վերանշանակման առիթով տարակուսանք հնչեց, սակայն քաղաքապետն անդրդվելի էր:
 
Տիկին Փոստանջյանն ի վերջո հունից հանեց ավագանու ՀՀԿ-ական կանանց, ովքեր նրան հորդորում էին կոռեկտ արտահայտվել՝ նշելով, որ հայ կնոջը ոչ հարիր խոսելաձև է:
 
- Փողոցում չենք գտնվում, հարգեք ներկաներին՝ եթե ձեզ էլ չեք հարգում... ա˜յ քեզ բառապաշար,- Փոստանջյանին դիմեց Հասմիկ Սարգսյանը:
 
Ավագանու նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ԵԾ-ի անդամները եկել են միայն  իրենց առաջարկություններին ցեխ նետելու՝ չեն հանդուրժելու, բայց եթե փորձելու են առաջարկություններով հանդես գա՝ պատրաստ են քննարկել:
 
«Քաղաքապետը զգա՞ց դժոխքի շունչը» հարցին այսպես պատասխանեց Տ. Մարգարյանը.
 
- Ուզում եք ասեմ, որ ձեռքբերում ունե՞նք: Իրենք պետք է ուրախ լինեն, որ մասնակցում են և մասնակից են դառնում քաղաքային տնտեսության կառավարմանը: Ինչ վերաբերում է դժոխքի հարցին, ինքներդ էլ տեսաք, որ հաճելի նիստ էր, շատ դեպքերում մեր գործընկերներին ավելի մանրամասն ներկայացնում ենք քաղաքային տնտեսության կառավարումն ու այլ հարցեր:
 
Ի դեպ. Երևանի քաղաքագլուխը  լուրջ չի վերաբերվում Զարուհի Փոստանջյանի` իրեն դատի տալու մասին հայտարարությանը: