Իսկ Վրաստանը նույն կերպ կվարվե՞ր

ԱՐԺԵ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼ

Հայաստանի հանդեպ Վրաստանի «ջերմ բարեկամական զգացմունքների» ամենաթարմ ապացույցն ի ցույց դրվեց ԵԽԽՎ-ում: Այս տարի հունվարին  վրացական պատվիրակությունը կողմ է քվեարկել Ռ. Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևին:
 
Պարզվում է՝ Հայաստանի պատկան կառույցներն անհրաժեշտության դեպքում լավ էլ միջամտում են մասնավոր ընկերությունների աշխատանքին: Պետական օղակների լալահառաչ այն արդարացումները, թե պետությունն իրավունք չունի միջամտել մասնավոր ոլորտի գործունեությանը, արի ու տես, որ այնքան էլ այդպես չէ: 
 
Այսպիսի կարծիք կարելի է կազմել Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունից, որն արտատպել է նաև ռուսական լրատվամիջոցներից մեկը: Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում ու Վրաստանում ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունը Երևանի կենտրոնում փակցրել է Վրաստանի քարտեզը՝ առանց Աբխազիայի ու Հրվ. Օսեթիայի: Վրաստանի ԱԳՆ-ն դետեկտիվի  մանրազնին ուսումնասիրությամբ նկատել է այն և իր դժգոհությունը հայտնել մեր ԱԳՆ-ին: Եվ ահա ամենահետաքրքրականը: Թվում է՝ արտաքին քաղաքականության պատասխանատուն կարող էր պարզապես ասել, որ կառավարությունը մասնավոր ընկերությունների գործունեությանը չի միջամտում, բայց... շա˜տ հարևանասեր է մեր արտգործգերատեսչությունը: Պաստառը արագ հանվել է, որի մասին  հպարտ  ազդարարել է Թբիլիսին: 
 
Տեղի ունեցածը կարելի է այլ տեսանկյունից էլ  դիտարկել: Փաստորեն հայոց կառավարությունը  ցանկացած պահի համապատասխան հիմնավորումներով կարող է միջամտել ցանկացած մասնավոր ընկերության աշխատանքին, եթե նրա պատճառով, օրինակ, խնդիրներ կարող են ծագել երկու երկրների դիվանագիտական կառույցների միջև, եթե ոտնահարվի այլ երկրի՝ տվյալ դեպքում Վրաստանի շահը: 
Իսկ  եթե նման քայլ աներ վրացական մի ընկերություն՝ փակցներ Հայաստանի քարտեզն՝ առանց Արցախի, Վրաստանում ՀՀ դեսպանությունը կդիմե՞ր Վրաստանի ԱԳՆ: 
 
Հարցը պատահական չենք հնչեցնում, քանի որ  արդեն քանի տարի է՝ Վրաստան գործուղված մեր դեսպանների անգործությանն ենք ականատես լինում, որից նույնիսկ դժգոհում են ջավախահայերը: Բայց եթե անգամ Հայաստան դեսպանությունը դիմեր, արդյո՞ք Վրաստանի ԱԳՆ-ն, ՀՀ ԱԳՆ-ի պես արագ ու օպերատիվ կարձագանքեր: Հաշվի կառնե՞ր երկու երկրների, ինչպես վրացիներն են հաճախ ասում՝ բարեկամական ու դարավոր կապերը, թե՞ Ադրբեջանի մուղամը «կքոքեր»՝ տարածքային ամբողջականության մասին: Դրան, ի դեպ, տարբեր տարիներին ականատես ենք եղել: 
 
Անգամ ապրիլյան պատերազմին Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցից հետո ադրբեջանական ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, թե զրույցի ընթացքում պաշտպանության նախարար Խիդաշելին նշել է, որ «Վրաստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Զարմանալի է, բայց այդ օրերին իբր չեզոքություն որդեգրած Թբիլիսին որևէ  կերպ չարձագանքեց Բաքվի այս հայտարարությանը, թեև վրացական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որևէ տեղեկություն չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարելու մասին: 
 
Իսկ ամենաթարմ դեպքն այս տարի ԵԽԽՎ-ում էր: Հունվարին վրացական պատվիրակությունը կողմ է քվեարկել Ռ. Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևին: