Հեղաշրջման փորձ Հայաստանում՝ սպանություններով

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՎԱՏԱՑԵԼ Է

Դատական այսօրվա նիստը, ի տարբերություն, նախորդների, բավական երկար է տևել և դարձյալ ընթացել է միջադեպերով: Մեղադրյալ Վահան Շիրխանյանի  ինքնազգացողությունն է վատացել, որի պատճառով դատարան շտապօգնություն են կանչել: Տեղեկացնենք, որ երկար պայքարից հետո է միայն Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանին հաջողվել՝ դատարանից պահանջել, որ սայլակ տրամադրվի Վահան Շիրխանյանին, քանի որ նա ի վիճակի չէ հասնել դատարան: 
Մինչ միջնորդություն ներկայացնելը, Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ, դատավորին ինքնաբացարկ հայտնելուց առաջ, իր պաշտպանյալը ցանկանում է որոշ տվյալներ ճշտել:
 
Եվ Շիրխանյանը դատավորին հարցրեց. 
 
- Դուք դաշնակցակա՞ն եք: 
 
Ի պատասխան՝ Բեկթաշյանն ասաց՝ ոչ: 
 
Շիրխանյանը հարցը հստակեցրեց՝ որևէ կապ ունի՞ դատավորը դաշնակցության հետ, կուսակցության անդամ եղե՞լ է, դաշնակցական ջոկատի կազմում մասնակցե՞լ է Արցախի ազատագրմանը: Դատավորը բացասաբար պատասխանեց։
 
Հայկ Ալումյանը պարզաբանեց՝ հայտնի «31-ի գործով» դաշնակցականների ցուցակում Վահան Շիրխանյանը 22-րդն էր: Դատավորն էլ ասաց, որ կուսակցական չէ, իսկ Արցախի ազատագրմանը մասնակցել է առաջին վաշտի կազմում, որի հրամանատարը եղել է Բեկորը:
 
Վահան Շիրխանյանի ճշտումից հետո Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, որը մերժվեց:
 
* * *
«Սասնա ծռերի» և ՊՊԾ գնդի դատավարությունից բացի՝  ուշի ուշով հանրությունը հետևում է նաև 2015թ. ԱԱԾ-ի վնասազերծած զինված խմբի գործունեությանը, որի ղեկավարն է Արթուր Վարդանյանը: Բնականաբար, հիմնական հետաքրքրող հարցն այն է, թե իրականում ով է կանգնած այս ամենի ետևում: Արդյո՞ք ճիշտ են  այն տեղեկությունները, թե իշխանական ինչ-ինչ շրջանակներ են իրական պատվիրատուները: 
 
Այսօր հերթական դատական նիստի  ժամանակ Պաշտպանության նախկին փոխնախարար, ամբաստանյալ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ընթերցեց գործով ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի և Հայր Անտոն  Թոթոնջյանի նախաքննական ցուցմունքներից մի հատված: Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը  (ըստ տեղեկությունների՝ Արթուր Վարդանյանից հետո նա զինված խմբի գործողությունները համակարգողն է-խմբ. ) իր ցուցմունքում ասել է, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում հեղաշրջումը պատկերացրել է միայն սպանությունների միջոցով.
 
- Արթուրն ասաց, որ Հայաստանում հեղաշրջումը պատկերացնում է ընդհուպ սպանությունների միջոցով: Արթուր Վարդանյանն իր  ցուցմունքում ասել է, թե զենքի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն չունի: Ցուցմունքում Արթուրը չի մանրամասնել, թե ինչ եղանակով է պատրաստվում հասնել հեղաշրջման, որ չի իմացել, անհրաժեշտ է եղել կողմնորոշվել և անցնել կոնկրետ գործողությունների: Սակայն հայր Անտոնն ասել է, թե Արթուր Վարդանյանը հարձակում է ծրագրել Ազգային ժողովի վրա: Արթուր Վարդանյանը նաև խոսել է այն մասին, որ ԱԺ-ի նիստերի ժամանակ ամենաքիչ թիկնապահներն այնտեղ են, և հարձակումը պետք է այդ ժամանակ կատարել:
 
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝  Հայր Անտոն Թոթոնջյանը   զինված խմբի վնասազերծումից  և ձերբակալվելուց հետո իրավապահներին տվել է իրական պատվիրատուների անունները, որոնց շարքում կան ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրավապահներն անակնկալի են եկել: Ավելին՝ անգամ ասում են, որ դրա պատճառով է նախաքննությունը մոտ մեկ տարի երկարել: 
 
Հիշեցնենք զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին առաջադրված մեղադրանքը:
 
Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում յուրացնել իշխանությունը: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
 
Հայր Անտոն Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից  ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
 
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածով:
 
Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր: